09:43  +04,  5 հունվարի, 2016

NEWS.am Sport NewYear. Մարզիկներն ու նրանց մայրերը. Միհրան Հարությունյան

NEWS.am Sport-ը շարունակում է ամանորյա շարքը՝ նվիրված հայ մարզիկներին եւ նրանց մայրերին:

Մեր հերոսը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն,  2015թ. աշխարհի առաջնությունում Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած, 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում երկրորդ տեղը գրաված Միհրան Հարությունյանը:

«Իմ անչափ սիրելի ու պաշտելի մայրիկ, ես հանուն քո ժպիտի պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե դու միշտ ժպտաս, առողջ լինես, ես ամեն ինչ կտամ դրա համար: Խոնարհվում եմ քո ամեն քայլի առաջ»:

Այսպես իր սերն արտահայտեց Միհրան Հարությունյանը մոր նկատմամբ NEWS.am Sport-ի «Հայ մարզիկներն ու նրանց մայրերը» նախագծի խնդրանքով: Միհրան Հարությունյանի մայրիկի՝ տիկին Լուսինեի մասին պատմող նյութը ներկայացում ենք հարցազրույցի տեսքով:

Միհրան, այս օրերին ամբողջ աշխարհը տոնական տրամադրության մեջ է: Սիրո՞ւմ ես Ամանորը եւ ինչո՞վ է առանձնանում այս տոնը քեզ համար:

Սիրում եմ Նոր տարին, նախապատրաստությունները, մարդկանց անհանգստությունը, որ գիտես Նոր տարվա համար է: Հատկապես, ինձ դուր են գալիս Նոր տարուն նախորդող օրերը, երբ փողոց ես դուրս գալիս ու մարդիկ շտապում են ինչ-որ տեղ՝ լի փաթեթներով, տոնածառերով: Իսկ արդեն Ամանորի գիշերը մի փոքր տխրում եմ, չգիտեմ՝ ինչու. եւ տխրում եմ եւ ուրախանում, անցած տարիս եմ վերհիշում, սխալներս ամփոփում, ձեռքբերումներս հիշում ու նոր մտնում նոր տարի: Կարծում եմ՝ այս զգացողությունը բոլորին էլ պատում է հենց Ամանորի գիշերը:

Իսկ Ամանորի գիշերը երազանք պահե՞լ ես:

Երազանքներ միշտ եմ պահում, Ամանորի գիշերը եւս պահեցի, որ դառնամ օլիմպիական չեմպիոն: Սա իմ բոլոր ժամանակների երազանքն է, բացի օլիմպիական չեմպիոնից նաեւ ինքս ինձ համար միշտ ցանկացել եմ լինել լավ մարդ, հաջողակ մարդ, օգնել հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ առհասարակ մարդկանց օգնող եւ հասնող միշտ լինեմ: Իսկ հիմա ցանկություններս ու երազանքներս մի փոքր փոխվել են, ինձանից անցել են աղջկաս, բոլոր երազանքներս նրա հետ են կապված, ցանկություններս նրա համար են, որ նա միշտ լավ լինի, առողջ լինի, ես իմ մարզումներից վերադառնամ տուն՝ նրան լավ տեսնեմ:

Ինչպիսի՞ն է քո ու ծնողներիդ, մասնավորապես, մայրիկիդ հետ հարաբերություններդ:

Ցանկացած որդու համար իր ամենաթանկ էակները ծնողներն են: Ես էլ բացառություն չեմ: Ծնողներիս, մասնավորապես, մայրիկիս հետ հարաբերություններս շատ ջերմ են: Նրա անունը Լուսինե է, նա շատ խելացի ու բարի կին է, ունի յուրահատուկ մոտեցում իմ ընտրած մասնագիտության հանդեպ, ինձ, որպես մարզիկի հանդեպ: Որպես մայր եւ որդի մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, եւ ես ուրախ եմ, որ մայրս ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, ընդունում է իմ ընտրությունը, սիրում եւ հարգում է իմ գործունեությունը: Բայց ես արդեն բավական հասուն տարիքում եմ, եւ արդեն նրանք էլ են գիտակցում, որ իմ բոլոր որոշումների մեջ ես ինքնուրույն եմ, ճիշտ է՝ խորհուրդները լսում եմ, բայց վերջնական որոշումներս ես եմ կատարում:

Չեմ կարող չնշել մի փաստ, որ ես անչափ երջանիկ մարդ եմ, որ ունեմ ծնողներ, հենց իրենք են իմ ծնողները, առողջ են եւ իմ կողքին, մասնավորապես երեւի բոլոր որդիների պես ամենաերջանիկ տղան եմ, որ ունեմ իմ մոր պես մայր:

Ես շատ սրտացավորեն եմ նրան վերաբերվում, քանի որ նրանք արդեն մեծանում եմ: Միշտ փորձում եմ այնպիսի մոտեցում ցուցաբերեմ, որ որեւէ մեկին չցավացնեմ, չնեղացնեմ, փորձում եմ միշտ նրանց կողքին լինել. նրանք երկուսն էլ իմ նուրբ ծաղիկներն են, որոնց ջերմություն, սեր ու խնամք է պետք:

Ասում են՝ ամենաբարդը մայրերին է սեր խոստովանել: Հաճա՞խ ես ասում, որ սիրում ես:

Մայրս շատ նուրբ է, շատ խոցելի: Նրա համար մենք՝ եղբայրներս, ասես, կյանքի ամենաթանկ նվերները լինենք: Նա յուրաքանչյուրիս իր ձեւով է սիրում: Օրինակ՝ իմ մանկության տարիներից պահպանված իրեր կան, որոնք նա դեռ դեն չի նետել: Նա ոչինչ դեն չի նետում՝ դա կապված լինի իմ անձնական իրերի, թե սպորտային իրերի հետ: Ինձ համար սա է սերը:

Ես իմ սերը իմ ձեռքբերումներով, իմ հաղթանակներով, իմ կյանքով եմ ցուցադրում իրեն: Փորձում եմ լինել նրա երազած որդին, հասնել բոլոր այն բարձունքներին, որտեղ նա երազում է ինձ տեսնել, եւ այդ ամենի մեջ ես նրան պարբերաբար իմ շնորհակալությունն ու սերն եմ ասում, քանի որ երկուսս էլ գիտակցում ենք, որ դա փոխադարձ սեր է ու հարգանք: Իսկ բառերով հաճախ եմ սերս արտահայտում: Հիմա եւս ցանկություն առաջացավ ձեր կայքի միջոցով սերս արտահայտել.

Իմ անչափ սիրելի ու պաշտելի մայր, ես հանուն քո ժպիտի պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե դու միշտ ժպտաս, առողջ լինես, ես ամեն ինչ կտամ դրա համար: Խորնահրվում եմ քո ամեն քայլի առաջ: 

Շնորհավոր քո Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Թող այս տարի դու ու բոլորը առողջ լինեն, հաջողակ, հայ մարզիկներիս ուժն էլ թող չպակասի»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով