21:11  ,  12 մարտի, 2016

ՀՖՖ-ն ՖԱՖ-ին խանգարում է Հայաստան - Բելառուս խաղի տոմսեր ձեռք բերելու հարցում

ՖԱՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուական շարժմանը խոչընդոտում է ձեռք բերել Հայաստան - Բելառուս ընկերական խաղի տոմսեր:

«Արդեն 2-րդ օրն է ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաեւ տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք /կարելի է ստուգել տոմսարկղում/, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու «վաճառված», ավելի տեղին է ասել՝ «հանված են» մի քանի հարյուր տոմս:

Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը եւ տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց, որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին եւ ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի եւ հետագա մեր գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ»,- նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում