19:41  +04,  21 նոյեմբերի, 2015

Աննա Գովելյան. Մայրերով կփորձենք ճանապարհ հարթել դեպի Ռիո-2016

Մայրերով կփորձենք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ճանապարհ հարթել  ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի 53 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Աննա Գովելյանը, ով նոյեմբերի 20-ին ԱՄՆ Հյուսթոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 11 հայ մարզիկներից առաջինը դուրս կգա մրցահարթակ:

Հիշեցնենք, որ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Աննա Գովելյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 22-ին, կեսգիշերից հետո 01:00-ին:

Աննա, ամենակարեւոր օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի առաջին մասնակիցը դու ես: Երկամարտի ի՞նչ արդյունքի ակնկալիք ունես:

Երկամարտի 185 կգ արդյունք եմ ակնկալում աշխարհի առաջնությունում: Ինքս էլ ամեն ինչ կանեմ, որ այդ արդյունքը գրանցեմ: Պոկում վարժությունում ակնկալում եմ 102 կգ, հրում վարժությունում 82-83 կգ: Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում 81 կգ արդյունք ցույց տվեցի, բայց այստեղ կփորձեմ մինչեւ 102 կգ բարձրացնել: Այս արդյունքով աշխարհի առաջնությունում 10-րդ, 11-րդ տեղ կզբաղեցնեմ իմ քաշային կարգում եւ կբերեմ օլիմպիական վարկանիշային միավորներ:

Օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունե՞ս:

Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրն էլ օլիմպիական ուղեգրի նպատակ ու ակնկալիք ունի, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ ենք մարզվում: Սա մեր երկրորդ եւ կարեւոագույն օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություններ կունենամ, մնում է արդեն իմ առջեւ դրված կիլոգրամները կարողանամ բարձրացնել, վնասվածքներ չունենամ, եւ մեր ունեցած օլիմպիական միավորներին գումարվի այս առաջնության միավորները եւ ըստ քաշային կարգերի օլիմպիական ուղեգրերը բաշխվեն:

Մարզավիճակդ ինչպե՞ս կգնահատես:

Այս պահին լավ մարզավիճակ ունեմ: Անցկացրինք մի քանի փուլերից բաղկացած ուսումնամարզական հավաքներ Հայաստանում եւ Կազանում: Իսկ տրամադրությունս նախամրցումային է: Համոզված եմ, որ մեր հավաքականի համար արդյունավետ կանցնի այս առաջնությունը:

Մեծ պատասխանատվությամբ կմոտենամ ծանրաձողին, կկատարեմ իմ մոտեցումները, քանի որ գիտակցում եմ՝ օլիմպիական վարկանիշային է: Եթե անցյալ տարի մեր խնդիրն էր միայն օլիմպիական վարկանիշային միավորներ հավաքել եւ սպասել աշխարհի առաջնությանը, ապա այստեղ սխալվելու իրավունք չունենք:

Ծանրամարտում մեծ նշանակություն ունի ծանրորդի հոգեբանական վիճակը: Որքանո՞վ ես կարեւորում հոգեբանական հանգստությունը:

Հոգեբանորեն հանգիստ, ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելը մեր մարզաձեւում ամեն ինչ է: Ծանրորդը կարող է շատ լավ մարզավիճակ ունենալ, բայց հոգեբանական պահը մեկ վայրկյանում ամեն ինչ տապալի: Հոգեբանական պահը յուրաքանչյուրին է խանգարում եւ անհանգստացնում, երեւի չկա մի մարզիկ, որին չխանգարի դա: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է հաղթահարում հոգեբանական խնդիրը: Յուրաքանչյուր մարզաձեւ եւ մարզիկ իրենց յուրահատուկ վախերն ունեն, երեւի անվախ մարզիկ չկա: Ուղղակի ամեն մեկն իր վախերը հաղթահարելու ձեւն ունի: Իմ վախը բացի լավ մարզավիճակում լինելը, մոտեցումներս կատարելուն հոգեբանորեն պատրաստ լինելն է: Իսկ այդ վախը հաղթահարելու համար, ինձ տրամադրում եմ միայն մարզումներին եւ մրցումներին:

Աննա, աշխարհի առաջնությունում այս տարվա կանանց Հայաստանի հավաքականում մեծամասամբ մայրերով եք: Խոսքս քո, Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Նազիկ Ավդալյանի մասին է: Հե՞շտ է մայր եւ մարզիկ լինելը:

Իսկապես այս տարվա մեր թիմում հիմնականում մայրերով ենք: Շատ հետաքրքիր է, պարտավորեցնող եւ միեւնույն ժամանակ արդեն սովորական: Ես մեր հավաքականը կանվանեի մայրերի հավաքական: Նախկինում աղջիկների հավաքական էինք, այժմ մայրերի: Մայր լինելու պարգեւը մեզ չի խանգարում նաեւ մարզուհի լինելուն, մարզվելուն, մրցումներին մասնակցելուն: Բայց նաեւ բարդ է  լիարժեք մայր եւ միեւնույն ժամանակ լիարժեք մարզուհի լինել: Կյանքում ամեն ինչ զոհ է պահանջում: Մեր պարագայում մեծ սպորտն էլ իր զոհերն է պահանջում. ցավոտ է, դժվար է, կարոտ, զգացմունքներ... Բայց պետք է հաղթահարենք:

Մայրերով կփորձենք Ռիո-2016 Օլիմպիական Խաղերի ճանապարհ հարթել  ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ