21:17  +04,  20 հունիսի, 2016

Հայաստանի երկու առաջատար մարմնամարզիկների կարիերան վտանգված է (ֆոտո)

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանի եւ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանի հետագա մարզական կարիերան վտանգված է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Պարոն Սերոբյան, ի՞նչ խնդիր կա երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանի հետ կապված:

Շվեյցարիայում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում Արթուր Ավետիսյանը նվաճել է արծաթե մեդալ: Մարմնամարզիկը շուտով զորակոչվելու է զինծառայության: Եվրոպայի առաջնության երկրորդ տեղը մարզիկին թույլ է տալիս, որ զորակոչվելիս ծառայությունն անցնի սպորտային բազայում. Եվրոպայի մինչեւ 6-րդ տեղ զբաղեցրածներն իրավունք ունեն զինծառայությունն անցնել սպորտային վաշտում:

Արթուր Ավետիսյանի արդյունքը Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունք է: Մարմնամարզությունում երիտասարդների համար կա միայն Եվրոպայի առաջնություն: Մենք չունենք երիտասարդների աշխարհի առաջնություն, ինչպես նաեւ չունենք պատանիների Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն: Ես մտավախություն ունեմ, որ գուցե Արթուր Ավետիսյանի արդյունքը չդիտվի որպես Եվրոպայի երիտասարների առաջնության արդյունք, քանի որ անմիջապես մրցումներից հետո մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը սխալ ինֆորմացիա տարածեց՝ Արթուր Ավետիսյանի արդյունքը գրանցելով որպես պատանիների Եվրոպայի առաջնության արդյունք: Իրականում վրիպում է եղել, սխալմունք: Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքում եւս գրված է, որ անցկացվել է երիտասարդների Եվրոպայի առաջնություն: Ֆիքսված է նաեւ մեր մարզիկի՝ Արթուր Ավետիսյանի արդյունքը՝ Եվրոպայի փոխչեմպիոն:

Հիմա սպասում ենք Արթուր Ավետիսյանի տարկետմանը, որ տեսնենք ցուցակների մեջ կա՞ նրա անունը, թե՞ ոչ: Սպորտի նախարարությունը մեզ կասի, թե երբ պետք է վերցնենք տարկետումը: Հուսով եմ, վստահ եմ, որ Եվրոպայի 2-րդ տեղը վստահ «ուղեգիր» է դեպի մարզական վաշտ:

Եթե Արթուր Ավետիսյանն դուրս մնա սպորտային բազայից, դա մեզ համար կնշանակի մարզիկի կորուստ ու մեծ կորուստ: Եթե Արթուրը գնաց ծառայության ոչ սպորտային բազայում, ուրեմն վերջ մարմնամարզությանը նրա համար: Նա մեծ ապագա ունեցող մարզիկ է, օղակների վարժության ապագա վարպետ է: Նա հիմա նույնիսկ լիարժեք պատրաստ է պայքարել մեծահասակների մեջ: Ես մի փոքր մտահոգվում եմ: Սպորտի նախարարությունը սպորտային վաշտում ծառայողների ցուցակը տրամադրում է Պաշտպանության նախարարարությանը, որն էլ նախ ուսումնասիրում է՝ լրացրել է արդոք մարզիկը արդյունքը, թե ոչ, հետո նոր հաստատում:  

Ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանի մարզական կարիերայի խոչընդոտը ո՞րն է:

Արթուր Թովմասյանի հետ կապված խնդիրն այլ է՝ լուրջ վնասվածքը: Արթուր Թովմասյանը ծնկների վնասվածք ունի. պոկված է նրա ծնկներից մեկի կապանը: Անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Նա այժմ դադար է վերցրել, չի կարողանում մարզվել, նույնիսկ քայլել կամ աստիճան բարձրանալն է նրա համար խնդիր դարձել:

Արթուր Թովմասյանի վիրահատության համար մեծ գումար է պետք՝ 2,5 միլիոն դրամ: Արթուր Թովմասյանը եւս մեծ ապագա ունեցող մարմնամարզիկ է, նա նույնպես օղակների վարժության ապագա վարպետներից է: Բայց ծնկի վնասվածքը նրան շատ է խանգարում մրցումների ու մարզումների ժամանակ: Եվրոպայի առաջնությունում նա ցավերով մասնակցեց մրցմանը եւ դա էր պատճառը, որ 9-րդ տեղ զբաղեցրեց:

Հիշեցնեմ, որ Արթուրը 8-րդ տեղի հետ հավասար էր գնում, բայց վարժության մաքրության հարց կար, այդ պատճառով 9-րդ տեղում հայտնվեց։ Ցավը թույլ չէր տալիս, որ իր հնարավորությունների չափով մասնակցի: Եթե չլիներ ծնկի խնդիրը, նա վստահ բարձր միավորներ կվաստակեր: Իսկ եթե շարունակի այսպես մարզվել, ուղղակի շարքից դուրս կգա ծունկը եւ Արթուր Թովմասյանը եւս հրաժեշտ կտա մարմնամարզությանը: Վիրահատությունն անցկացվելու է Հայաստանում: Արդեն զննել են նրա ծունկը, վստահեցրել են մեզ, որ ամեն ինչ լավ կլինի վիրահատությունից հետո եւ նա լիարժեք կկարողանա մարզվել: Մեզ միայն խոչընդոտում է վիրահատության գումարի չափը: Հույս ունենք, որ վիրահատությունը պետպատվեր կարվի, քանի որ Արթուր Թովմասյանը եւս մեծ արդյունքներ ունեցող մարզիկ է, համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն է: Հուսամ, որ վիրահատության գումարի գոնե կեսը պետությունը կտրամադրի, քանի որ 2,5 միլիոն դրամը մեծ գումար է, հատկապես նրա ընտանիքի համար. մարզիկն այդքան էլ ապահոված ընտանիքից չէ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով