19:14  ,  2 մարտի, 2016

Էլաջ Բալդե. Ցանկանում էի Հայաստանում ռեկորդ սահմանել, բայց չստացվեց (ֆոտոշարք)

Մեծ բավականություն ստացա հայ սկսնակ եւ արդեն մարզվող գեղասահորդներից: Հայերը շատ տաղանդավոր են: Երիտասարդ աղջիկներից աչքի ընկան մի քանիսը, որոնց հետ կցանկանայի մարզվել, սահել, դուրս գալ սառույց:

Այս մասին ասել է գեղասահքի Կանադայի հավաքականի անդամ, 25-ամյա Էլաջ Բալդեն, ով Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում վարպետության դաս անցկացրեց 100 երեխաների, պատանի եւ երիտասարդ գեղասահորդների համար, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Կանադացի գեղասահորդը նպատակ ուներ Երեւանում Գինեսի ռեկորդ սահմանել՝ չորս անգամ հետադարձ ցատկելով (սալտո), սակայն մի քանի փորձից հետո սահմանափակվեց երեքով: Առաջիկայում նա կսահմանի իր ռեկորդը:

«Ես կանադացի եմ, բայց ծնվել եմ Մոսկվայում, քանի որ մայրս ռուս է, հայրս Աֆրիկայից է: Բայց ես ինձ համարում եմ կանադացի, ապրում եմ Կանադայում՝ Մոնրեալ քաղաքում:

Հայաստան այցելում եմ առաջին անգամ, շատ ուրախ եմ, խոստանում եմ էլի գալ, այստեղ շատ լավ է, հատկապես ինձ հրաշալի զգացի, երբ սառույցի վրա կանգնեցի: Տեղյակ եմ, որ երկար տարիներ Հայաստանում սահադաշտ չի եղել, մարզումներ անցկացնելու համար պայմանները սուղ են եղել, ապա բացվել է այս մարզադպրոցը՝ եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան: Դա շատ լավ է, որ դուք արդեն ունեք մարզվելու համար բոլոր չափանիշներին համապատասխանող սահադաշտ: Իսկ դա առաջին նախապայմանն է մարզաձեւը զարգացնելու, մասսայականացնելու համար:

Դպրոցի սաներն ինձ պատմեցին, որ ընդամենը երկու ամիս է սկսել են մարզումները: Իսկ եթե երկու ամսում հայ մարզիչները կարողացել են արդեն այսքան ներդնել սկսնակ գեղասահորդների մեջ, ուրեմն վստահեցնում եմ, որ տաղանդ ունեն այս փոքրիկները, հեռանկարներ կան: Ես հիացած եմ այս երեխանեորվ: Որոշ ժամանակ անց նրանք արդեն բարդ կոմբինացիոն ցատկեր էլ կկարողանան անել: Հայերը շատ տաղանդավոր են:

Ես Հայաստանում եմ Եվգենի Պլուշչենկոյի շոուին մասնակցելու նպատակով: Ինձ հրավիրել է Արի Զաքարյանը եւ շատ ուրախ եմ, որ ես նույնպես մասնակից կլինեմ սառույցի այդ մեծ շոուին:

Ցանկանում էի Հայաստանում ռեկորդ սահմանել իրար հաջորդող չորս հետադարձ ցատկով (սալտո), որը կգրանցվեր «Գինեսի գրքում»: Փորձարկումներն արեցի, երեք ցատկ արեցի, բայց ռեկրոդ չսահմանեցի: Դա առաջիկայում կսահմանեմ: Այսօր ուղղակի հաճույք ստացա հայ փոքրիկ գեղասահորդներից, իմ հնարքները նրանց սովորեցրի:

Ես նրանց տարիքին էի, երբ սիրահարվեցի այս մարզաձեւին: Սկսեցի հաջող ցատկեր կատարել, աստիճանաբար ինձ մոտ սկսեց ստացվել, ապա մրցումներում հաղթեցի: Հիշում եմ, որ հինգ տարեկան էի, երբ ինքս որոշեցի, որ գեղասահորդ եմ դառնալու»,- ասաց Էլաջ Բալդեն:

Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ գեղասահքի շոուն մարտի 5-ին է:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս