15:35  ,  18 մարտի, 2016

Սեյրան Նիկողոսյան. Օլիմպիական խաղերին կմասնակցենք սպիտակ քարտով

Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցենք սպիտակ քարտով: Այդ ուղեգիրը նախատեսում ենք Հրաչյա Բաբայանի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Ցավում եմ, որ մեր ուժերով չկարողացանք օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Այժմ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչիկ Ռոստոմյանը զբաղվում է սպիտակ քարտով օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հարցով եւ մեզ խոստացել են, որ մեկ ուղեգիր մեզ կտրվի: Այդ ուղեգիրը նախատեսում ենք Հրաչյա Բաբայանի համար: Այս պահին նա մեր առաջատարն է եւ Օլիմպիական խաղերին մասնակցելու պատրաստականությունը Հրաչյա Բաբայանն ունի:

Մենք նախատեսում էինք սեփական ուժերով օլիմպիական ուղեգրեր նվաճել, բայց սայթաքեցին: Պատճառները մի քանիսն էին: Ուեինք օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար: Առաջինը Բաքվի Խաղերն էին, որը մեզ համար պաշտոնապես Եվրոպայի առաջնություն էր: Եթե այդ տարի Եվրոպայի առաջնություն ունենայինք, 3 օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն կունենայինք, իսկ Բաքվում մեկ տեղ էր: Հրաչիկ Բաբայանը լավ հանդես եկավ Բաքվում, սահմանեց ռեկորդ, բայց գրավեց 5-րդ տեղ, եւ մեր բախտը չբերեց, վարկանիշ չնվաճեցինք: Հետո ունեինք վարկանիշային մրցաշար կրկին Ադրբեջանում, հասկանալի պատճառներով չգնացինք, այդտեղ էլ կորցրեցինք օլիմպիական վարկանիշ նվաճելու մեր շանսը: Մեր վերջին հնարավորությունը Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնութունն էր, որում ձախողվեցինք: Սա Հրաչիկ Բաբայանի մեծ բացթողումն էր, նա ձախողեց:

Բայց դրա համար էլ պատճառ կար: Մեր զենքը ուշ հասավ մեզ, եւ մրցումներից առաջ չհասցրեցինք նորմալ մարզումներ անցկացնել: Զենքի տեղափոխման խնդիրն իսկապես մեծ խոչընդոտ է մեզ համար դառնում յուրաքանչյուր մրցման մեկնելիս: Մենք մեր զենքերը տանում ենք մաքսատուն, փակվում են արկղերում եւ չենք ստանում այնքան ժամանակ, մինչեւ զենքերը տեղ հասնեն: Եվ հիմնականում զենքերը տեղափոխելիս մաքսատան հետ խնդիրներ են ծագում, ծրագիրը չի աշխատում, աշխատանքային օրեր չեն ընկնում մեր մեկնման օրերը, մենք հասնում ենք մրցավայրը եւ օրեր անց նոր զենքերը հասնում են տեղ: Այդպես մենք կորցնում ենք ժամանակ, մարզվելու հնարավորություն չենք ունենում: Այդպես եղավ եւ Եվրոպայի առաջնությունում՝ Մյունխենում: Չկարողացանք ժամանակին ստանալ մեր զենքերը եւ մարզվել: Այլ երկրների մարզիկները նման խնդիրներ չունեն: Մենք մտել ենք մաքսային միության մեջ եւ նման խնդիր պետք է չունենայինք: Մյուս երկրներում միայն փաստաթղթերն են ստուգում: Իսկ մեզ մոտ թույլ չեն տալիս զենքերը մեզ հետ մեր բեռներով տանենք:

Այս թեմայով դիմել եմ նախարարությանը: Նախարարը հանձնարարեց, որ զբաղվեն այդ հարցով: Բայց տարբեր պատճառաբանություններով պատասխանը ստանում ենք, որ մեր սիստեմն է այդպես: Մաքսային ծառայողները մեղք չունեն: Անհատը իրավունք ունի իր զենքով գնա գա, ցույց է տալիս զենքի թույլտվությունը, եւ իր զենքով գնում գալիս է: Մենք տոմսը ձեռք ենք բերում, ապա դիմում ենք մաքսատուն, զենքը հանձնում ենք, զմրսում են: Եվ միայն օրեր անց նոր ստանում ես զենքդ: Այդ է պատճառը, որ մենք այս տարի չկարողացանք վարկանիշային մրցումներին հաջող մասնակցել, ձախողեցինք, օլիմպիական ուղեգրեր էլ չնվաճեցինք: Այժմ ակնկալում ենք սպիտակ քարտով Ռիո-2016-ին մասնակցել: Սպիտակ քարտ յուրաքանչյուր երկրին տրամադրվում ամեն մարզաձեւում 1 տեղ: Հրաչիկ Բաբայանին ենք նախատեսում այդ ուղեգրի համար: Նա է մեր լավագույն ու առաջատար մարզիկը:

Առաջատար մարզիկներ էլի ունենք: Այսօր շատացել են մեր ուժեղ մարզիկները: Շատ լավ երիտասարդ եւ պատանի մարզիկներ ունենք, հեռանկարային մարզիկներ են: 3-4 տարի հետո ուժեղ թիմ կունենանք: Այսօր հրաձգությունը զարգացում է ապրում: Ֆինանսավորումն է քիչ՝ 26 միլիոն դրամ: Հայաստանի սպորտի նախարարը ասուլիսի ընթացքում խոսել է հրաձգության մասին, ֆինանսավորման ավելացման մասին, խոստացել է, որ հրաձգությունում ներդրումներ են լինելու, նոր զենքեր են ձեռք բերվելու: Հույս ունենք, որ 2020 թվականի Օլիմպիական խաղերոի մեր ուժերով նվաճած օլիմպիական ուղեգրերով կմասնակցենք եւ ոչ թե մեկ, այլ մի քանի հրաձիգով»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում