09:41  ,  1 մարտի, 2016

Իրինա Ռոդնինա. Չեմ կարող վստահեցնել, որ Հայաստանը կունենա Եվրոպայի, աշխարհի կամ օլիմպիական չեմպիոններ

Պետք է չէ գուշակություններով զբաղվել՝ ունեք դուք տաղանդներ, թե ոչ: Ունեք, կան տաղանդներ, կարեւորը ժամանակին նրանց գտնելն է:

Այս մասին ասել է եռակի օլիմպիական չեմպիոն, գեղասահքի աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ով մեկօրյա այցով Երեւանում էր:

«Ինձ միշտ զարմացնում է այն հարցը, որն ինձ մշտապես տալիս են՝ այս կամ այն մարզիկը կդառնա Եվրոպայի, աշխարհի կամ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ես կարող եմ միայն տեսնել մարդու, երեխայի տաղանդը, ծնողներից եկող կամ բնության կողմից տրվող տաղանդը, ունակությունները, բնական պլաստիկան:

Մենք միշտ ասում ենք, որ սկսնակ գեղասահորդը պետք է ունենա բնության կողմից տրված տաղանդ, իսկ մնացածը պայմանավորված է մարզիչների, ծնողների ճիշտ դաստիարակությունից:

Բոլորը չեմպիոն չեն դառնում, մեկը կամ երկուսն են դառնում: Մենք այսօր շատ տաղանդներ ունենք, պետք է միայն ճիշտ ուղղորդել նրանց: Մենք արդեն կորցրել ենք բազմակի չեմպիոն դառնալու կարողությունը, ունակությունը, այդ շրջանը վաղուց արդեն անցյալում է:

Գեղասահքը դարձել է շատ բարդ մարզաձեւ, մրցակցությունն օր օրի աճում է, մրցաշարերը շատ են, այս մարզաձեւում շատ բարդ է այսօր երկարատեւ առաջատար մնալ այնպես, ինչպես ես էի ժամանակին, իմ տարեկիցները, իմ ավագ ընկերները: Ես տեսնում եմ, որ անցել է արդեն երկարատեւ առաջատար մնալու կարողությունը:

Հայ մարզիկների մեջ կդժվարանամ ասել, թե ով ինչ ընդունակություններ ու հեռանկարներ ունի, քանզի Հայաստանում լինում եմ շատ քիչ ժամանակով, գեղասահորդներին հանդիպում եմ 1-2 ժամով: Չեմ կարող ասել, թե չեմ տեսնում հեռանկարներ հայ գեղասահորդների մեջ, բայց չեմ էլ կարող վստահեցնել, որ Հայաստանը կունենա Եվրոպայի, աշխարհի կամ օլիմպիական չեմպիոններ:

Գեղասահքն իսկապես լուրջ ու բարդ մարզաձեւ է, մի քանի րոպեների ընթացքում պետք է ցույց տաս քո հնարավորություններն ու ունակությունները, դրսեւորվես: Իսկ դա տասնյակ տարիների աշխատանք է պահանջում:

Տարիներ առաջ գեղասահքի հայ մարզիչներն ինձ դիմեցին Ռուսաստանում իրենց համար աշխատանք գտնելու խնդրանքով: Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես նրան պատմեցի հայ մարզիչների հետ իմ ունեցած զրույցի ու նրանց խնդրանքի մասին: Նրան ասացի, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծված՝ Ռուսաստանը մասնագետների կարիք ունի, քանի որ մեզ մոտ շատ են մարզաբազաները, սահադաշտերը, իսկ Հայաստանում հակառակն է՝ չունեք պայմաններ, սահադաշտեր, բայց մասնագետների պակաս չունեք:

Այդ զրույցի արդյունքում ստեղծվեծ իմ անվան մարզադպրոցը, որը կոչված է փոխել իրավիճակը: Դա նշանակում է՝ արդեն ժամանակն է առաջ գնալ, քայլեր անել, միջազգային մրցասպարեզում պատշաճ ներկայանալ:

Երջանիկ եմ, որ այդ մարզադպրոցում աշխատում են հրաշալի մասնագետներ, մարզիչների մի մեծ խումբ: Ուղղակի անհրաժեշտ է համբերություն ցուցաբերել, անցնել կրթվելու մի շրջան եւ սկսել աշխատել, իսկ ցանկացած աշխատանք, որին սիրով ես նվիրվում, անպայման արդյունք է տալիս:

Պետք չէ գուշակություններով զբաղվել՝ ունեք դուք տաղանդներ, թե ոչ: Ունեք, կան տաղանդներ, ամենակարեւորը՝ ժամանակին գտնել է այդ տաղանդները, զարգացնել, աճեցնել նրանց եւ ներկայացնել համաշխարհային սպորտում: Իսկ այդ ամենի համար կարեւորը պայմաններն են:

Կարծում եմ, գեղասահքն այսօր իր հետաքրքրությունը, պրոֆեսիոնալիզմի գագաթնակետը կորցրել է: Ես հիմա ինձ չեմ համարում գեղասահքի պրոֆեսիոնալ, քանի որ այժմ ամեն ինչ փոխվել է այս մարզաձեւում: Ես նույնիսկ չեմ հասկանում այժմ որ աստիճանն է համարվում պրոֆեսիսոնալ, ովքեր են այդ պրոֆեսիոնալները, ինչ համակարգով է գնահատվում գեղասահորդը:

Հիմա պրոֆեսիոնալ են եւ մարզիկը, եւ մարզիչը: Մեր ժամանակ գեղասահորդն ուներ կոնկրետ առաջնային պահանջներ: Այժմ երբ նայում եմ ծրագրերը, ձանձրանում եմ՝ ինձ համար տեսանելի է գեղասահորդների բոլոր 32 ատամները, նրանք այդքան դանդաղ են սահում եւ մեկ հայացքից կարող եմ ասել ինչ կոմբինացիոն ծրագիր է սպասվում ժուրիին եւ հանդիսատեսին, առավելագույն քանի ցատկ, որքան պտույտներով է լինելու: Ահա թե ինչու ինձ համար հասկանալի չէ, թե ինչ չափանիշներով են հիմա համարվում պրոֆեսիոնալ»,- ասել է Իրինա Ռոդնինան:

Լեգենդար գեղասահորդուհու անվան մարզադպորցը Երեւանում գործում է 2015թ. դեկտեմբերից:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով