15:10  ,  23 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ եւ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ կայքը։

Հարցման արդյունքում 26-ամյա Մխիթարյանը հավաքել է 228 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է 46 միավոր վաստակած Գաել Անդոնյանը ֆրանսիական «Դիժոնից», իսկ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին եզրափակել է եռյակը՝ 44 միավոր։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությունն անցկացրել է դեկտեմբերի 11-ից 21-ը: 2015-ի փակ քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար Բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց թիմերի 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները: Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին։ Դրանից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ քվեարկության, որին մասնակցում են ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները եւ մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են ՀՖՖ: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին եւ 1 անգամ երկրորդ տեղում: Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում։ Մարկոս Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ եւ 5 անգամ՝ երրորդ տեղում:

Հենրիխ Մխիթարյանը կստանա «Ոսկե գնդակ» մրցանակ, հատուկ պատվոգիր եւ 4 միլիոն ՀՀ դրամ։ Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ եւ 2.800.000 ՀՀ դրամ: Մարկոս Պիզելիին կարժանանա «Բրոնզե գնդակ» մրցանակի, հատուկ դիպլոիմ եւ 2 միլիոն դրամականպարգի:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում