12:35  ,  6 մայիսի, 2016

Ռոման Ամոյանը մնաց առանց օլիմպիական ուղեգրի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռոման Ամոյանը չկարողացավ նվաճել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած վարկանիշային վերջին մրցաշարում Ռոման Ամոյանը 59 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից եւ պարտվեց թուրք Ռահման Բիլիչին (4:4): Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչի մասնակիցները: Եթե թուրք ըմբիշը հասնի եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր հունահռոմեականների պայքարում: Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը բավարարվեց օլիմպիական 4 ուղեգրերով, որոնք նվաճել են Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ստամբուլում հանդես են գալու Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), որոնք մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին: Ազատ ոճի թիմից ավելի վաղ ուղեգիր ապահովել էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում