22:10  ,  25 դեկտեմբերի, 2015

Վոլեյբոլի Հայաստանի Մ-18 թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփել է 2015 թվականը, ներկայացրել է հաջորդ տարվա ծրագրերը, փոխանցում է ՀԱՕԿ կայքը:

«Ֆեդերացիայի աշխատանքները շատ հագեցած էին 2015 թվականին: Անկախությունից հետո Հայաստանում առաջին անգամ անցկացրինք լողափնյա վոլեյբոլի մինչեւ 18 տարեկանների Արեւելյան Եվրոպայի երկրների առաջնություն, որին մասնակցեց 6 երկրի 100 մարզիկ: Արձագանքները շատ դրական են եղել: Ֆեդերացիան այս տարի աշխատանքներ է կատարել երկու ճյուղով: Առաջինն այն էր, որ մենք անցկացրինք լողափնյա վոլեյբոլի մի շարք մրցաշարեր, իսկ երկրորդը՝ ուսանողական խաղերն էին, որոնք հագեցած էին հանդիպումներով: Այս տարի մենք 100-ից ավելի հանդիպում ենք անցկացրել միայն ուսանողական խաղերի շրջանակում: Համահայկական խաղերի ընթացքում անցկացվեցին երկու սպորտաձեւերի մրցաշարեր՝ դասական վոլեյբոլ եւ լողափնյա վոլեյբոլ: 2015 թվականի առաջնություններին մասնակցում էին թիմեր, որոնք առաջին անգամն էին մասնակցում, մենք չէինք էլ մտածում, որ Հայաստանի մարզերում կաին նմանատիպ թիմեր: Այս տարի մենք վերջնականապես լուծեցինք գույքի հետ կապված խնդիրը՝ թիմերն ապահոված են եղել գնդակներով եւ այլնով:

2016 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականները ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Անապայում: Պլանավորվում է նաեւ, որ 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:  

2016 թվականին Սեւանում կարող է կրկին կանցկացնենք Արեւելյան Եվրոպայի երկրների մեծահասակների առաջնության փուլերց մեկը: Նպատակ ունենք նաեւ 2016 դեկտեմբերի Հայաստանում անցկացնել մինչեւ 15 տարեկանների դասական վոլեյբոլի մրցաշար: Մենք ունենք շատ լավ պատրաստված լողափնյա վոլեյբոլի զույգ, որը դարձավ Համահայկական խաղերի չեմպիոն: Եթե բանակի խնդիր չունենանք, ապա մինչ 2020 թվականը այդ զույգը պետք է օլիմպիական ուղեգիր նվաճի (Աշոտ Բալաբեկյան, Արթուր Սաֆարյան): Աղջիկների հետ կապված՝ մի քիչ թույլ ենք, բայց կան վոլեյբոլիստներ, ովքեր կարող են խաղալ: Վոլեյբոլում հիմնական շեշտը դնում ենք պատանիների վրա»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում