14:48  ,  31 դեկտեմբերի, 2015

NEWS.am Sport NewYear. Արթուր Ալեքսանյանի ամանորյա երազանքը

Նոր տարի կմտնեմ օլիմպիական չեմպիոն դառնալու երազանքով, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչված Արթուր Ալեքսանյանը՝ ամփոփելով անցնող տարին ու խոսելով 2016-ի մասին:

Արթուր, ինչպիսի՞ն կմնա 2015 թվականը քո հիշողություններում:

2015-ն ինձ համար շատ լավ տարի էր: Շատ գոհ եմ անցնող տարուց: Ինչ ծրագրել էի, հաջողությամբ իրականացրեցի: 2015-իս գերխնդիրն, աշխարհի առաջնությունում կրկնակի չեմպիոն դառնալով, օլիմպիական ուղեգիր նվաճելն էր: Եվ այդպես էլ ստացվեց: Հասա առավելագույնին՝ դարձա աշխարհի կրկնակի չեմպիոն եւ ոսկե մեդալով ապահովեցի Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգիր: Այս ամենը հաճելի հիշողություններ են, արված աշխատանք: Դրանք արդեն կմնան անցնող տարում, իսկ առջեւում նոր ու ավելի բարդ ճանապարհ կա անցնելու:

Բայց այժմ Նոր տարի է, իմ շատ սիրելի տոնը: Սիրում եմ Ամանորը, Ամանորի հետ կապված բոլոր հոգսերը, անցուդարձը: Տանը, սեղան պատրաստելու հարցում ոչնչով չեմ օգնում, բայց եթե խորհրդիս կարիքը լինում է, անպայման հայտնում եմ:

Իսկ մայրիկիդ պատրաստած ուտեսներից ո՞րն է քո ամենասիրելին, որ ցանկանում ես ամեն տարի լինի տոնական սեղանին:

Նրա պատրաստած ամեն տեսակ ուտեստ սիրում եմ, բայց հենց Նոր տարվա սեղանից, ամենաշատը սիրում եմ մայրիկիս պատրաստած խմորեղենը: Թխվածքներ շատ եմ սիրում, հատկապես, երբ դրանք պատրաստում է մայրս: Իսկ Նոր տարվա սեղանինը, մի տեսակ ավելի համեղ է:

Ամանորյա տոնածառ զարդարո՞ւմ ես:

Սիրում եմ զարդարել, բայց ամեն անգամ չեմ հասցնում: Մեր տանը տոնածառ դնելու օրերը միշտ համընկնում են ծաղկաձորյան հավաքներիս հետ: Երբ արդեն վերադառնում եմ հավաքից, դրած են լինում: Ու այդպես մասնակից չեմ լինում տոնածառի զարդարմանը: Բայց սիրում եմ Ամանորին անպայման տոնածառ ունենալ տանը, քանի որ տրամադրություն է ստեղծում:

Արթուր, ի՞նչ երազանքով այսօր կմտնես 2016 թվական:

Օլիմպիական չեմպիոն դառնալու երազանքով: Սա 2016 թվականի հիմնական նպատակն է, ծրագիրը, մտածմունքը: Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո ինձ պակասում է միայն օլիմպիական չեմպիոնի կոչումը,  միայն օլիմպիական ոսկին չունեմ: Ես ամեն հնարավորը կանեմ, որպեսզի գալիք տարում իմ այդ երազանքն իրականություն դառնա:

Հաղթանակներ, մեդալներ, կոչումներ, պարգեւներ... Այս ամենը քեզ ժամանակի ընթացքում չի փոխե՞լ՝ մարդկային տեսակը, բնավորությունը:

Ոչ: Ես բնավորությամբ, մարդկային տեսակով ինչպիսին եղել եմ մինչեւ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն դառնալը, այդպիսին էլ հիմա եմ, ոչինչ չի փոխվել: Վստահ եմ խոսում, քանի որ այդ մասին կփաստեն նաեւ ընկերներս: Չեն կարող հաղթանակները մարդուն փոխել: Եթե հաղթանակ է, ուրեմն արդար է, եւ յուրաքանչուրից հետո որպես մարզիկ քո մեջ կրկնակի պարտավորվածություն ես կրում՝ հաջորդում նույնպես անպայման հաղթանակով դուրս գալ:

Իսկ ի՞նչը կարող է մի օր պատճառ դառնալ գորգը լքելուն, մարզական կարիերադ ավարտելուն:

Դեռեւս չկա մի այնպիսի պատճառ, որ ես մտածեմ գորգից հեռանալու մասին: Քանի դեռ կարողանում են, ուժերս տեղն են, ինձ մոտ ստացվում է գոտերմարտել, չեմ էլ մտածում դադարեցնելու մասին, եթե իհարկե շատ լուրջ վնասվածք չստանամ, ինչի պատճառով ստիպված հեռանամ մարզաշխարհից: Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, մինչեւ 2020 թվականի Օլիմպիական խաղերը կշարունակեմ պայքարել լավագույնը ճանաչվելու համար:

Ի՞նչ կմաղթես քո երկրպագուներին, հայկական մարզաշխարհին, հայերին:

Մեր ազգին, մեր ժողովրդին ամենակարեւորն եմ մաղթում՝ առողջություն, հաջողությունը թող ուղեկից լինի յուրաքանչյուրին, իսկ մարզաշխարհի ներկայացուցիչներին, հայ մարզիկներին մաղթում եմ շատ հաղթանակների, մեդալների տարի:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով