15:14  ,  17 մայիսի, 2016

Կունգ-ֆուի Եվրոպայի չեմպիոն. Լվովում ցույց տվեցինք, որ քաղաքակիրթ ազգ ենք, իսկ ադրբեջանցիները՝ վայրենի

Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը նախապես ծրագրված է եղել Ադրբեջանի հավաքականի կողմից: Այս մասիս մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի  կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մենք չէինք սպասում նման բանի,  իրենց հյուպատոսն էլ էր ներկա առաջնությանը եւ իմ կարծիքով, նախապատրաստած էր այս ամենը, թե հաղթանակի, թե պարտության դեպքում իրենք գիտեին իրենց սցենարը: Նրանք, հասկանալով, որ պարտվում են եւ եռագույնը կրկին ծածանվելու է, դիմեցին այս սադրանքին: Հակված եմ, նրան, որ սոցցանցերից տեղեկացված են եղել, թե ում եղբայրն է Դավիթը, դրա համար էլ դիմեցին այդ քայլին»,-ասաց նա:

Սարգիս Հարությունյանը նշեց, որ եթե մարզիկ Դավիթ Պետրոսյանը այս միջադեպի արդյունքում վնասվածքներ չստանար, հնարավոր է` Հայաստանն առաջնությունում երկրորդ տեղի փոխարեն առաջին տեղը զբաղեցներ:

«Համոզված եմ, որ Դավիթը հաղթանակ էր տանելու եւ առաջին տեղում էինք լինելու: Մենք ինը մարզիկներով էինք մեկնել, որոնցից հինգը Արցախից էին: 20 վայրկյան էր մնացել, որ ավարտվեր Դավիթի եւ ադրբեջանցի մարտիկի մենամարտը, կենտրոնական մրցավարը «ստոպ» տվեց, հետո «մարտ» բառն է ասել, մեր մարզիկը խփել է ադրբեջանցուն: Ադրբեջանի երկրպագուն «մարտ» բառը չի լսել եւ  հայհոյել է մեր մարզիկին, որից հետո սկսվել է  ծեծկռտուքը»,- պատմեց Հայաստանի  կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահը:

Սարգիս Հարությունյանը նշեց, որ մինչեւ Լվովում կայանալիք առաջնությանը մեկնելը` Եվրոպական ֆեդերացիայից հարցում է արվել` արդյոք հայկական կողմը երաշխավորում է, որ միջադեպ չի հրահրի Ադրբեջանի հավաքականի հետ, նույն հարցումն արվել է նաեւ Ադրբեջանին. «Թե մեզ, թե իրենց հարցում են արել, բայց կազմակերպչական առումով թերացել էին, անվտանգության չորս աշխատակից կար: Մենք արդեն դիմել ենք եվրոպական ֆեդերացիային Ադրբեջանի հավաքականին աշխարհի ֆեդերացիայից դուրս թողնելու համար` հուսով եմ կորակազրկեն»:

Մարզիկներից Աշոտ Հարությունյանն էլ, ով առաջնությունում հաղթել է մեկ ադրբեջանցի եւ մեկ ուկրաինացի մարզիկի եւ գրավել առաջին տեղը, նշեց, որ պատրաստվում է շարունակել մրցումները եւ ավելի լավ արդյունքների հասնել: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայերը Եվրոպային ցույց տվեցին, որ քաղաքակիրթ ազգ են, իսկ ադրբեջանցիները` հակառակը.

«Միջադեպից հետո ծիծաղում էինք նրանց վրա, որովհետեւ ամբողջ Եվրոպայի առաջ մեր ազգը քաղաքակիրթ ազգի տպավորություն թողեց, իսկ իրենք՝ վայրենու: Իրենք մենամարտի սկսվելուց առաջ էլ ճնշված էին, երբ նայում էի մրցակցի դեմքին` վախեցած էր, ոնց որ սահմանին, նենց էլ ռինգում են»: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս