02:01  ,  14 մարտի, 2016

Սամվել Գեւորգյան. Ռուս ըմբիշների հետ գոտեմարտերում առաջին պարտեր դրությունը միշտ տալիս են հայ ըմբիշին

Ռուսի հետ գոտեմարտելիս առաջին պարտեր դրությունը տալիս են հայ ըմբիշին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիգայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը՝ մեկնաբանելով Ռիգայում ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների մրցելույթները:

Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունից հայրենիք են վերադառնում մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով: Ժամեր առաջ Եվրոպայի չեմպիոնական տիղոսը նվաճեց Հայաստանի հավաքականի 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ իր առաջին մեդալը մեծահասակների կազմում:

Պարոն Գեւորգյան, ժամեր առաջ Եվրոպայի առաջնությունում ծածանվեց հայոց եռագույնը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է թիմին: Ամփոփեք Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների մրցելույթները:

Շնորհակալություն, շնորհավորանքի համար: Բոլորս շատ ուրախ ենք, անչափ: Այս մեդալը բոլորիս համար շատ սպասված էր, մասնավորապես Վարշամ Բորանյանի կողմից: Վարշամն ապացուցեց, որ իր քաշային կարգում ինքն իսկապես ուժեղ է: Սա երկար սպասված մեդալ էր Վարշամի համար, նա տարիներ շարունակ պայքարել էր այս մեդալի համար, բարդ ու ծանր, տարիների աշխատանքի արդյունք էր եւ նա արժանի էր ոսկե մեդալին: Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը մեծ արդյունք էր ինչպես Վարշամի, այնպես մեզ համար: Իմ կարծիքով՝ սա նրա առաջին, բայց ոչ վերջին մեդալն է: Վարշամ Բորանյանը դեռ ցույց կտա իրեն մեծ սպորտում: Ափսոսում եմ, որ 71 կգ քաշային կարգը ոչ օլիմպիական է:

Ոսկե մեդալը սպասվա՞ծ էր: 28-ամյա Վարշամ Բորանյանից ակնկալո՞ւմ էիք նման հաջող գոտեմարտեր Ռիգայի գորգում:

Մեր թիմում չկա մի մարզիկ, ումից սպասելիքներ չունենանք: Բոլոր քաշային կարգերում էլ այս առաջնությունում սպասելիքներ ունեինք, Բորանյանից եւս: Այնպես չէր, որ Վարշամը չէր կարող, հնարավորություն չուներ: Վարշամ Բորանյանն արդեն մոտ էր չեմպիոնի տիտղոսին, նա երկար տարիների աշխատանից հետո արդեն մոտեցել էր ոսկե մեդալին: Բոլորն էլ տեսան, որ այդ քաշում նա ուժեր էր, ոչ մի մրցակցի շանս չտվեց:

Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով: Մրցավարի միջամտությունը որքանո՞վ դեր ուներ Արթուրի անհաջողության մեջ:

Երբ խոշոր մրցաշարերի եզրափակիչներում հայ ըմբիշների մրցակիցները ռուսներ են, մրցավարական կողմնապահությունն անխուսափելի է դառնում մեզ համար: Կողքից դիտողի համար մրցավարի կողմնակալ վերաբերմունքը գուցե աննկատ լինի: Այդպես եղավ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ: Ոչ մասնագետների կարծիքով մրցավարի միջամտություն երեկ չեղավ, Արթուր Ալեքսանյանը պարտվեց... Բայց երեկ հավասար պայքար էր: Եթե նույն հաջողությամբ Մելնիկովին պարտեր դնեին, Արթուրը վստահ 4 գլորում կաներ, 8:0 հաշվով կավարտեր գոտեմարտը: Սա առաջին դեպքը չէ: Ռուս ըմբիշների հետ գոտեմարտերի ժամանակ միշտ մրցավարները առաջինը մեզ են դնում պարտեր դրություն, հատկապես երբ հավասար պայքար է գնում: Իսկ հավասար պայքարի դեպքում, պարտեր դրություն նստող ըմբիշի համար դա մեծ բացթողում է, որովհետեւ մրցակիցը մեծ առավելություն է ձեռք բերում, որովհետեւ թարմ մոտենում է հնարքը կատարելու եւ հաջողությամբ կատարում հնարքը: Արթուրի գոտեմարտում առաջին պարտեր դրությունը տվեցին մեզ, առավելությունը տալով ռուս ըմբիշին եւ հետո ընդհանրապես Մելնիկովին պարտեր դրություն չտվեցին, որովհետեւ մրցավարը շատ լավ հասկանում էր, որ Արթուր Ալեքսանյանը կհավասարեցնի հաշիվը եւ կհաղթի: Այս խնդրին մենք միշտ հանդիպում ենք, երբ եզրափակիչում ռուսի հետ ենք հանդիպում: Դա մրցավարների մոտեցումն է, որ կողքից դիտողը, ոչ մասնագետը չի տեսնում միտումնավորությունը: Իսկ մենք դա հասկանում ենք, որ ռուսի հետ գոտեմարտելիս առաջին պարտեր դրությունը տալիս են հայ ըմբիշին:

Մրցավարն անդադար նկատողություն էր տալիս Արթուր Ալեքսանյանին, ինչի հետեւանքով էլ Եվրոպայի եռակի չեմպիոնին պարտեր դրություն տվեցին: Հասկանալով մրցավարի միտումնավորությունը, այդ պահին ինչո՞ւ չբողոքարկեցիք:

Բողոքարկելու հնարավորություն ունեինք, բայց անիմաստ կլիներ, քանի որ նույն կերպ մեզ կմեկնաբանեին, դեռ մի միավոր էլ կտային մրցակցին: Դա հնարավոր չէ ապացուցել, որովհետեւ մրցավարներն այնպես են անում, որ միայն մասնագետն է դա հասկանում: Նրանք միայն կասեին, որ այդպես են տեսել, նկատողություն են տվել: Նույն իրավիճակն է լինում նաեւ Արսեն Ջուլֆալակյանի եւ Ռոման Վլասովի գոտեմարտերի ժամանակ: Միշտ Արսեն Ջուլֆալակյանին են դնում պարտեր: Սա իսկապես միտումնավորություն է, բայց մենք դրանով չենք մտահոգվում, այլ, հակառակը, մարզիկներին են մեղադրում, որ բացթողումներ չանեն: Սակայն հավասարի դեպքում ամեն ինչ այլ է: Չեմ ցանկանում ամեն ինչ բարդել մրցավարների վրա, բայց մասնագիտորեն, Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ մրցավարական անարդարություն եղավ: Պետք է ամեն ինչ անենք, որ այսուհետեւ մրցավարներին էլ հաղթենք:

Ինչպե՞ս ընդունեց պարտությունն Արթուր Ալեքսանյանը:

Չի կոտրվել, ամեն ինչ նորմալ է, ավելի շատ զայրացած է: Բայց այս պարտությունը նրան չընկճեց: Ամեն ինչ կանենք, որ Օլիմպիական խաղերում սխալներ թույլ չտանք եւ մրցավարներին հնարավորություն չտանք միտումնավոր միջամտելու:

Ռոման Ամոյանի մասին ի՞նչ կասեք: Մարզիչներին բավարարե՞ց Ռոմանի արծաթե մեդալը:

Ռոման Ամոյանը հրաշալի ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնությունում: Սա մեծ հաղթանակ էր Ռոմանի համար, մեզ համար նույնպես: Այդ տարիքում, նա հավաքեց իր բոլոր ուժերը, երկար դադարից հետո կրկին ապացուցեց բոլորին, որ ինքն ուժեղ է, որ դեռ մեծ նվաճումներ ունի անելու: Ռիգայի գորգը ներշնչեց Ռոմանին, սեփական ուժերի նկատմամբ հավատով լցրեց, որ ավելի մեծ ուժով ու հավատով պատրաստվի, մասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, ուղեգիր նվաճի, մասնակցի Օլիմպիական խաղերին եւ մեդալակիր դառնա:

Կարապետ Չալյանին ի՞նչը խանգարեց եզրափակիչ մտնելու համար:

Կարապետ Չալյանը վրացու հետ գոտեմարտում մեծ բացթողում արեց, վրացին ձեռքը փակեց: Եթե ձեռքը չտար, գոտեմարտը հնարավոր է, այլ ընթացք ստանար եւ Կարապետի առավելությամբ ավարտվեր: Բայց նա հրաշալի գոտեմարտեց բրոնզե մեդալի համար պայքարում եւ արժանի հաղթանակ տարավ՝ նվաճելով բրոնզե մեդալը: Նրանից շատ գոհ ենք, նա ամեն ինչ արեց մեդալ նվաճելու համար: Սա Կարապետ Չալյանի՝ մեծահասակների հավաքականում առաջին մեծ նվաճումն է, առաջին մեդալը եւ դրա համար շատ ուրախ ենք:

Մյուս մարզիկների մասնակցությունն ինչպե՞ս կգնահատեք: Ձեր սանը՝ Միհրան Հարությունյանը ինչո՞ւ պարտվեց:

Բոլորից շատ գոհ ենք, բոլորն էլ լավ մասնակցեցին: Թիմային հաշվարկում երկրորդն ենք: Միհրան Հարությունյանը թերագնահատեց մրցակցին, սխալներ թույլ տվեց եւ պարտվեց: Անպայման կփոխենք նրա մարտավարությունը, նա կշարունակի մարզվել մեզ հետ, թիմի հետ, ես արդեն զրուցել եմ նրա հետ. ամեն ինչ կանենք եւ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով