15:42  ,  3 ապրիլի, 2016

Հայ գեղասահորդուհին սահմանել է աշխարհի եւս մեկ ռեկորդ

Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդեւան սահմանել է գեղասահքի կանանց ազատ ծրագրի ռեկորդ: ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրում 16-ամյա մարզուհին վաստակել է ռեկորդային 150,10 միավոր, գրում է «Р-Спорт»-ը:

Կանանց ազատ ծրագրի նախորդ ռեկորդը պատկանում էր կորեացի Կիմ Յուն Նային, որը 2010-ին Վանկուվերում կայացած Օլիմպիական խաղերում գրանցել էր 150,06 միավոր:

Բոստոնում Եվգենիա Մեդվեդեւան ազատ ու կարճ ծրագրի արդյունքում վաստակել էր 223.86 միավոր եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: Նախորդ տարվա դեկտեմբերին նա աշխարհի ռեկորդ էր սահմանել նաեւ կարճ ծրագրում՝ Եկատերինբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնությունում հավաքելով 79,44 միավոր:

Մոսկվայում ծնված Եվգենիան ունի հայկական արմատներ: Նրա հայրն Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկին գեղասահորդ է:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 16-ամյա Անաստասիա Գալուստյանը, որը նվաճել էր ազատ ծրագրի ուղեգիր եւ գրավեց 24-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում