09:45  ,  25 հունիսի, 2012

Հաշմանդամային սպորտի 10-րդ փառատոնն ավարտվեց

Կարմիր Խաչի հետնվնասվածքային վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամների 10-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցեցին բոլոր մարզերի 90 մարզիկներ: Նրանք պայքարեցին վեց մարզաձեւերում` հաշմանդամային բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, լող, շախմատ, սեղանի թենիս:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը: Ողջույնի խոսքերից հետո հաշմանդամների «Փարոս» երգչախմբի` Հայաստանի օրհներգի կատարմամբ ազդարարվեց խաղերի բացումը:

Փառատոնի անցկացումը ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեից 3 միլիոն դրամի չափով: Եվս 1 միլիոն դրամ տրամադրել էր միջոցառման գլխավոր հովանավոր  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:

Մասնակիցների առօրյան ավելի բովանդակալից եւ հագեցած դարձնելու համար «Խորան Արդ» կազմակերպության աջակցությամբ անցկացվեց «Փարոս» «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որի հաղթողները պարգեւատրվեցին «Անտարես հոլդինգ» ընկերության տրամադրած հուշանվերներով եւ գրքերով: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության եւ «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության աջակցությամբ իրականացվեցին սեմինարներ «Երկրաշարժեր եւ բնական աղետներ» եւ «Լոնդոն-2012 ամառային Պարալիմպիկ խաղեր» թեմաներով:

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ «Դոն Կիխոտ» ռեստորանում: Հաղթողներին մրցանակներ հանձնեցին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը եւ «Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Արտավազդ Նալբանդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս