09:52  ,  23 փետրվարի, 2016

Մարգարիտա Գասպարյան. Սիրում եմ Հայաստանը, Երեւանը

Ես ամենուր ասում եմ, որ հայուհի եմ: Սիրում եմ Հայաստանը, Երեւանը, եթե հրավեր ստանայի Հայաստանից, մեծ սիրով կգայի եւ հայ թենիսիտների համար վարպետության դասեր կանցկացնեի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ թենիսիստուհի, թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ, ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Մարգարիտա Գասպարյանը:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում փետրվարի 1-ի դրությամբ, 21-ամյա Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է 16 աստիճան եւ 43-րդ տեղում է: Մելբուրնում անցկացված թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Գասպարյաը հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին, ճապոնացի Նակա Կուրումիին, Ղազախստանը ներկայացնող Յուլյա Պուտինցեւային, իսկ չորրորդ շրջանում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Մարգարիտա, սկսենք ամենասկզբից. պատմիր քո հայկական ծագման մասին: Որտե՞ղ ես ծնվել եւ ի՞նչ գիտես արմատներիդ մասին:

Ծնվել եմ Մոսկվայում: Հայրս հայ է, մայրս` ռուս: Հայաստանի հետ կապս միշտ սերտ է եղել, մասնավորապես, մանկության տարիներին շատ հաճախ էի գալիս Հայաստան՝ տատիկիս եւ պապիկիս մոտ, միայն թե ոչ երկար ժամանակով: Մանկության տարիներից իմ ժամանակը մշտապես լցված է եղել մարզումներով, այդ պատճառով Հայաստանում քիչ ժամանակով էի լինում: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ երեք տարի առաջ: Շատ եմ սիրում Հայաստանը, սիրուն երկիր է, մասնավորապես սիրում եմ Երեւանը. գեղեցիկ քաղաք է: Կարծում եմ՝ իմ բացակայության երեք տարիների ընթացքում այժմ ավելի գեղեցիկ է դարձել: Կարծում եմ՝ այս տարի կկարողանամ գալ Հայաստան: Ծնվել, մեծացել եմ Մոսկվայում, բայց Հայաստանի հետ կապս երբեք չեմ կտրի:

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան է ինձ օգնել եւ մինչ օրս օգնում է թենիսում զարգանալու, աճելու հարցում: Ես ներկայացնում եմ Ռուսաստանը, հանդես եմ գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Եթե ես ներկայացնեի Հայաստանը, ամեն տեղ կներկայանայի՝ հայաստանցի: Անգամ եթե ինձ Հայաստանից աջակցեին, գուցե ես կարողանայի մեծ թենիսում ներկայացնել Հայաստանը:

Երբեւէ եղե՞լ է դեպք, որ թաքցնես ազգությունդ:

Առհասարակ ես ամենուր ասում եմ, որ հայուհի եմ: Բայց նման դեպք եղել է, որ թաքցնեմ իմ հայ լինելը, երբ ես մի օր գնացի Բաքու, որտեղ մասնակցում էի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) շարքի մրցաշարին: Բաքվում ես ներկայացա որպես ռուսաստանցի, քանի որ ինձ անդադար հարցնում էին, թե ես որտեղից եմ եւ ինչ ազգություն ունեմ: Չէի հասկանում, թե նրանք ինչու են անդադար հետաքրքրվում։ Ես շատ ուրախ էի, որ հաղթեցի այդ մրցաշարում, ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ մեծ նշանակություն ունի եւ կարեւոր չէ, թե դա որ երկրում է: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա հասկացա, որ այնտեղ հայ մարզիկի համար իրականում շատ բարդ է: Ես այնտեղ որեւէ խնդրի չհանդիպեցի։ Միակ խոչընդոտը հանիսատեսի կողմնակալ վերամունքն էր իմ հանդեպ. երբ մտնում էի կորտ, հանդիսատեսի մի զանգված ինձ դեմ էր, մրցակցիս էին գոտեպնդում: Ես չգիտեի, որ այնտեղ կա կողմնակալ վերաբերմունք ազգությամբ հայ մարզիկի նկատմամբ: Այդ մրցաշարի մրցավարներն օտարերկրացիների էին, իմ նկատմամբ որեւէ սուբյեկտիվ վերաբերմքուն չունեին, միայն մրցաշարի ղեկավարն էր տեղացի եւ միայն նա էր, որ չէր ցանկանում՝ ես հաղթեի:

Դու ծնվել ես սպորտային ընտանիքում՝ հայրդ նախկին ծանրորդ է, մայրդ՝ դահուկային սպորտով է զբաղվել։ Դա՞ է պատճառը, որ մարզական ուղի ես ընտրել կյանքում:

Գուցե դա նպաստել է, չեմ կարող ասել, բայց թենիսի գնացել եմ հորս նախաձեռնությամբ: Նա է ինձ տարել եւ ընդունել թենիսի: Այդ ժամանակից խաղում եմ թենիս: Սկզբում առանց հասկանալու էի գնում մարզումների, քանի որ շատ փոքր էի: Հետո աստիճանաբար արդեն մասնակցելով մրցաշարերի հասկացա, որ սիրում եմ այս մարզաձեւը եւ ուզում եմ թենիսում ինչ-որ բանի հասնել: Ճիշտ է՝ շատ բարդ է, մեծ քանակությամբ էներգիա, ներվեր, ուժ ես ծախսում: Սիրում եմ պայքարել, ինձ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր խաղ, մրցաշար: 

Ո՞վ է քո ներշնչանքի աղբյուրը թենիսում:

Թենիսիստուհիներից Սերենա Ուլիյամսը եւ Մարիա Շարապովան:

Իսկ ո՞վ է քո ամենամեծ քննադատը:

Երեւի հայրս (ծիծաղում է): Իսկ իրականում իմ ամենամեծ քննադատը ես եմ, մշտապես ես եմ ինքս ինձ քննադատում:

Պարտություններդ ինչպե՞ս ես տանում:

Նախկինում շատ հիվանդագին էին ընդունում յուրաքանչյուր պարտություն, ինձ համար շատ ցավալի էր, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, սովորեցի ղեկավարել հույզերս, ապրումներս: Այժմ ավելի հանգիստ եւ գիտակցելով եմ ընդունում պարտությունները, քանի որ դրանք էլ են մարզիկի համար:

Իսկ ի՞նչը կարող է թենիսում դառնալ հիասթափությանդ պատճառ:

Այս հարցին կդժվարանամ պատասխանել, քանի որ երբեւէ չեմ մտածել, չեմ հիասթափվել: Դեռ չեմ հիասթափվել ոչնչից:

Ինչպե՞ս է սկսվել համագործակցությունդ մարզիչ Ելենա Մակարովայի հետ:

Մեր համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ, երբ ես խաղում էի Կրեմլի գավաթի խաղարկությունում: Ես խաղում էր որակավորման փուլում եւ հենց երկրորդ շրջանում պարտվեցի: Ելենա Մակարովա այդ ընթացքում հետեւում էր իմ խաղին: Մենք մինչ այդ արդեն ծանոթ էինք, իսկ խաղից հետո պատահական հանդիպեցի նրան, զրուցեցինք, վերլուծեցինք խաղս եւ ես, օգտագործելով պահը, նրան հայտնեցի, որ չունեմ անձնական մարզիչ: Եկանք համաձայնության եւ փորձեցինք համատեղ աշխատել:  Այդպես սկսվեց մեր համագործակցությունը: Ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ նա ցանկանում էր ինձ հետ աշխատել, ես՝ նրա: Նրա հետ շատ հեշտ է աշխատել, մենք հրաշալի հասկանում ենք միմյանց, հեշտ ենք գտնում ընդհանուր լեզու:

Ձախից դու խաղում ես ռակետը մի ձեռքով բռնած, այնպես, ինչպես աշխարհահռչակ թենիսիստուհիներ Շտեֆի Գրաֆը, Ժուստին Էնենը: Այսօր ձախ ձեռքով խաղացող թենիսիստուհիները քիչ են հանդիպում: Ձախից մեկ ձեռքով խաղալու որոշումն ո՞ւմն է: 

Որոշումն իմն է: Իրականում շատ դժվար է ձախից մեկ ձեռքով խաղալ, այն ավելի շատ ընդունված է տղամարդկանց մոտ: Կանանց համար բարդ է տեխնիկապես: Նախկինում ձախից խաղում էի երկու ձեռքով, ինչպես բոլորը: 12-13 տարեկանում սկսեցի խաղալ մեկ ձեռքով, դա ինձ մոտ ինքնաբուխ ստացվեց: Հիշում եմ՝ մի անգամ վերադարձա մրցաշարից եւ ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ խաղալ մեկ ձեռքով ձախից: Սա բարդ տեխնիկա է, ինձ համար առաջին երկու ամիսը շատ դժվար էր, հաճախ գնդակը ձախ հարվածիցս հետո հայտնվում էր չգիտեմ ուր, բայց դա իմ որոշումն էր, որ պետք է խաղամ մեկ ձեռքով այնպես ինչպես աշխարհահռակ թենիսիստուհիները: Հիմա քչերն են այդպես խաղում: Ինձ հաճելի է, երբ հանդիսատեսին դուր են գալիս իմ ձախից մեկ ձեռքով հարվածները: Շատերին է այն դուր գալիս:

Մարզական կարիերայիդ ամենամեծ նվաճումը ո՞րն է քեզ համար:

Այս պահին ամենամեծ նվաճումս Մելբուրնում վերջերս ավարտված Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ շրջան հասնելն էր: Սա իսկապես ինձ համար մեծ նվաճում է:

Որո՞նք են առաջիկա անելիքներդ: Առջեւում Ռիո-2016-ն է: Կցանկանայի՞ր մասնակցել Օլիմպիական խաղերին եւ ինչպիսի՞ն է շանսերդ, եթե մասնակցես:

Ես շատ կցանկանայի մասնակցել Օլիմպիական խաղերին։ Կարծում եմ, այս տարի՝ Ռիո-2016-ին հնարավորություն կստանամ մասնակցել: Ամեն ինչ կախված է ինձանից: Ես դեռ շատ մրցաշարեր ունեմ: Եթե մինչեւ Օլիմպիական խաղերը լավ արդյունքներ գրանցեմ, լավ խաղամ, ապա կլինեմ Ռուսաստանի օլիմպիական թիմի անդամներից մեկը: Ես շատ եմ ցանկանում: Ըստ վարկանիշային աղյուսակի պետք է որոշվի՝ ովքեր են մասնակցելու Օլիմպիական խաղերին: Եթե բարձր տեղում լինեմ եւ հետ թողնեմ մյուս աղջիկներին, Ռուսաստանի ֆեդերացիան ինձ կներկայացնի Ռիո-2016-ում:

Կցանկանայի՞ր մի օր ներկայացնել Հայաստանը: Երբեւէ մտածե՞լ ես այդ մասին:

Իրականում, երբեւէ չէի մտածել այդ մասին: Գուցե մտածեի, եթե որեւէ առաջարկ լիներ Հայաստանից: Բայց առաջարկ երբեւէ չի եղել եւ հենց այդ պատճառով այդ մասին երբեք չեմ էլ մտածել:

Հայաստանում թենիսը դանդաղ է զարգանում: Քո կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում այս մարզաձեւը զարգացում չի ապրում եւ աշխարհի լավագույնների մեջ ներկայացուցիչ չունենք:

Իմ կարծիքով, պատճառը հետաքրքրության պակասն է: Հնարավոր է, որ Հայաստանում թենիսն այդքան էլ հետաքրքիր չէ: Իսկ եթե չկա հետաքրքրությունը, շարժառիթն էլ չի լինի մարզաձեւի զարգացման համար:

Իսկ չե՞ս մտածել Հայաստան այցելության մասին եւ հայ թենիսիստների հետ վարպետության դասեր անցկացնելու մասին, այնպես, ինչպես դա 2008 թվականին արեց աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը:

Եթե հրավեր ստանամ Հայաստանի ֆեդերացիայից, մեծ սիրով կհամաձայնեմ գալ եւ վարպետության դասեր անցկացնել հայ թենիսիսնտերի համար: Շատ քիչ ինֆորմացիա ունեմ Հայաստանի թենիսի ու հայ թենիսիտների մասին: Բայց եթե առաջարկ լինի Հայաստանից, հաճույքով կգամ, կծանոթանամ, իմ փորձը կփոխանցեմ հայ թենիսիտներին:

Մարգարիտա, իսկ անձնական կյանքի ժամանակ ունենո՞ւմ ես: Ունե՞ս անձնական կյանք:

Ոչ... (ծիծաղում է): Անձնական կյանքի ժամանակ չեմ ունենում: Դեռեւս իմ նպատակները կապված են թենիսի, մարզական կարիերայիս հետ: Հետագայում արդեն անձնական կյանքի ժամանակն էլ կգա:

Ի՞նչը կարող է դառնալ մարզական կարիերադ ավարտելու պատճառ:

Երբ հասկանամ, գիտակցեմ, որ այլեւս չեմ կարողանում խաղալ, ինձ մոտ չի ստացվում խաղը, հաջողություն այլեւս չկա, այդ ժամանակ գուցե մտածեմ կարիերաս ավարտելու մասին: Պետք է գա մի պահ, որ այս ամենն ինձ ձանձրացնի: Իսկ ես այնքան սիրահարված եմ այս մարզաձեւին, որ դժվար թե այդպիսի օր գա: Դեռ աճելու տեղ ունեմ, դեռ նոր ձեռքբերումների ձգտում ունեմ: Ես հաճույք եմ ստանում թենիս խաղալուց:

Ի՞նչ երազանք ունես այս պահին:

Երազանքս «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող դառնալն է: Օլիմպիական խաղերի հաղթող էլ կցանկանայի լինել, բայց ոչ այնքան շատ, որքան «Մեծ սաղավարտի»:

Մարգարիտա, շնորհակալություն անկեղծ զրույցի համար:

Ես նույնպես շնորհակալ եմ իմ մարզական կարիերայով հետաքրքրվելու եւ հետեւելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով