18:08  ,  4 մարտի, 2016

Եվգենի Պլյուշչենկո. Սա մարտի 8-ի նվերս է հայուհիներին

Իմ շոուով ցանկանում եմ հայ հասարակության մեջ սեր արթնացնել գեղասահքի նկատմամբ, ցույց տալ այս մարզաձեւի ամբողջ գեղեցկությունն ու դրանով նպաստել Հայաստանում գեղասահքի մասսայականացմանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն, ով այսօր ժամանաել է Երեւան: Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը մարտի 5-ին կմասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուին:

«Շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, տեսնում եմ, որ դուք անտարբեր չեք իմ արվետսի նկատմամբ: Երկու անգամ արդեն ելույթ եմ ունեցել հայ հանդիսատեսի համար Հայաստանում: Եվ այդ երկու անգամն էլ իսկական անշլագ է եղել: Նախորդ անգամ երբ ելույթ էի ունենում հայ հանդիսատեսի առջեւ, երկու հայուհի հուզվել էին, նրանց աչքերից արցունք էր հոսում: Դա ինձ շատ տպավորեց, ինձ եւս հուզեց: Այդ ամենով ես ապրում եմ, այդ ամենն իմ կյանքն է: Այս ներկայացումով ես նպատակ ունեմ մասսայականցնել գեղասահքը Հայաստանում, մարդկանց ցույց տալ այս մարզաձեւի գեղցկությունը, որ ծնողները իրենց երեխաներին տանեն գեղասահքի: Ցանկությունս է, որ հայերը շատ սիրեն այս մարզաձեւը: Սիրելով միայն երեխաները ցանկություն կհայտնեն հաճախել գեղասահքի: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ պայմաններ, հնարավորություններ:

Ես գիտեմ, որ Երեւանում վերջերս բացվել է Ռոդնինայի անվան մարզադպրոց: Ես իմ կողմից պատրաստ եմ երկխոսության գնալ հայկական կողմի հետ, ես պատրաստ եմ վարպետության դասընթացներ անցկացնել հայ գեղասահորդների համար, անվանի գեղասահորդներ բերել Հայաստան: Դուք շատ տաղանդավոր ազգ եք, դուք ունեք մեծ տաղանդներ եւ եթե շատ սահադաշտեր ունենաք, մեծ աստղեր կլինեն:

Գեղասահքն իմ կյանքն է, իմ մասնագիտությունը. իմ կենսակերպը: Բարդ մարզաձեւ է եւ միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր: Ես այժմ մասնակցում եմ ցուցադրական շոուներին, բայց դրա հետ չեմ դադարում մրցաշարերի մասնակցել: Ինձ համար շատ հետաքրքիր է եւ մրցել, եւ ցուցադրական շոուների մասնակցել: Դրանք երկու տարբեր երեւույթներ են, երկու տարբեր աշխարհներ: Հետաքրքիր է մրցումների մասնակցելը, ես սիրում եմ մրցակցել եւ պատահական չէ, որ մասնակցել եմ չորս Օլիմպիական խաղերի, ես սիրում եմ այդ մրցակցային մթնոլորտը: 2018 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին իմ մասնակցության մասին դեռեւս ոչինչ ասել չեմ կարող: Չեմ մեկնաբանի: Դեռ ժամանակ կա, դեռ պետք է վերականգնեմ առողջությունս, եթե ցանկություն ունենամ, կմասնակցեմ:

Առջեւում մարտի 8-ն է, եւ կարծում եմ, սա շատ լավ նվեր է հայ կանանց համար իմ կողմից: Մեծ շոու է լինելու: Ես շնորհակալ եմ իմ մենեջերին, ով այս հնարավորությունն ինձ համար ստեղծել է, եւս մեկ անգամ կարող եմ ուրախացնել հայ ժողովդրին: Սա մարտի 8-ի նվերս է հայուհիներին»,- ասաց Եվգենի Պլուշչենկոն:

Ասուլիսին հնչող հարցերից մի քանիսը եւ տիրող աղմուկը զայրացրեցին գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնին, նա նույնիսկ սպառնաց դադարեցնել ասուլիսը: Լեգենդար գեղասահորդին դուր չեկան շոուի տոմսերի գներին վերաբերող հարցերը: Եվգենի Պլուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանի խոսքով՝ շոուն նաեւ բարեգործական բնույթ ունի եւ տոմսերի 80 տոկոսը նվիրվել է անվճարունակ ընտանիքներին, ուղղակի գեղեցիկ շոուի ականատես լինելու համար:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս