09:40  ,  2 փետրվարի, 2016

Ալեքսանդր Գրիգորյան. Հայաստանի առաջնության գլխավոր թերություններից մեկը դատարկ տրիբունաներն են

Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանի, ինչպես նաեւ Գյումրիի «Շիրակը» գլխավորելու առաջարկի մասին: 

Վերջերս թիմ հրավիրեցիք Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանին, որին ծանոթ էիք «Լուչ-Էներգիայից»: Ինչպե՞ս է անցնում նրա հարմարվելու գործընթացը:

Կորյանի հետ արդեն կնքել ենք պայմանագիր, նա աստիճանաբար մարզավիճակ է հավաքում: «Արարատի» դեմ ընկերական խաղում Ռուսլանը մեր մի շարք խաղացողների պես չցուցադրեց այն, ինչի ունակ է: Կորյանն այն ֆուտբոլիստներից է, որոնք որակյան խաղ են անցկացնում, երբ ֆիզիկապես պատրաստ են 100 տոկոսով: Իսկ նա միայն մի քանի օր առաջ է միացել մեզ:

Դուք նշել էինք, որ ունեք Հայաստանում աշխատելու ցանկություն: Տարիներ առաջ մոտ եք եղել «Շիրակը» գլխավորելուն: Առաջարկներ եղե՞լ են Հայաստանի մյուս ակումբներից:

Եթե չեմ սխալվում, «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի հետ ծանոթացա 2011-ին: Ինձ դուր եկան նրա ամբիցիոզ ծրագրերը եւ տվեցի թիմը գլխավորելու համաձայնություն: Ինձ դուր եկավ Գյումրիի ֆուտբոլային մթնոլորտը: Հայաստանի առաջնության գլխավոր թերություններից մեկը դատարկ տրիբունաներն են: Իսկ Գյումրիում մարդիկ գնում են ստադիոն: Երբ վերադարձա տուն իրերիս հետեւից, ես առաջին անգամ ստացա «ԲՄԱ-Էներգիան» գլխավորելու առաջարկ: Ես ներողություն խնդրեցի Սահակյանից եւ մեկնեցի Խաբարովսկ, քանի որ ունեի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում աշխատելու մեծ ցանկություն:

Ակումբի ղեկավարությունն ի՞նչ խնդիրներ է դրել «ԲՄԱ-Էներգիայի» առջեւ:

Հիմա Ռուսաստանի առաջին դիվիզիոնում մեծ մրցակցություն է, եւ բոլոր թիմերում հանդես են գալիս որակավորված ֆուտբոլիստներ: Հոգաբարձուների խորհուրդի ղեկավար Արկադի Մկրտիչեւը մեր առջեւ խնդիր է դրել այս մրցաշրջանում պահպանել տեղն Առաջին դիվիզիոնում: Հետո կանցնենք ավելի ամբիցիոզ նպատակների:

Սամվել Սուքիասյան՝ Սոչիից

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով