15:50  ,  2 հուլիսի, 2016

«Բորուսիան» հաստատեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է գերմանական ակումբի կայքը:

«Հիմնվելով ստեղծված իրավիճակի վրա՝ այս տրանսֆերը չափազանց բարդ էր մեզ համար: «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը շատ շահավետ էր: Եթե մերժեինք առաջարկը, 2017-ի ամռանը ֆուտբոլիստը թիմից կհեռանար ազատ գործակալի կարգավիճակով, եւ մենք միայն մեկ տարով կհետաձգեինք այդ տեղափոխությունը»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

«Բորուսիան» ակումբի կայքում Հենրիխ Մխիթարյանին հաջողություն է մաղթել Անգլիայի Պրեմյեր լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Նա կդառնա Անգլիայի Պրեմյեր լիգայում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ 27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում:

Ավելի վաղ բրիտանական լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբի հետ նա կնքելու է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երրորդ տրանսֆերն անգլիական ակումբում: Ավելի վաղ Անգլիայի 20-ակի չեմպիոնին միացել էին ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու իսպանական «Վիլյառեալի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով