01:04  ,  14 ապրիլի, 2016

Փաշիկ Ալավերդյանը՝ Նորվեգիայից. Հավատում եմ, որ Մարտիրոսյանի եւ Կարապետյանի միջեւ չեմպիոնական պայքար կլինի նաեւ Ռիոյում

Հավատում եմ, որ Տիգրան Մարտիրոսյանի եւ Անդրանիկ Կարապետյանի միջեւ առավել հետաքրքիր չեմպիոնական պայքար կլինի նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նորվեգիայից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մեկնաբանելով Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթները:

77 կգ քաշայինների պայքարում Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն երկամարտի 367 կգ արդյունքով, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն՝ երկամարտի 352 կգ արդյունքով:

Պարոն Ալավերդյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Հայաստանի հավաքականում Եվրոպայի նորընծա չեմպիոն եւ փոխչեմպիոն ունենալու կապակցությամբ:

Շնորհակալ եմ: Ես շատ գոհ եմ եւ ուրախ մեր տղաների այսօրվա փայլուն մրցելույթների համար: Մեկնաբանելու ոչինչ չկա, այս քաշային կարգում մենք ուժեղագույնն ենք եւ դա ապացուցեցինք: Մեր թիմում հիմնական հարվածային ուժը այս քաշային կարգն էր՝ 77 կգ: Այն, ինչ սպասում էի տղաներից, արեցին: Չեմ կարծում, որ մյուս քաշային կարգերում տղաները ձեռնունայն կմնան, վստահ եմ, որ լավ կաշխատեն եւ ամեն ինչ կանեն, որ մեդալներ նվաճեն: Աշխարհի առաջնությունում այս քաշային կարգում երրորդ տեղն էր մերը: Եվրոպայում խնդիր չեղավ ապացուցելու, որ առաջին եւ երկրորդ տեղերն են մերն են: Այնքան ուժեղ գտնվեցին մեր ծանրորդները, որ պայքարը նրանց միչեւ գնաց, ինչի համար ես անչափ ուրախ եմ:

77 կգ քաշային կարգում հետաքրքրիր պայքար է Անդրանիկ Կարապետյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի միջեւ: Հնարավո՞ր է այս նույն պայքարը կրկնվի Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Իհարկե, ես հավատում եմ դրան: Առավել հետաքրքիր պայքար կլինի Օլիմպիական խաղերում: Այս երկու մարզիկները մեկը մյուսին չեն զիջում ուժով: Այնպես չէ, որ այս անգամ մեկը հաղթեց, ուրեմն այն մյուսը թույլ էր: Նրանց միջեւ պայքարը միշտ լինելու է: Հավասարազոր մարզիկներ են, մեր չեմպիոններն են:

Իսկ Օլիմպիական խաղերի համար Եվրոպայի առաջնությունում բարձրացրած կիլոգրամները բավարա՞ր են, թե՞ դեռ ավելացնելու տեղ ունեք:

Այս կիլոգրամները բավական են: Լոնդոնի Օլիմպիական խաղերում պոկում վարժությունում հաղթեցին 168 կգ-ով, իսկ Եվրոպայի առաջնությունում 170 կգ պոկեցին:

Տիգրան Մարտիրոսյանին հաջողվեց հրում վարժության միայն առաջին մոտեցում կատարել, ի՞նչն էր պատճառը:

Առաջին մոտեցմանը բարձրացրեց 192 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումներին ծանրաձողի կիլոգրամը 197 էր: Երկրորդ մոտեցումը ձախողեց, իսկ երրորդը կբարձրացներ, եթե արմունկները չդիպչեին ծնկներին: Նա էլ հասկացավ, որ դա չեն հաշվի, բայց այդ զանգն էլ եղավ, որ իջեցնի, ուղղակի աղմուկի մեջ նա չլսեց զանգի ձայնը: Բայց նա կբարձրացներ, նա պատրաստ էր եւ կարող էր: Սա տեխնիկական սխալ էր:

Իսկ Տիգրանը չի՞ տխրել ոսկե մեդալը ձեռքից բաց թողնելու համար:

Ոչ, ինչու պիտի տխրի: Նա հասկանում է եւ գիտակցում, որ ինքն ուժեղ է եւ իր հետ հավասար ուժեղ է նաեւ Անդրանիկ Կարապետյանը: Սա առաջին անգամը չէ, Տիգրանը դեռ շատ մեդալներ կնվաճի, նա հզոր ծանրամարտիկ է:

Անդրանիկ Կարապետյանի հաջողությանը հավատու՞մ էիք:

Առանց հավատի մարդ կապրի՞: Միանշանակ հավատում էի եւ վստահ էի, որ նա կդառնա Եվրոպայի չեմպիոն: Նա, կամ Տիգրան Մարտիրոսյանը:

Մինչեւ հիմա մասնակցած ծանրորդների մրցելույթների մասին ի՞նչ կասեք:

Նրանցից էլ եմ գոհ: Բոլորն էլ լավ հանդես եկան, մասնավորապես Առաքել Միրզոյանը. լավ արդյունք արեց: Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունից հետո նա լավ հանդես եկավ, կիլոգրամներն ավելացրեց: Վանիկ Ավետիսյանից էլ եմ գոհ: Նա բոլոր հնարավորություններն ուներ մեդալի համար պայքարելու, բայց տեխնիկական խնդիր եղավ: Եթե մրցավարները մի փոքր բարեխիղճ գտնվեին, հաշվեին հրում վարժությունում նրա բարձրացրած 181 կգ-ը, Վանիկ Ավետսիյանը միանշանակ մեդալ կնվաճեր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով