16:58  ,  4 մարտի, 2016

Եվգենի Պլյուշչենկո. Պատրաստ եմ Հայաստանին օգնել գեղասահքը զարգացնելու հարցում

Սիրում եմ Հայաստանը: Ունեմ շատ հայ ընկերներ: Հայերի մեջ, հայերի հետ եւ Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի Զվարթնոց օդանավակայում ասաց Եվգենի Պլյուշչենկոն, որը րոպեներ առաջ ժամանեց Հայաստան: Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը մարտի 5-ին Երեւանում կմասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուին:

«Սա իմ երրորդ այցն է Հայաստան: Սիրում եմ Հայաստանը, Երեւանը: Ձեր երկիրը շատ ջերմ է, բարեհամբույր, մարդիկ շատ բարի են ու հյուրընկալ: Ինձ շատ ընդհանուր բաներ են կապում հայերի հետ: Ես շատ հայ ընկերներ ունեմ: Արդեն 18 տարի աշխատում եմ Արի Զաքարյանի հետ, որն իմ մենեջերն է: Ես ինձ շատ լավ եմ զգում հայերի մեջ, հայերի հետ, Հայաստանում՝ եւս: Հայերեն մի քանի բառ գիտեմ: Օրինակ՝ էշի պոչ, բարեւ, ոնց ես, ապեր, ապեր ջան: Գիտեմ, որ հայկական խոհանոցը շատ համեղ է, բայց ես այդքան էլ խոհանոցների սիրահար չեմ: Ես շատ բարդ կյանքով եմ ապրել, շատ դժվարություններ եմ տեսել, այդ պատճառով սնունդի հանդեպ այդքան յուրահատուկ վերաբերմունք չունեմ:

Վաղը կայանալու է մեր շոուն. շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում հայ հանդիսատեսի համար: Հիմա օդանավակայանից կմեկնեմ հյուրանոց, ապա՝ սահադաշտ, որտեղ կհետեւեմ փորձերին, կատարվող աշխատանքներին: Մեր հետ միասին սառույց դուրս կգան նաեւ պրոֆեսիոնալ գեղասահորդներ, հետաքրքիր է լինելու շատ: Երկու ժամ շարունակ ես հայ հանդիսատեսին կտամ միայն դրական լիցքեր: Ամբողջ կյանքս նվիրել եմ գեղասահքին: Այն ինձ համար դարձել է կենսակերպ: Այսօր գեղասահքն իմ աշխատանքն է, որը ես շատ սիրում եմ: Սիրում եմ սահել սառույցի վրա եւ ուրախացնել հանդիսատեսին, սիրում եմ պարբերաբար նոր կերպարներով հանդես գալ: Գեղասահքն ինձ համար նաեւ արվեստ է: Մի մարզաձեւում, թատրոն, մյուզիքլ, էքստրեմալ մարզաձեւ, բալետ, կինո: Այս ամենի համադրությունն է: Իմ մասնագիտությունը սիրում եմ: Գիտեմ, որ Հայաստանում գեղասահքը դանդաղ տեմպերով է զարգանում: Դրա համար անհրաժեշտ է նախ պայմաններ ու սահադաշտ, որը դուք չունեք: Այդ մասին մենք շատ ենք խոսել, բարձրաձայնել, որ Հայաստանը, Երեւանը չուներ սահադաշտ:

Հայերը շատ տաղանդավոր ազգ են՝ շարժունակ, պլաստիկ, պարային: Եվ եթե դուք ունենաք լավ սահադաշտեր, մի քանի տարուց «կծնվեն» պրոֆեսիոնալ գեղասահորդներ, աստղեր: Դուք ժամանակին ունեիք շատ լավ դպրոց, լավ մարզիկներ, մարզիչներ: Հիմա էլ ունեք, ուղղակի նրանք գնացին ձեր երկրորդ հայրենիք՝ Լոս Անջելես (ծիծաղում է):

Ես պատրաստ եմ օգնել Հայաստանում գեղասահքը զարգացնելու հարցում: Ես եւ Արի Զաքարյանը պատրաստ ենք ամեն ինչ անել ձեր երկրի ու հայ մարզիկների համար»,- ասաց Եվգենի Պլյուշչենկոն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում