17:41  ,  22 մարտի, 2016

Հայաստանի հավաքականը մարզվում է ամբողջական կազմով (ֆոտո)

Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է բաց մարզում, որին ներկա էին նաեւ հավատարմագրված լրագրողները եւ երկրպագուներ:

Մարզմանը մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները (26), այդ թվում՝ առաջին անգամ ազգային թիմից հրավեր ստացած Գոռ Մալաքյանը («Ստալ»), Դավիթ Արշակյանը («Տրակայ») եւ Գեղամ Կադիմյանը («Կարպատներ»):

Հայտացուցակից դուրս են մնացել «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը եւ «Արարատի» պաշտպան Նորայր Գրիգորյանը: Հավաքականի հետ մարզվում է նաեւ «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական թիմի հարձակվող Էրիկ Պետրոսյանը:

Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն աշխատեցին հարվածների եւ փոխանցումների վրա, ինչպես նաեւ փորձարկեցին դիրքային գրոհներ:

Մարզումից հետո ֆուտբոլիստները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով