11:48  ,  20 նոյեմբերի, 2015

Արթուր Աբրահամ. Եթե Բեռնարդ Հոփքինսը ցանկանում է, կարող ենք մենամարտել

Եթե Բեռնարդ Հոփքինսը ցանկանում է, ապա կարող ենք մենամարտել: Տարիքը նրա համար խնդիր չէ, քանի որ նա շատ ուշ՝ 26-27 տարեկանում է սկսել զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Ես պատրաստ եմ մենամարտել եւ խնդիր չեմ տեսնում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մարեյի հետո: 

Արթուր, հերթական մենամարտդ նոյեմբերի 21-ին է: Ինչպե՞ս ես տրամադրված այդ մենամարտին եւ ի՞նչ մարզավիճակում ես այժմ:

Հաղթական եմ տրամադրված, դա ինձ համար սկզբունք է: Ինչպես միշտ ռինգ կմտնեմ հաղթելու համար: Լավ մարզավիճակում եմ: Իմ մարզիչ Ուլի Վեգները գոհ է իմ մարզավիճակից: Այնպես որ, հաղթանակս անխուսափելի է:

Նախորդ մենամարտիցդ անցել է ընդամենը մի քանի ամիս: Հասցրե՞լ ես այս կարճ ժամանակահատվածում հանգստանալ ու վերականգնվել: Հոգեբանորեն պատրա՞ստ ես հերթական անգամ հաղթանակի բերկրանքը նվիրել հայրենիքիդ ու երկրպագուներիդ:

Այո, սովորաբար յուրաքանչյուր մենամարտի համար հենց այսքան ժամանակ էլ տրամադրում եմ մարզվելուն: Ամեն ինչ նորմալ է, հանգիստ եմ, ուժերս տեղում են, ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ եմ մենամարտին:

Ի՞նչ կասես Մարտին Մարեյի մասին:

Ուժեղ մարզիկ է, ամուր, նպատակասլաց, բայց նրան հաղթելու հնարավորություն չեմ տա:

Ինչպե՞ս կգնահատես Մարեյի հնարավորությունները:

Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Ամեն դեպքում, ես եմ հաղթելու այս մենամարտում:

Դու հայտարարել ես, որ մոտիվացիայի համար քեզ անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ: Մարեյին համարո՞ւմ ես լուրջ մրցակից եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, նրան համարում եմ լուրջ մրցակից: Եթե մի բռնցքամարտիկ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ է, ուրեմն նա, հաստատ, թույլ չէ:

Մարեյը կարծիք է հայտնել, որ հիմա դու դանդաղ բռնցքամարտիկ ես:  Ինչ՞ կասես այդ մասին:

Ես նրան ռինգում կպատասխանեմ...

Արդեն կայացել է նաեւ հայացքների մենամարտը: Ի՞նչ կարդացիր Մարեյի աչքերում եւ ի՞նչ թույլ տվեցիր Մայրեին կարդալ քո աչքերում:

Մայերի աչքերում կարդացի հաղթելու ցանկություն: Այդ ցանկությունը ես շատերի աչքերում եմ տեսել: Իսկ ես իմ հայացքով ասացի նրան, որ ինձ հաղթելն այդքան էլ հեշտ չէ: 

Ինչպե՞ս կմեկնաբանես Ռոբերտ Շտիգլիցի հետ նախորդ հաղթական մենամարտդ:

Ես Շտիգլիցին վերջնականապես ապացուցեցի, թե ով է մեզանից ուժեղագույնը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Շտիգլիցն ասաց, որ արդար պարտություն էր եւ, որ դու իսկապես ռինգում ավելի ուժեղ էիր: Համաձա՞յն ես նրա կարծիքի հետ:

Այո, լավ է, որ հենց ինքն է խոստովանել դա:

Ըստ քեզ՝ Ռոբերտ Շտիգլիցը եւս մեկ ռեւանշ մենամարտ կցանկանա՞, թե՞ դա վերջինն էր:

Շտիգլիցի թեման փակված է, որովհետեւ 4 մենամարտերից հետո արդեն ամեն ինչ ակնհայտ է: Մենք արդեն շատ ենք հանդիպել, եւ 5-րդ մենամարտ այլեւս չի լինելու:

Շտիգլիցի հետ մենամարտիդ պատվավոր հյուրերից էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Ի՞նչ տպավորություններ ստացավ Հենրիխը քո մենամարտից եւ շնորհավորական ի՞նչ խոսքեր ուղղեց քեզ:

Այո, Հենրիխ Մխիթարյանը ներկա էր իմ մենամարտին, որից անմիջապես հետո ռինգ բարձրացավ, շնորհավորեց ինձ եւ մենք լուսանկարվեցինք: Շատ հաճելի էր: Եթե նա խաղ չունենա, երեւի, այս մենամարտին էլ կգա: Դա ուրախալի է, ես հպարտ եմ, որ հայ եմ եւ որ Հենրիխ Մխիթարյանն իմ հայրենակիցն է:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 50-ամյա Բեռնարդ Հոփքինսը հայտնել է, որ իրեն գայթակղում է քո հետ մենամարտելու հնարավորությունը: Ինչպե՞ս կարձագանքես Հոփքինսի այս ցանկությանը:

Եթե ցանկանում է, ապա կարող ենք մենամարտել: Տարիքը նրա համար խնդիր չէ, քանի որ նա շատ ուշ՝ 26-27 տարեկանում է սկսել զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Հոփքինսը եղել է բացարձակ չեմպիոն, նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Ես պատրաստ եմ մենամարտել եւ խնդիր չեմ տեսնում, թեեւ վերջերս նա հանդես էր գալիս 78 կգ քաշային կարգում, սակայն եթե ցանկանում է, ապա կարող ենք մենամարտել:

Արթուր, բոլորը ցանկանում են քեզանից խլել աշխարհի չեմպիոնի գոտին: Այս պայքարում ինչպե՞ս եւ որքա՞ն կկարողանաս դիմակայել:

Կդիմակայեմ ամենայն լրջությամբ եւ այնքան, որքան որ հարկավոր է պահպանել աշխարհի չեմպիոնի իմ գոտին:

Արթուր, ե՞րբ եւ ինչպե՞ս ես պատկերացնում մարզական կարիերայիդ ավարտը:

«Sauerland event» գերմանական փրոմոութերական կազմակերպության հետ երկարաձգել եմ պայմանագիրը մինչեւ 2017 թվականը: Մինչեւ այդ կշարունակեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերաս:

Արթուր, վերջերս Գերմանիայում կայացած մրցանակաբաշխությանը «Goldenen Henne-2015» մրցանակ հանձնեցիր չմշկավազքի 5-ակի օլիմպիական չեմպիոն Կլաուդիա Պեխշտայնին: Նախքան պրոֆեսիոնալ բռնցքամարտ մուտք գործելը, երբեւէ Օլիմպիական խաղերին մասնակցելու եւ օլիմպիական մեդալ նվաճելու ցանկություն ունեցե՞լ ես:

Իհարկե: Ես վաղ մանկությունից եղել եմ մարզասեր եւ ինձ միշտ պատկերացնում էի սպորտում:

Ե՞րբ կրկին կլինես Հայաստանում:

Առաջիկա այցիս հստակ օր ասել դեռ չեմ կարող, բայց միշտ էլ մենամարտից հետո գալիս եմ Հայաստան:

NEWS.am Sport-ը հաջողություն է մաղթում քեզ առաջիկա մենամարտում:

Շնորհակալություն NEWS.am Sport-ին եւ իմ մարտարվեստի բոլոր երկրպագուներին: Իմ անսահման սերը բոլորիդ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով