22:35  ,  12 մարտի, 2016

Արթուր Ալեքսանյանը դարձյալ եզրափակիչում պարտվեց Նիկիտա Մելնիկովին

Recap from Day 5 of the European Championships

Опубликовано United World Wrestling 12 марта 2016 г.

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չկարողացավ չորրորդ անգամ դառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն ու կրկնել 2012, 2013 եւ 2014 թվականների հաջողությունը:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 0:4 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Մելնիկովին, որը երրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում հաղթեց գյումրեցի ըմբիշին:

Ալեքսանյանն ավելի ակտիվ սկսեց գոտեմարտը եւ սկզբնամասում ռուս ըմբիշը նկատողություն ստացավ պասիվության համար: Սակայն քիչ անց Ալեքսանյանը 2 անգամ պասիվություն ստացավ եւ հայտնվեց պարտերում, իսկ Մելնիկովը կատարեց 4 միավորանոց հնարք: Նա առաջին մրցափուլում հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդում պահպանեց առավելությունը: Արթուր Ալեքսանյանը շատ ավելի ակտիվ էր երկրորդ մրցափուլում, բայց Մելնիկովին պասիվություն այդպես էլ չգրանցվեց:

2013 թվականին Արթուր Ալեքսանյանը 28-ամյա Նիկիտա Մելնիկովին 2 անգամ պարտվել էր Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում ու Կազանում կայացած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչում: Գյումրեցի ըմբիշը չէր պարտվել նախորդ 45 գոտեմարտերում անընդմեջ:

Ռիգայում 24-ամյա Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 8:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակիչում նա 6:2 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Դանիել Գաստլին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել թուրք Ջենկ Իլդեմից՝ 6:2:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր նաեւ 2011-ին:

Մարտի 12-ին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ նվաճել էր նաեւ 32-ամյա Ռոման Ամոյանը, որը 59 կգ քաշային կարգի եզրափակիչում ժամանակից շուտ 0:8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովին եւ չորրորդ անգամ դարձավ մայրցամաքի փոխչեմպիոն:

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել նաեւ Միհրան Հարությունյանը (66 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:4 հաշվով ուժեղ էր գտնվել լեհ Գժեգոժ Վանկեից, սակայն 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր լատվիացի Նիկիտա Մասյուկսին: Լատվիացի ըմբիշը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն կրեց, եւ Միհրան Հարությունյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Գերծանրքաշային Էդգար Խաչատրյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել էր ավստրիացի Լուկաս Հոերմանին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվել էր գերմանացի Էդուարդ Պոպին՝ 0:6: Գերմանացին էլ իր հերթին պարտություն է կրել հաջորդ գոտեմարտում:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ մարտի 13-ին, Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում