17:48  ,  13 մայիսի, 2016

Դավիթ Սաֆարյան. Արայիկ Բաղդադյանի հեռատեսության շնորհիվ ստացա օլիմպիական ուղեգիրը

Արայիկ Բաղդադյանի փորձառության, հեռատեսության շնորհիվ ես ստացա այս օլիմպիական ուղեգիրը: Ես ինքս չէի սպասում, որ որեւէ մեկը կորակազրկվի եւ օլիմպիական ուղեգիրը բաժին կհասնի ինձ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կրասնոդարից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած, ուղեգիր նվաճած, հետագայում դոպինգի համար որակազրկված ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու ուղեգիրը, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, փոխանցվել է Դավիթ Սաֆարյանին:

Դավիթ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ օլիմպիական ուղեգիրը ստանալու կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ ուղեգիրը բաժին հասավ հենց քեզ:

Շնորհակալ եմ, ես ինքս չէի սպասում, որ օլիմպիական ուղեգիր կստանամ, կամ որ որեւէ մեկը կորակազրկվի եւ օլիմպիական ուղեգիրը բաժին կհասնի ինձ: Մեկնել էինք Ստամբուլի վերջին վարկանիշային մրցաշարին, որտեղ ինձ մեր հավաքականի գլխավոր մարզիչն ասաց՝ շատ հավանական է քեզ օլիմպիական ուղեգիր տան: Ինձ ասացին, որ կարող եմ անգամ չգոտեմարտել, դուրս չգալ մրցագորգ, քանի որ կարծես թե օլիմպիական ուղեգիրն արդեն ունես: Ես այդ ամենին չհավատացի: Երբ վերադարձանք մրցաշարից, այնտեղ արդեն պարտված, նույնիսկ պարտությանս մասին չէի մտածում, ոչնչի մասին չէի կարողանում մտածել, որովհետեւ կորցրել էի հույսս, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն կստանամ: Եվ հանկարծ, ինձ զանգում է Արայիկ Բաղդադյանը եւ հայտնում, որ ուկրաինացի ըմբիշին որակազրկել են, եւ նրա ուղեգիրը պաշտոնապես եւ օրինական հասնում է ինձ: Հիմա արդեն հավատացի, միջազգային ֆեդերացիայի կայքում կարդացի եւ այժմ ադեն կնախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին:

Վստահ եմ, որ եւս մեկ անգամ ինձ դոպինգ ստուգման կկանչեն. ամեն օր եւ ժամ սպասում եմ: Պատրաստ եմ եւ հանգիստ եմ, քանի որ ես մաքուր եմ:

Դավիթ, կարծես, այդքան էլ ուրախ չես:

Նորմալ է ամեն ինչ: Ուրախ եմ, որ ստացա Ռիո-2016-ում իմ երկիրը ներկայացնելու հնարավորություն: Այս ուղեգրի հետ կապված մի պատմություն կա. ուկրաինացի ըմբիշը որակազրվեց վարկանիշային առաջին մրցաշարից հետո՝ Սերբիայում: Այդ մրցաշարում նա ոսկե մեդալակիր դարձավ: Սերբիայի մրցաշարում ես նվաճեցի բրոնզե մեդալ: Բայց քանի որ ուղեգիր տրվում էր միայն եզրափակիչի մասնակիցներին, ես բրոնզե մեդալի համար պայքարին արդեն չէի էլ ցանկանում մասնակցել: Մի տեսակ հիասթափված էի, քանի որ նպատակս օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Բայց Արայիկ Բաղդադյանի խորհրդով դուրս եկա մրցագորգ, նա թույլ չտվեց, որ հուսախաբ լինեմ, այլ շարունակ ասում էր, որ թեկուզ ուղեգիր այլեւս չեմ ստանա այս մրցաշարում, միեւնույն է իրավունք չունեմ հետ կանգնելու: Եվ ես նրա խորհրդով գոտեմարտեցի եւ բրոնզե մեդալ նվաճեցի: Նշանակում է, եթե ես դուրս չգայի պայքարի, հրաժարվեի գոտեմարտից, այսօր այս ուղեգիրը ինձ չէր հասնի:

Իսկ ինչպե՞ս ես քեզ զգում, որ այս ճանապարհով քեզ հասավ ուղեգիրը:

Կարծում եմ, այդպես պետք է լիներ, ճակատագրով որոշված էր, որ ինչպես էլ լինի, ես պետք է այս Օլիմպիական խաղերին էլ մեկնեմ եւ դուրս գամ մրցագրոգ:

Այս պահին ես դեռ չեմ մարզվում, մի քանի վնասվածքներ ունեմ, պետք է ապաքինվեմ եւ արդեն ամբողջ ուժով կկենտրոնանամ մարզումների վրա: Նախ կուսումնասիրեմ բոլոր իմ գոտեմարտերը. ես մասնակցել եմ բոլոր մրցաշարերին, կառանձնացնեմ սխալներս, բացթողումներս: Շատ սխալներ ունեմ, պետք է դրանք շտկենք: Այժմ ես Կրասնոդարում եմ, բայց դեռ որոշված չէ որտեղ եւ ինչպես կնախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին: Ինչպես կորոշի մեր մարզիչը, այդպես էլ կանենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով