09:22  ,  30 մայիսի, 2016

Հակոբ Սերոբյան. Մեդալների այս քանակը, իրոք, անսպասելի էր

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Ինձ համար շատ անսպասելի էին այս մեդալները: Այո, մենք պատրաստվում ենք ամեն մրցաշարի լավագույնս ներակայանալ, բայց մեդալների այս քանակը, իրոք, անսպասելի էր: Հաճելի անակնկալ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունում Եվրոպայի չեմպիոն ունենք:

Արթուր Դավթյանը կատարեց իր բարդ ցատկը, որը պատրաստում ենք Օլիմպիական խաղերի համար: Նա շատ լավ կատարեց այն: Կարող եմ ասել, որ նա եւս արժանի էր ոսկե մեդալի: Հարություն Մերդինյանը նույնպես իր բարդ վարժությունը կատարեց, բայց ոչ այնքան լավ: Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նման կերպ ներկայանալու իրավունք չունենք: Աշխատելու եւ հղկելու տեղ կա: Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը ներկայացան իրենց ուժերի առավելագույնով:

Անպայման ցանկանում եմ նշել, որ այս մեդալները թիմային աշխատանքի արդյունք են: Ցանկանում եմ անուն առ անուն նշել՝ Սոս Սարգսյան, Հայկ Նազարյան, Արտյոմ Ավետյան եւ Կարեն Բաղդասարյան: Սա ընկերական մթնոլորտում աշխատելու արդյունքն է: Կարեւորն այն է, որ հավաքականի տղաներն էլ ընկերներ են, այսպես ասած՝ մեկը մյուսով են»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում անցկացվող մրցաշարում Հարություն Մերդինյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նժույգի վարժությունում, Վահագն Դավթյանը արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղն էր գրավել հենացատկում: Արթուր Ավետիսյանն էլ արծաթե մեդալ էր գրավել երիտասարդների մրցաշարի օղակների վարժությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում