17:07  ,  20 հունիսի, 2016

Ալբերտ Ազարյան. Հայ մարմնամարզիկների հաջողությունները կարգապահ մարզիչների շնորհիվ է

Հայ մարմնամարզիկների հաջողությունները իմ կարգապահ աշխատողների՝ մարզիչների շնորհիվ է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

Պարոն Ազարյան, Ռիո-2016-ի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Մարմնամարզության Հայաստանի թիմը երեք օլիմպիականով է հանդես գալու: Ի՞նչ տրամադրությամբ եւ ակնկալիքներով եք Ձեր սաներին ճանապարհելու Ռիո:

Շատ ուրախ եմ, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում երկու ուժեղագույն մարմնամարզիկներով ենք հանդես գալու եւ ունենք նաեւ ներկայացուցիչ կանանց մրցապայքարում: Ինձ համար սա մեծ հպարտություն է, որ մեր մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր տեղեր են արդեն գրավում եւ իրենց մասնակցությունը հաստատել են Օլիմպիական խաղերում՝ նվաճելով ուղեգրեր:

Եվ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

Կանխատեսումների մասին նախապես հնարավոր չէ խոսել: Ես միայն կարող եմ նրանց հաջողություն մաղթել Օլիմպիական խաղերում, մնացածի մասին իրենք պետք է գան ու ինձ ասեն, թե ինչպես հանդես եկան, ինչ արեցին եւ ինչ արդյունք գրանցեցին: Ես միայն ուրախ եմ, որ նրանք մասնակցում են Օլիմպիական խաղերին:

Վերջին տարիներին ակնհայտ լավացել են հայ մարմնամարզիկների արդյունքները, 51 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոն ունեցանք: Ի՞նչն էր երկարատեւ անհաջողությունների պատճառը: Ի՞նչ էր պակասում հայ մարմնամարզիկներին նախքան այս:

Իսկապես երկար ժամանակ անցավ մինչ մեր մարզիկները նորից սկսեցին մեզ ուրախացնել իրենց հաջողություններով: Նրանց հաջողությունների շնորհիվ այսօր մարմնամարզությունը կրկին վայելում է բոլորի ուշադրությունը: Հաջողությունը իմ մարզիչների աշխատանքի արդյունքն է՝ ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Նրանք ջանասիրաբար աշխատում են յուրաքանչյուր մրցաշարից առաջ ու նրանց տանջանքն արդյունք է տալիս:

Հայաստանում մարմնամարզությունը զարգանալու կարիք ունի. այսօր մենք ունենք մարմնամարզության ընդամենը երկու դպրոց՝ իմ եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցները: Իսկ նախկինում մեր մարզադպրոցները եղել են մի քանի տասնյակը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ քանդվեց, փլուզվեց: Մարմնամարզությունը ստիպված եղավ վերածնունդ ապրել մեր երկրում: Ու այսքան տարի անց հաջողությունը սկսել է մեզ ժպտալ, դա իմ հավատարիմ աշխատողների՝ մարզիչների շնորհիվ է, նրանց կարգապահության շնորհիվ: Ու ես հավատում եմ, որ հաջողությունը դեռ կշարունակի մեզ ժպտալ: Մոտ ենք հաղթանակներին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով