13:09  ,  25 նոյեմբերի, 2015

Անդրանիկ Կարապետյանը՝ Հյուսթոնից. Բարդ էր, բայց կարողացա մեդալ նվաճել եւ վաստակել օլիմպիական վարկանիշ

Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց փոքր մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում: Գոհ եմ իմ արդյունքից, բարդ էր, բայց կարողացա փոքր մեդալ նվաճել եւ օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել: Չգիտեմ՝ Ռիո-2016-ին մասնակցելու հնարավորություն կունենամ, թե ոչ, բայց իմ կյանքի ամենամեծ երազանքն է Օլիմպիական խաղերին մասնակցելը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հյուսթոնից ասաց ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշայինների պոկում վարժությունում բրոնզե մեդալ նվաճած Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում գրավեց չորրորդ տեղը՝ ցույց տալով 363 կգ (167+196) արդյունք (անձնական քաշով տանուլ տվեց երրորդ տեղը գրաված եգիպտացի Մահմուդ Մոհամեդին:  

Չեմպիոն հռչակված Նիջաթ Ռահիմովի արդյունքն է 372 կգ: Նույն արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կվան Սոն Կիմը:

Անդրանիկ NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի առաջնությունում փոքր մեդալ նվաճելու կապակցությամբ: Բարդ պայքա՞ր էր:

Շնորհակալ եմ: Այո, իսկապես շատ բարդ էր: Ինձ համար այս աշխարհի առաջնությունը յուրահատուկ էր, քանի որ իմ առաջին աշխարհի առաջնությունն էր մեծահասակների մեջ: Իսկապես դժվար ու լարված պայքար էր՝ ավելի ու ավելի մեծ կիլոգրամներ բարձրացնելու: Երկամարտում 365 կգ-ի հայտ էի ներկայացրել, բայց քանի որ մրցակցությունը մեծ էր, կարողացա բարձրացնել 363 կգ: Համարում եմ, որ այս լարված պայքարում իսկապես հաջողությունն ինձ ժպտաց, բոլորն էլ գոհ էին իմ բարձրացրած կիլոգրամներից՝ մարզիչներս, ես նույնպես գոհ եմ, ամեն ինչ շատ լավ ստացվեց:

Դու հավատո՞ւմ էիր քո հաջողությանը, հաշվի առնելով այն, որ առաջին անգամ ես մեծահասակների առաջնությունում:

Հավատում էի, որ կկարողանամ օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել: Մեդալի հույս երեւի այդքան էլ չունեի, քանի որ գիտակցում էի, որ բարդ պայքար է սպասվում, քանի որ մրցելու եմ աշխարհի ուժեղագույնների հետ՝ աշխարհի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների: Մարզումների ժամանակ հրում վարժությունն այդքան էլ լավ չէր ստացվում: Այդ էր պատճառը, որ չէի հավատում, թե  կկարողանամ մեդալի համար պայքար տանել: Բայց մրցման ժամանակ իսկապես հաջողվեց հրում վարժությունը եւս:

Իսկ ճանաչո՞ւմ էիր քո հիմնական մրցակիցներին: Ըստ քեզ, հնարավորություն չունեիր լիարժեք մեդալի կամ փոքր ոսկե կամ արծաթե մեդալի համար պայքար տանել:

Քանի որ մեծահասակների աշխարհի առաջնությանն առաջին անգամ էի մասնակցում, չգիտեի, ովքեր են իմ հիմնական մրցակիցները, ովքեր են ամենաուժեղները, ում հետ եմ պայքարելու մրցահարթակում: Գիտեի, որ իմ քաշային կարգում ուժեղ է չեմպիոն հռչակված Նիջաթ Ռահիմովը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կվան Սոն Կիմը: Իհարկե, ցանկանում էի ավելի բարձր արդյունք ունենալ, ավելի բարձր մեդալի արժանանալ, լիարժեք մեծ մեդալ նվաճել, ամեն ինչ արեցի իմ հնարավորությունների չափով եւ նվաճեցի փոքր բրոնզե մեդալ: Ուրախ եմ, որ այս իմ մեդալով կարողացա օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակել մեր հավաքականի համար: Արդեն մրցումների վերջում պարզ կլինի, թե քանի միավոր ենք վաստակել, քանի օլիմպիական ուղեգիր ունենք:

Նշեցիր, որ քո առաջին մրցելույթներ էր մեծահասակների աշխարհի առաջնությունում: Անհանգստություն, վախ չունեի՞ր մրցելույթիցդ առաջ:

Մեծահակասների աշխարհի առաջնությունը շատ է տարբերվում երիտասարդների աշխարհի առաջնությունից: Որոշակի անհանգստություն ունեի, քանի որ մեծ պատասխանատվություն էր՝ կատարել բոլոր մոտեցումները, չձախողել, քանի որ առաջնությունը շատ կարեւոր է՝ օլիմպիական վարկանիշային:

Իսկ օլիմպիական ուղեգրի հույս ունե՞ս:

Շատ եմ ցանկանում իմ տեղն ունենալ Ռիո-2016-ում ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում: Դեռ ոչ ոք չգիտի՝ ինքը կլինի այդ կազմում, թե ոչ, մենք դեռ պայքարում ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու եւ Հայաստանի հավաքականի համար օլիմպիական ուղեգրեր նվաճելու ուղղությամբ: Թե ով կլինի կազմում, ոչ ոք վստահ չի կարող ասել: Շատ եմ ցանկանում, որ ուղեգրերից մեկը իմը լինի: Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ կյանքի ամենամեծ երազանքն է, նպատակս է:

Իսկ Տիգրան Մարտիրոսյանի ձախողման պատճառը ո՞րն էր՝ ըստ քեզ, որեւէ առողջական կամ հոգեբանական խնդիր կա՞ր:

Չեմ կարող ասել, թե որն էր ձախողման պատճառը: Ոչ ոք չի կարող ասել, թե Տիգրան Մարտիրոսյանի հետ ինչ էր կատարվում ծանրաձողի առջեւ կանգնած: Հոգեբական վիճակը մեծ նշանակություն ունի այդպիսի կարեւորագույն մրցաշարերի ժամանակ ծանրաձողին մոտենալիս: Հատկապես երբ առաջին մոտեցման ես գնում: Ես օրինակ շատ լարված էի առաջին մոտեցման ժամանակ, մտածում էի՝ ամեն ինչ անեմ, որ առաջին մոտեցումը չձախողեմ, որովհետեւ շատ բան կախված է առաջին մոտեցումից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով