01:43  +04,  14 ապրիլի, 2016

Անդրանիկ Կարապետյան. Հաղթանակս նվիրում եմ Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին

Հաղթանակս նվիրում եմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում հանուն հայրենիքի զոհված հայ զինծառայողների հիշատակին եւ շփման գծում այս պահին հայրենիքի սահմանը պաշտպանող բոլոր տղաներին: Ուզում եմ նրանք տեսնեն մեր հաղթանակը Եվրոպայի առաջնությունում ու ոգեւորվեն:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասել է ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:

Անդրանիկ NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ տրամադրություն եւ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, տրամադրությունս շատ բարձր է, չնայած հոգնածությանս: Գոհ եմ իմ ելույթից, ինձ բավարարում ե իմ բարձրացրած կիլոգրամները: Իհարկե, չեմ համարում, որ այսքանով պետք է բավարարվեմ, դեռ աշխատելու, ավելացնելու կարիք կա: Օլիմպիական խաղերում ավելի շատ կիլոգրամներ պետք է բարձրացնեմ:

Զգացողություններս անբացատրելի են, իսկապես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ոսկե մեդալը նվաճել:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարի մեջ էիր մտել քո թիմակից, ընկեր Տիգրան Մարտիրոսյանի հետ: Հոգեբանորեն ինչպե՞ս ընթացավ թիմակցիդ հետ պայքարը:

Ես ոչինչ չէի զգում այդ պահին, չէի մտածում, որ պետք է հաղթեմ անպայման Տիգրան Մարտիրոսյանին: Այդ պահին միայն ինքս ինձ եւ ծանրաձողի հետ էի պայքարում: Սովորաբար, մրցահարթակում ես միշտ այդպես եմ աշխատում՝ մրցակիցներ չեմ փնտրում, մրցակիցս իմ ծանրաձողն է: Յուրաքանչյուր մրցման մտածում եմ եւ փորձում կիլոգրամներս ավելացնելու մասին, ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնելու մասին: Թե ով է ինձանից առաջ կամ հետո, այդ մասին չեմ մտածում:

Իսկ հավատո՞ւմ էիր, որ այս անգամ քեզ կհաջողվի չեմպիոնական տիտղոսը նվաճել:

Չեմ կարող ասել, թե վերջնական հավատում էի. հավատս ու հույսս այն էր, որ ես շատ լավ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Վստահ չէի, որ ինձ կհաջողվի, քանի որ Տիգրան Մարտիրոսյանը շատ լավ մարզավիճակում էր, նա պայքարի մեջ էր, հրաշալի պատրաստվել էր: Երկուսս էլ հավասար ուժերի տեր ծանրորդներ ենք, բայց այս անգամ ուղղակի նրա մոտ չստացվեց:

Ձեր պայքարը չեմպիոնի տիտղոսի համար հետաքրքիր էր: Ըստ քեզ, նույն պայքարը կլինի՞ Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Անկեղծ ասած, չգիտեմ, կցանկանամ, որ այդպես լինի: Գիտեմ, բարդ է լինելու Օլիմպիական խաղերում, բայց շատ կուզեմ, որ մրցակիցս Տիգրան Մարտիրոսյանը լինի այս քաշային կարգում Ռիոյում: Ռիոյի հետ կապված հույսեր ունեմ, բայց երբեք չեմ կարող վստահ լինել:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Հաղթանակս նվիրում եմ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետեւանքով հանուն հայրենիքի զոհված հայ զինծառայողների հիշատակին եւ շփման գծում այս պահին հայրենիքի սահմանը պաշտպանող բոլոր տղաներին: Ուզում եմ նրանք էլ տեսնեն ու ոգեւորվեն, որ մենք էլ այսպես՝ հաղթանակներով ենք ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհին, հիմն ենք հնչեցնում, մեր դրոշն ենք բարձրացնում ու այսպիսով ապացուցում, որ փոքրաթիվ ազգ ենք, բայց հաղթանակները մերն են, անկախ պատերազմական երկիր լինելուց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով