21:26  ,  14 ապրիլի, 2016

Արտաշես Ներսիսյանը՝ Նորվեգիայից. Վիրահատություններից, կարիերայի դադարից եւ մայրանալուց հետո Նազիկի համար շատ կարեւոր հաղթանակ է

Նազիկ Ավդալյանի համար սա դեռ քիչ է, նա ավելին կարող է եւ պետք է ավելացնի կիլոգրամները: Դեռ ժամանակ ունենք հասնելու նրան, ինչին ուզում ենք: Դեռ կրակելու ժամանակը կգա, պետք է կրակենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանի անձնական մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդուհին երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:

Պարոն Ներսիսյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ՝ Նազիկ Ավդալյանի Եվրոպայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ եւ Նազիկ Ավդալյանի անձնական մարզիչ, ինչպե՞ս կգնահատեք Նազիկ Ավդալյանի արդյունքը Եվրոպայի առաջնությունում:

Նազիկը հրաշալի հանդես եկավ, շատ լավ իրեն դրսեւորեց, ինչ խնդիր նրա առջեւ դրել էինք, ինչ արել էր մարզումների ժամանակ, կատարեց, ինչի համար անչափ ուրախ եմ: Բայց Օլիմպիական խաղերի համար սա դեռ թույլ արդյունք է, նա դեռ պետք է աշխատի, կիլոգրամներն ավելացնի: Չեմ ասում նա թույլ արդյունք ցույց տվեց Եվրոպայի առաջնությունում, բայց իր համար սա թույլ արդյունք է: Կարեւորն այն էր, որ այս հաղթանակով Նազիկ Ավդալյանը հոգեբականան պատրաստականությունով մեկ քայլ առաջ գնաց: Դա շատ կարեւոր էր Նազիկի համար այդքան վիրահատություններից, մարզական կարիերայի դադարից եւ մայրանալուց հետո: Նա իր առջեւ խնդիր ուներ դրած՝ այս բոլոր բարդություններից հետո կրկին դառնալ չեմպիոն: Նրան առայժմ հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը:

Այսինքն՝ Ձեր համար երկամարտի 237 կգ արդյունքը բավարար չէ՞, չի՞ գոհացնում:

Նազիկ Ավդալյանի համար սա դեռ քիչ է, նա ավելի կարող է եւ պետք է ավելացնի կիլագրամները: Ոչ թե գոհ չեմ այս արդյունքից, այլ դեռ ժամանակ ունենք հասնելու նրան, ինչին ուզում ենք: Դեռ կրակելու ժամանակը կգա, պետք է կրակենք: Հերիք է՝ մեզ կրակեն, հիմա հերթն է մեր կրակելուն:

Դժվա՞ր էր Նազիկ Ավդալյանին երկար դադարից, ավտովթարից, մայրանալուց հետո վերականգնելը: Հավատո՞ւմ էիք, որ հաջողությունը կվերադառնա:

Բավական բարդ էր: Շատ դժվար է հիասթափված, հույսերը կորցրած մարզիկին նորից ստիպել հավատալ իր ուժերին, հույս ներշնչել եւ գումարած այս ամենին կիլոգրամներ ավելացնել: Առանց հավատի ոչինչ չի լինում: Ես նրան միշտ հավատացել եմ:

Եվրոպայի առաջնությանը մեկնելիս էլ էիք հավատո՞ւմ, որ ոսկե մեդալն է նվաճելու:

Իհարկե: Ու հենց այդ հավատով էլ եկել էինք մրցավայր: Բայց սա դեռ միայն սկիզբն է: Ռիոյի Օլիմպիական խաղերում էլ հավատում եմ Նազիկ Ավդալյանի ուժերին եւ ոսկուց մի քիչ բարձր հույսեր կապում նրա հետ (ծիծաղում է):

Այդ վստահությունը միշտ մարդու մեջ լինում է: Իմ մեջ էլ կա: Ես հավատով եմ թիմին միշտ բերում մրցումներին, գիտեմ ուր ենք գնում, ինչի համար: Միայն թե՝ սպորտ է, չգիտես մի ակնթարթում ինչ կարող է լինել: Իսկ ծանրամարտն ակնթարթ է՝ այդ ակնթարթում կարողացավ, կբարձրացնի, չէ՝ կկորցնի: Ամենավատն այն է, որ ամբողջ տարվա աշխատանքն ամփոփում ես այդ մեկ ակնթարթում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԱՕԿ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով