15:33  ,  23 հունվարի, 2016

Մելսիկ Բաղդասարյան. ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ բարդ է, հատկապես, եթե դու հայ ես

ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ բարդ է, հատկապես, եթե դու հայ ես, ներկայացնում ես Հայաստանը, իսկ ես թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի իմ մենամարտերում, թե քիկ-բոսքինգում ներկայացնում եմ միայն Հայաստանը: Որքան էլ լավը լինես, ուժեղ լինես, եթե դու հայ ես, դժվար է առաջ գնալը, տեղ չեն տալիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Glendale Fighting Club-ի անդամ, խառը մենամարտերի WLF աշխարհի չեմպիոն Մելսիկ Բաղդասարյանը, ով հունվարի 23-ին Չինաստանի Շանհայ քաղաքում կանցկացնի հերթական մենամարտերը, կրկին WLF վարկածի չեմպիոնության համար:

Մելսիկ, այսօր կկայանա հերթական մենամարտդ: Ինչպե՞ս ես տրամադրված:

Ամեն ինչ շատ լավ է, մարտական տրամադրվածություն ունեմ: Կարծում եմ, ամեն ինչ հաջող է անցնելու: Այսօր Չինաստանի Շանհայ քաղաքում կանցկացնեմ իմ հերթական քիկ-բոքսինգի մենամարտը: WLF վարկածով, երբ չեմպիոն դարձա, այդ նույն վարկածի Չինաստանի ֆեդերացիայից հրավեր ստացա մասնակցել 8 Main Terlament-ի չեմպիոնության համար քիկ-բոքսինգի պրոֆեսիոնալ մեամարտի: Չեմպիոնության համար ամեն քաշային կարգում պայքարում են 8 մարզիկ: Մեկ օրվա մեջ երեք մենամարտ պետք է հաղթես, որ դառնաս չեմպիոն: Վարկածը նույն է՝ WLF:

Նույն այս օրը ինձ հետ մենամարտելու է նաեւ աշխարհահռչակ քիկ-բռնցքամարտիկ, իտալաբնակ հայ մարզիկ Ջորջո Պետրոսյանը: Նա ինձանից բարձր քաշային կարգում է:

Ինչպե՞ս դարձար քիկ-բնռցքամարտիկ:

6 տարեկանից զբաղվում եմ սպորտով: Երկու տարի կարատե եմ պարապել, 8 տարեկանից քիկ-բոքսինգով եմ զբաղվում: Հայաստանում մարզվել եմ քիկ-բոքսի ազգային ֆեդերացիայում՝ նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, մարզիչս Արթուր Արշակյանն էր: Հայաստանում մարզվելուս տարիներին սիրողական քիկ-բոքսի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել:  Արդեն շուրջ երեք տարի է՝ տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ: Կյանքի բերումով մարզական կարիերաս շարունակելու համար եկա ԱՄՆ, որովհետեւ Հայաստանում սահմանափակ է ամեն ինչ, մասնավորապես սպորտի բնագավառում, չկար հնարավորություն: Հայաստանում ինչ կախված էր ինձանից, ինչ պետք էր, արել եմ քիկ-բոքսում: Հիմա արդեն այստեղ պրոֆեսիոնալ քիկ-բոքսով եմ զբաղվում: Արդեն ունեցել եմ WLF վարկածով 6 մենամարտ, 6-րդ-ում հռչակվել եմ աշխարհի չեմպիոն 67 կգ քաշային կարգում:

Այս տիտղոսը նվաճելուց հետո մարզիչիս Էդմոն Թարվերդյանի հետ որոշեցինք, որ ես պետք է սկսեմ բռնցքամարտ անել, քանի որ անկեղծ կլինեմ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավելի շատ գումարներ կան, մասնավորապես ԱՄՆ-ում, քան քիկ-բռնցքամարտում:

Արդեն պրոֆեսիոնալ բնցքամարտի երեք մենամարտի փորձ ունեմ, մասնակցել եմ Golden boy promotion-ի շոուներին, երեքում էլ հաջողության եմ հասել, հաղթանակով ավարտել:

Բայց մարզիչիս հետ եկանք ընդհանուր որոշման, որ այս երկու մարզաձեւերը պետք է համատեղենք՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտը եւ քիկ-բոքսինգը:

Քեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ բռնցքամա՞րտը, թե՞ քիկ-բռնցքամարտ:

Քիկ-բոքսինգն է ինձ միանշանակ հոգեհարազատ, քանի որ կյանքիս հիմնական մասը ես ինձ նվիրել եմ այդ սպորտաձեւին: Բայց բռնցքամարտն է լինելով աշխարհի առաջատար մարզաձեւերից մեկը, նույնպես հարազատ է: Մասնավորապես, երբ տեսնում ես թե մարդիկ որքան լուրջ են վերաբերում յուրաքանաչյուր տիտղոսին, մենամարտերին, շոուներին: ԱՄՆ-ն պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի կենտրոնն է: Ես էլ սիրում եմ մենամարտել, պայքարել, կռվել, հաղթել եւ կարեւոր չէ՝ դա պրոֆեսիոնալ բռնցքամարտում է,թե քիկ-բոքսինգում:

Ինչպե՞ս ես տեղափոխվել ԱՄՆ, ո՞ւմ հրավերով:

Ուղղակի եկել եմ, իմ նախաձեռնությամբ, իմ ցանկությամբ, ոչ ոք ինձ չի հրավիրել ԱՄՆ: Որեւէ մեկի հետ կապ չեմ ունեցել, սպորտային կազմակերպությունների, պրոմոշիոնների հետ պայմանագիր չեմ ունեցել: Ես ինձանով եմ եկել, մնացել ու աստիճանաբար հաստատվել այստեղ: Մարզական կարիերայիս սկիզբը ԱՄՆ-ում շատ հաջող ստացվեց, ինչի համար ուրախ եմ. մենամարտեր, անուն, հաղթանակներ: Ստացվեց առաջին քայլերս: Հետո ընկերներիս միջոցով ծանոթացա Էդմոն Թարվերդյանի հետ, Glendale Fighting Club-ում սկսեցի մարզվել եւ իմ մարզիչը դարձավ Ռոնդա Ռոուզիի մարզիչ Էդմոն Թարվերդյանը:

Նշեցիր, որ Հայաստանում սահմանափակ են հնարավորությունները, այդ պատճառով մարզական կարիերադ կառուցում ես արտերկրում: Ի՞նչ զարգացում ունի քիկ-բոսքինգը Հայաստանում ըստ քեզ, եւ ի՞նչն է պակասում:

Հայաստանում քիկ-բռնցքամարտիկը աճելու տեղ չունի, ասես դու մարզվում ես զուտ մարզվելու, լավ մարզավիճակ ունենալու համար: Հնարավորոթյուններ չկան, որ մասնակցես մենամարտերի, տիտղոսներ նվաճես: Աճ չկա: Եւ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում: Այդքան էլ մեծ ուշադրություն չկա քիկ-բոքսինգին Հայաստանում, բայց ես վստահեցնում եմ, որ մասսայականություն է վայելում այս սպորտաձեւը մեր երկրում, շատերն են հաճախում, մարզվում: Եվ բոլորն էլ իրենց մարզական կարիերան շարունակում են դրսում: Չեմ կարող երբեւէ Հայաստանը համեմատել ԱՄՆ-ի հետ: Այստեղ այս մարզաձեւում կոնկրետ աշխատանք է տարվում, քեզ վրա մարդիկ աշխատում են, ջանք չեն խնայում, որ դու լինես պրոֆեսիոնալ: Այստեղ ամեն ինչ անսահմանափակ է, աշխատի, փառք ձեռք բեր, անուն, տիտղոսներ: Այստեղ դու բարձրանալու հնարավորություններ շատ ունես:

Բայց չեմ ցանկանում փնովել Հայաստանում քիկ-բոքսինգով զբաղվող, այդ ոլորտը պահող եւ առաջ տանող մարդկանց, նրանց աշխատանքը բարձր եմ գնահատում, քանի որ Հայաստանում է իմ մեջ դրվել հիմքը, սեր դեպի քիկ-բոքսինգը: Ուղղակի մեղադրելու չէ, ոչ ոք մեղավոր չէ, որ առաջ գնալու հնարավորություններ չկան: Այս ամենին հակառակ շատ եմ ուրախանում բռնցքամարտի նկատմամբ սպորտային ղեկավարության, պետության, մարդկանց լուրջ վերաբերմունքով: Հետեւում եմ Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը, ուրախանում եմ ամեն մի հաջողությունով, ուրախանում եմ, երբ մեր բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում մրցաշարերից, տարվա մեծ մասը ուսումնամարզական հավաքների են, աշխատում են, գնահատվում են: Յուրաքանչյուր մարզիկի համար դա ամենակարեւոր հանգամանքն է՝ առաջ գնալու ձգտում ունենալու համար: Շատ լավ տեղյակ եմ նաեւ, թե ինչ ծանր աշխատանք է տանում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, որպեսզի մեր տղաները ոչնչի կարիք չունենան, բոքսը զարգանա Հայաստանում, մեդալներ լինեն:

Ի՞նչ նպատակներ ունես սպորտում, քեզ հետագայում տեսնո՞ւմ ես պորֆեսիոնալ բռնցքամարտում, թե՞ կշարունակես մնալ քիկ-բոքսինգում:

ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ բարդ է, մասնավորապես երբ դու հայ ես, ներկայացնում ես Հայաստանը, իսկ ես թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի իմ մենամարտերում, թե քիկ-բոսքինգում ներկայացնում եմ Հայաստանը, գլխավերեւումս պահում եմ Հայաստանի դրոշը: ԱՄՆ-ում այսօր բռնցքամարտը մեքսիկացիների ձեռքին է: Որքան էլ լավը լինես, ուժեղ լինես, քանի որ դու հայ ես, առաջ չես գնա, տեղ չեն տա: Բայց դա ինձ չի ընկճում, ես փորձում եմ հիմա պրոֆեսիոնալ դառնալ պորֆեսիոնալ բռնցքամարտում: Երբ արդեն ժամանակը գա եւ հասկանամ՝ հասել եմ գագաթնակետին իմ ունակություններով, տեխնիկայով ու պատրաստ եմ դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ արդեն որպես պրոֆեսիոնալ, կավարտեմ քիկ-բոսքինգի կարիերաս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով