21:25  ,  5 հուլիսի, 2016

«Սանտա Կոլոմայի» մարզիչ. Ունեցանք գոլային պահեր, սակայն բարդ է, երբ խաղում ես 14-ի դեմ

Ֆուտբոլի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը «Ալաշկերտի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից հետո տեղի ունեցած ասուլիսում դժգոհել է մրցավարությունից:

«Մեզ անարգեցին խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ, ինչը եղավ նաեւ խաղի ժամանակ: Դժբախտաբար մրցավարի որոշումները շատ անհաջող էին: Երկրորդ գոլի դրվագում մրցավարը պարզապես ծիծաղեց մեր վրա: Հույս ունեմ, որ ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի բոլոր դրվագները եւ կկայացնի արդար որոշումներ: Երբ նախախաղային ասուլիսում մարզիչն ասում է, որ պետք է «ճզմել» մրցակցին, դա լավ չէ: Մենք եւս ունեցանք գոլային պահեր եւ մեկ անգամ հարվածեցինք դարպասաձողին, իսկ 1:1 հաշիվը մեզ դուրս կբերեր հաջորդ փուլ: Մեր խփած մեկ գոլը կարող էր որոշիչ լինել: Ունեցանք գոլային պահեր, սական բարդ է, երբ խաղում ես 14 մարդու դեմ: Եթե հիշեմ մեր բոլոր գոլային պահերը, դա կավարտեմ վաղը: Դա սովորական չէ, երբ տեսնում ես, որ չորրորդ մրցավարը խոսում է դաշտի տերերի լեզվով: Նկատի ունեմ, որ մրցավարը զրուցում էր մրցակցի խաղացողների հետ եւ պարզապես ծաղրում էր մեր ֆուտբոլիստներին խաղադաշտում:

Սա ֆուտբոլ է եւ բախումները նորմալ են: Մենք խաղացինք մի թիմի դեմ, որի մարզիչը մեկ օր առաջ ասել էր, որ պետք է «ճզմեն» մեզ: Ես նախօրեին ասացի, որ «Ալաշկերտը» շատ ուժեղ թիմ է եւ ցուցադրում է կազմակերպված ու տակտիկապես գրագետ ֆուտբոլ: Սակայն ես չէի ասել, որ պետք է ճզմել մրցակցին: Ես չեմ տեսել, թե մեր՝ երկրորդ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստն ինչ էր արել: Երբեք պետք չէ արդարացնել խաղացողի ոչ մարզական վարքը: Եթե հարկ լինի, մեր ակումբը կպատժի խաղացողին:

Բնականաբար, մենք այս խաղով կարող էինք հաղթել «Ալաշկերտին»: Մենք ցուցադրեցինք լավ ֆուտբոլ եւ ունեցանք հնարավորություններ: Մեր առաջնությունում մենք կրել ենք ընդամենը մեկ պարտություն, իսկ պրոֆեսիոնալ թիմերի դեմ խաղերում բարդ է: Մինչեւ երկրորդ գոլը շանսեր ունեինք, իսկ խաղը հավասար էր: «Ալաշկերտին» հաջողություն եմ մաղթում հաջորդ փուլում»,- ասաց Ռիչարդ Իմբերնոնը:

Հիշեցնենք, որ Անդորրայում անցկացված առաջին խաղում թիմերը գոլ չէին խփել, իսկ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած մրցավեճում «Ալաշկերտը» հաղթեց 3:0 հաշվով եւ դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ:  Հայաստանի նորընծա չեմպիոնի հաջորդ մրցակիցն է Թբիլիսիի «Դինամոն», որի դեմ առաջին խաղը կկայանա հուլիսի 12-ին Վրաստանում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով