18:14  ,  17 մայիսի, 2016

Դմիտրի Պիրոգ. Հայ բռնցքամարտիկները մարտական ոգով մեծ նվաճումների են հասնում Ռուսաստանի թիմում

Հայկական բռնցքամարտն ունի շատ խոր արմատներ եւ հրաշալի դպրոց: Ես հավատում եմ հայ բռնցքամարտիկների հաջողությանը: Միայն մեկ օրինակ բերեմ եւ ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ կարծիք ունեմ հայկական բռնցքամարտի եւ հայ բռնցքամարտիկների մասին. Խորհրդային Միության տարիներին բռնցքամարտի հավաքականի կազմում շատերը հենց Հայաստանից էին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Պիրոգը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոն է դարձել 2010 թ. հուլիսի 31-ին Լաս Վեգասում, ամերիկացի բռնցքամարտիկ Դենիել Ջեյքոբսի հետ մենամարտում: Դմիտրի Պիրոգն այժմ ավարտել է մարզական կարիերան, պրոֆեսինալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ, ունեցել է 20 հաղթանակ, որից 15-ը նոկաուտով:

Դմիտրի, արդեն երկար ժամանակ ավարտել եք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան: Հետեւո՞ւմ եք պրոֆեսիոնալ եւ սիրողական բռնցքամարտի աշխարհի նվաճումներին, ռուս բռնցքամարտիկների հաջողություններին:

Արդեն 6 տարի է անցել, ինչ ես նվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այժմ ավարտել եմ մարզական կարիերաս, բայց չեմ դադարում հետաքրքրվել բռնցքամարտով եւ սպորտով առհասարակ: Փորձում եմ հնարավորինս հետեւել, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Հայաստանում եղե՞լ եք: Հայկական բռնցքամարտի մասին ի՞նչ կարծիք ունեք:

Հայաստանում չեմ եղել, այսինքն՝ չեմ հասցրել լինել: Հայաստանցի շատ ընկերներ ունեմ, ազգությամբ հայ՝ նույնպես: Բայց Հայաստան դեռեւս չեմ հասել: Ամեն տարի որոշում եմ այցելել ձեր երկիր, բայց այդպես էլ չեմ հասնում:

Ես շատ եմ հետեւել հայ բռնցքամարտիկների մենամարտերին, դեռ այն ժամանակից հայկական բռնցքամարտը աչքի է ընկել դիտարժանությամբ: Այժմ այդքան էլ ծանոթ չեմ Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկների հաջողություններին, բայց գիտեմ, որ աշխարհին հայտնի եք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներով. չեմ կարող չնշել Արթուր Աբրահամին: Ինձ դուր է գալիս հայ բռնցքամարտիկների մարտական, կռվելու միշտ պատրաստ ոգին: 

Առջեւում Ռիո-2016-ն է, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ են անում հայ բռնցքամարտիկները օլիմպիական ռինգում:

Իսկ ի՞նչ սպասելիքեր ունեք Ռուսաստանի օլիմպիական հավաքականից: Ի դեպ, Ձեր հավաքականում Ռուսաստանի համար մեծ նվաճումների են հասնում հայ բռնցքամարտիկներ՝ Դավիթ Հայրապետյանը, Միշա Ալոյանը, Արմեն Զաքարյանը:

Հպարտանում եմ մեր հավաքականով, մենք ունենք հրաշալի թիմ, փորձում եմ հետեւել նրանց հաջողություններին, մրցելույթներին: Նրանցից մեծ սպասելիքներ ունեմ Ռիո-2016-ում: Կարծում եմ, մերոնց կհաջողվի օլիմպիական մեդալներ նվաճել, օլիմպիական ոսկե մեդալով վերադառնալ: Մեր թիմն ունի բոլոր հնարավորությունները ուժեղ մրցակից լինելու Օլիմպիական խաղերում:

Ինչ վերաբերում է մեր հավաքականում հայ բռնցքամարտիկներին. տեղյակ եմ եւ ճանաչում եմ նրանց: Ուրախ եմ, որ հայ բռնցքամարտիկներն իրենց մարտական ու կռվող ոգով մեծ նվաճումների են հասնում մեր հավաքականի կազմում: Անձամբ ճանաչում եմ Դավիթ Հայրապետյանին: Հրաշալի ու մեծ հեռանկարներով բռնցքամարտիկ է, եւ նրա հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու:

Դմիտրի, հնարավոր է՝ Ռիո-2016-ին մասնակցելու հնարավորություն ունենան նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: Ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը:

Ինձ համար մի փոքր անհասկանալի է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մասնակցությունը Օլիմպիական խաղերին: Այդքան էլ ճիշտ որոշում չէ: Անկեղծ ասած նույնիսկ չեմ հասկանում, թե ինչու լիարժեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պետք է ցանկություն հայտնի մասնակցել Օլիմպիական խաղերին: Այլ բան է, եթե օլիմպիական ռինգ են դուրս գալիս կիսապրոֆեսիոնալները, ովքեր սիրողականից անցում են կատարում պրոֆեսիոնալի: Վերջերս կարդացի նաեւ Մենի Պակյայոն եւս ցանկություն էր հայտնել մասնակցել Ռիո-206-ին: Մեկ բան է ցանկանալ մասնակցելը, մեկ այլ բան է՝ իսկապես մասնակցելը: Շատերը գուցե ցանկանան իրենց ուժերը փորձել նաեւ օլիմպիական ռինգում, բայց դրա իմաստը չեմ տեսնում եւ չեմ հասկանում: Չէ որ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար պետք է նախեւառաջ օլիմպիական ուղեգիր նվաճել:

Դուք չէիք ցանկանա՞ մասնակցել:

Ոչ, անկեղծ չէի ցանկանա, եթե նույնիսկ որոշումը հաստատվեր, որ կարող են մասնակցել նաեւ պրոֆեսիոնալները: Օլիմպիական ռինգը սիրողական բռնցքամարտիկների տեղն է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար Օլիմպիական խաղերին մասնակցելը պրոֆեսիոնալ մարզական կարիերայում հետ գնալ է նշանակում: Սիրողական բռնցքամարտում օլիմպիական մեդալը դա բարձրագույն նվաճումն է, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում օլիմպիական մեդալը քիչ արժեք ունի, այդքան էլ գնահատված չէ ու կարեւոր, քանի որ արժեւորվում են ավելի բարձր նվաճումները, այնպես ինչպես ֆուտբոլում է, թենիսում: Ես օրինակ նվաճել եմ աշխարհի չեմպիոնի գոտին եւ իսկական մարզիկի, պրոֆեսիոնալ սպորտի մարզիկի համար դա ամենաբարձր նվաճումն է, իսկ օլիմպիական մեդալն այդքան էլ դեր չունի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով