19:52  ,  14 ապրիլի, 2016

Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:

Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:

2008թ. Եվրոպայի եւ 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետեւանքով ստացած ողնաշարի ծանր վնասվածքից հետո անցած տարի մրցահարթակ վերադառնալուց հետո նվաճում է առաջին տիտղոսը: 29-ամյա մարզուհին հաղթանակը նվիրել է հայրենիքի պաշտպաններին:

«Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- ամբողջ աշխարհում սփռվող ուղիղ հեռարձակման եթերում ասել է Նազիկ Ավդալյանը:

Տղամարդկանց 85 կգ քաշայինների B խմբում Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ (153+193) արդյունքով գրավել է առաջին տեղը: A խմբի մասնակիցները մրցահարթակ դուրս կգան ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում