18:08  ,  20 հունվարի, 2016

Ծաղկաձորի միջազգային մրցաշարը՝ հայ դահուկորդների հաղթանակով (ֆոտոշարք)

Ծաղկաձորն այս օրերին հյուրընկալել է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից հովանավորվող Զարգացող ֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 50 դահուկորդ 5 երկրներից՝ Ռումինիա, Սերբիա, Լիտվա, Իրան եւ Հայաստան: Մրցաշարը նաեւ վարկանիշային է: Գավաթի խաղարկության առաջին օրը դահուկորդները մեկնարկի դուրս եկան ազատ ոճում՝ աղջիկները 5 կմ, տղաները 10 կմ մրցատարածություններում: Առաջին օրվա հաղթողներ դարձան՝ աղջիկներից Հայաստանի հավաքականի անդամ, Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Կատյա Գալստյանը: Իսկ տղաների 10 կմ մրցատարածությունում հավասարը չունեցավ Հայաստանի հավաքականի առաջատար Սերգեյ Միքայելյանը: Տղաների մրցապայքարում Սերգեյ Միքայելյանին զիջեցին բելառուս Յուրի Աստապենկան եւ Հայաստանը ներկայացնող Միքայել Միքայելյանը:

Կանանց մրցապայքարում երկրորդ տեղը զբաղեցրեց Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Սովարշչին, երրորդ տեղ՝ սերբ Մաիդա Դրնդիկի:

Ըստ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի, զարգացող երկրների ֆեդերացիաների դահուկավազքի խաղարկությունն անցկացվում է առաջին անգամ եւ վարկանիշային է:

«Դահուկային սպորտի միձազգային ֆեդերացիայի հովանու ներքո գործում է «Զարգացող երկրների խորհուրդ» կազմակերպությունը, որը երկար տարիներ անցկացրել է լեռնադահուկային սպորտի գավաթի մրցաշար: Դահուկավազքի գավաթի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում եւ ի պատիվ մեր ֆեդերացիայի, այդ հնարավորությունը տրվեց մեզ: Երկու հաշվարկ է կատարվում. քանի որ մրցաշարը ներառված է միջազգային ֆեդերացիայի օրացույցում, տալիս է վարկանիշային միավորներ: Բայց քանի որ զարգացող պետությունների խորհուրդը, որպես այսպիսին առանձին խորհուրդ է եւ այնտեղ կան 17 պետություններ, առանձին հաշվարկ է կատարվում նաեւ այդ գավաթի համար: Ըստ մեր առաջին օրվա արդյունքների, 50 տոկոսով կբարելավենք անցյալ տարվա մեր վարկանիշը: Սա հնարավորություն է, որ հայ մարզիկները ձեռք բերեն լավ վարկանիշային միավորներ: Հունվարի 21-ին մասնակիցները մեկնարկի դուրս կգան դասական ոճում. աղջիկներ՝ 5 կմ, տղաներ՝ 10 կմ: Իսկ հունվարի 22-23-ը կանցկացնենք արագավազքի մրցաշար, որը լինելու է վարկանիշային, ինչպես նաեւ պաշտոնապես այդ մրցաշարը կլինի Հայաստանի առաջնությունը»,- ասել է Գագիկ Սարգսյանը:

Հաղթողներին պարգեւատրեց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Հայաստանում լայնածավալ աշխատանք ենք վարում այն մարզաձեւերի ուղղությամբ, որոնք ունեցել ենք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, վերակենդանացնում եւ զարգացնում ենք: Այդ մարզաձեւերից մեկն էլ դահուկասպոտն է: Ուրախ եմ, որ Հայաստանում անցկացվում է այսպիսի մրցաշար, վարկանիշային մրցաշար:

Մրաշարին մասնակցում է նաեւ Բելառուսը, որն ունի շատ բարձրակարգ մարզիկներ, բազմաթիվ մրցանակներ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, Օլիմպիական խաղերից:

Սա մեծ փորձ է հայկական դահուկային սպորտի համար: Շատ եմ կարեւորում այս միջոցառումը եւ վստահ եմ, որ շարունակական է լինելու: Սա գեղեցիկ մարզաձեւ է, մենք ամեն ինչ կանենք, որ այս մարզաձեը մասսայականություն վայելի Հայաստանում»,- նշել է Գաբրիել Ղազարյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով