10:57  ,  15 մայիսի, 2016

Լվովի սկանդալային միջադեպը Ուկրաինայի հայերի միության հատուկ հսկողության տակ է

Ուկրաինայի հայերի միությունում (ՈւՀՄ) իրազեկված են Լվովում տեղի ունեցած միջադեպի մասին եւ առաջին րոպեից իրավիճակը կազմակերպության ներկայացուցիչների հսկողության տակ է: Այդ մասին ՈւՀՄ-ից հայտնել են AnalitikaUA.net-ին:

«Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցած միջադեպով զբաղվում են համապատասխան գերատեսչությունները, ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ գործողությունները: ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն անձամբ հետեւում է իրադարձությունների ընթացքին»,- նշել են ՈւՀՄ-ում:

Հիշեցնենք, որ Լվովում անցկացվող կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ ռինգում բախում էր տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ փայտերով ու մահակներով հարձակված ադրբեջանցիների սադրանքը, ըստ ամենայնի, նախապես ծրագրված է եղել եւ նախատեսված է եղել հայ մրցակցից պարտություն կրելու դեպքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում