17:07  +04,  14 մայիսի, 2016

ՀԿՖ փոխնախագահ. Ադրբեջանցիների նպատակն էր վայրագ սադրանքով թույլ չտալ հայ մարզիկի փառահեղ հաղթանակի արձանագրումը

Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Միջադեպի մանրամասների եւ Հայաստանի ֆեդերացիայի հետագա քայլերի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախումը Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները հաղթանակներով մեկնարկեցին, մասնավորապես, ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Առաջին մենամարտում մեր մարզիկներից Աշոտ Հարությունյանը հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ: Երկրորդ մենամարտում մրցակիցները եղել են կրկին հայ եւ ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարում ակնհայտ հաղթողն արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանն էր: Դա տեսնելով՝ Ադրբեջանի անկյունից սկսվում են հայհոյանքերի տարափ մեր մարզիկի ուղղությամբ: Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Նրան է միանում նաեւ ադրբեջանցի մարզիկը եւ ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Ադրբեջանի անկյունի մարզիկներն ու մարզիչները փորձում են ռինգ մտնել եւ հաշվեհարդար տեսնել Դավիթ Պետրոսյանից:

Իրենք պարզ տեսնում էին, որ Դավիթը հաղթում է, այն էլ՝ բացահայտ հաղթանակ է տանում: Մենամարտի ավարտին մնացել էր մի քանի վայրկյան եւ հաղթանակը շնորհվելու էր Դավիթին: Այս փաստը բարկացրեց ադրբեջանցիներին եւ նրանք փորձեցին սադրանքի ենթարկել մերոնց: Րոպեներ անց ռինգ են մտնում մի խումբ ադրբեջանցիներ փայտերով, մահակներով եւ վայրագություններ սկսում հայ մարզիկների նկատմամբ: Տպավորությունն այնպիսին էր, որ այդ ամենը նախապես ծրագրված էր, քանի որ վայրկյանների ընթացքում բոլոր ադրբեջանցիների ձեռքին փայտեր ու մահակներ հայտնվեցին՝ չգիտես որտեղից:

Բախմանը միջամտում են մեր մյուս մարզիկները, մարզիչները, սկսվում է մեծ ծեծկռտուք: Իրավիճակը կարգավորելու նպատակով միջամտում է Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկին եւ ադրբեջանցիների կողմից մի քանի հարված էլ նա է ստանում, երբ փորձում է իր մարմնով պահել մեր 12-ամյա մարզիկներից մեկին:

Վնասվածնքեր ունե՞ն հայ մարզիկները:

Չնչին վնասվածնքեր ունեն մերոնք: Ամեն ինչ ավարտվում է ադրբեջանցիների որակազրկմամբ: Նրանց միջազգային ֆեդերացիան արգելում է շարունակել մրցելույթները առաջնությունում: Այժմ շարունակվում են հայ մարզիկների մրցելույթները: Ամեն ինչ նորմալ ընթանում է եւ հույս ունենք, որ մեծ թվով ոսկե մեդալներ կբերենք:

Ադրբեջանի թիմը որակազրկվել է առայժմ միայն այս մրցաշարո՞ւմ, թե՞ հետագա մրցաշարերում եւս:

Առայժմ միայն այս մրցումներում որակազրկվեցին, նրանք հեռացված են մրցաշարից: Թե որքան ժամանակով, դեռ պարզ չէ: Ֆեդերացիաների ժողով կլինի եւ այդ ժամանակ նոր կորոշվի, թե որքան ժամանակով են որակազրկվելու ադրբեջանցիները: Հայաստանի ֆեդերացիան իր կողմից կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմելով միջազգային ֆեդերացիային, որպեսզի որակազրկեն Ադրբեջանի թիմին բոլոր մրցումներից:

Իսկ մինչ այդ, լարվածություն եղե՞լ է երկու թիմերի միջեւ:

Լարված հարաբերություններ չեն եղել մինչեւ այս մրցումները: Մենք մեր անկյունում, իրենք իրենց անկյունում հանգիստ մենամարտել ենք եւ սա առաջին դեպքը չէր, որ միեւնույն դահլիճում երկու երկրների ներկայացուցիչները միասին են եղել:

Այս բախումները եւ նրանց սադրանքը ես կապում եմ վերջին շրջանում ադրբեջանաղարաբաղյան սահմանին տիրող լարվածության, քառօրյա պատերազմի հետ, օրերս խառը մենամարտերում ադրբեջանցուն հաղթած Ալբերտ Ղազարյանի հետ, որը լայն տարածում գտավ համացանցում եւ հեռուստատեսությամբ: Երեւի, փորձեցին մարզաշխարհում իրենց երկրի երկրորդ նման խայտառակ պարտությունը թույլ չտալ: Այդ մենամարտը կա կունգ-ֆուի եվրոպական ֆեդերացիայի կայքում. այնտեղ պարզ երեւում է, որ մեր մարզիկ Դավիթ Պետրոսյանը խայտառակ պարտության է մատնում ադրբեջանցուն:

Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: Ըստ Ձեզ՝ այս սադրանքն ուղղված էր հենց Դավիթ Պետրոսյանի դեմ:

Ոչ, քանի որ այնտեղ ոչ ոք չգիտեր՝ ով է Դավիթ Պետրոսյանը, ով է Մարատ Պետրոսյանը: Նրանց նպատակն էր՝ թույլ չտալ, որ կրկնվի Ալբերտ Ղազարյանի փառահեղ հաղթանակի դեպքը եւ ամբողջ աշխարհը չտեսնի, որ հայ մարզիկը նորից հաղթում է ադրբեջանցուն: Ի դեպ, Մարատ Պետրոսյանն էլ է մեր մարզիկն, ուղղակի այս պահին գտնվում է զինծառայության մեջ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Просто имя. 23:00-14/05
http://m.youtube.com/watch?v=G7XpLmjTsVM
  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ