13:47  +04,  3 նոյեմբերի, 2015

Հակոբ Սերոբյան. 32 տարի անց աշխարհի առաջնության մեդալ նվաճելը պատմական իրադարձություն է

32 տարի շարունակ աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելը մեզ համար երազանք էր միայն: Մենք մեր ուժերով կարողացանք անել այն, ինչն իսկապես պատմական է: Երեւի, 100 միլիոն դոլար ինձ նվիրեին, այդքան չէի ուրախանա, որքան այս մեդալի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գլազգոյից ասաց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայում կայացած աշխարհի առաջնությում հայ մարմնամարզիկների մրցելույթներն ու արդյունքները:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժությունում նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ ապահովել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է ապրիլին Ռիոյում կայանալիք օլիմպիական վարկանիշային փորձամրցման ուղեգիր, Վահագն Դավթյանը եզրափակիչում բավարարվեց 7-րդ տեղով, արժանանալով «համաշխարհային մարմնամարզիկ» կոչման: Հայաստանի համար բազմամատրում օլիմպիական փորձամրցման ուղեգիր նվաճել է նաեւ ամերիկահայ Հուռի Գեբեշյանը, ով կլինի սպորտային մարմնամարզության Հայաստանի պատմության մեջ առաջին կին օլիմպիականը:

Պարոն Սերոբյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է աշխարհի առաջնությունում Ձեր գլխավորած թիմի հաջող ելույթների, բրոնզե մեդալի, օլիմպիական ուղեգրի եւ օլիմպիական փորձամրցման ուղեգրի կապակցությամբ: Ամփոփեք աշխարհի առաջնությունը:

32 տարի Հայաստանի սպորտային մարմնամարզության պատմության մեջ աշխարհի առաջնությունում մեդալ չէր եղել: Վերջին անգամ 1982 թվականին Արթուր Հակոբյանն է աշխարհի առաջնությունում մեդալ նվաճել: Սա իսկապես պատմական իրադարձություն է: Հարություն Մերդինյանն արդարացրեց իրեն, մեր սպասելիքները: Ուրախ եմ այս մեդալի համար: Մեր գերխնդիրն օլիմպիական ուղեգիրն էր: Անվանական օլիմպիական ուղեգիր նվաճելը սպորտային մարմնամարզությունում շատ մեծ հաջողություն է: Ընդհանուր մեր գրանցած արդյունքը այս առաջնությունում շատ մեծ հաջողություն եմ համարում մեր թիմի համար: Չեմ ժխտի՝ անսպասելի էր մեդալն ու ուղեգիրը, որովհետեւ մենք շատ կասկածելով եկանք այս աշխարհի առաջնությանը, հաշվի առնելով Արթուր Դավթյանի առողջական խնդիրները, բայց նա նույնպես իրեն արդարացրեց: Ամեն ինչ շատ հաջող ստացվեց մեզ համար, եղավ ամենալավ ձեւով: Ավելի լավ չէր կարող լինել:

Հարություն Մերդինյանի բրոնզե մեդալը Ձեզ բավարարո՞ւմ է: Ի՞նչը խանգարեց Մերդինյանին պայքարել արծաթի կամ ոսկու համար:

Իր վարժության բարդությունը: Մենք ավելին չէինք կարող անել: Մենք կարող էինք ստանալ 15.7 կամ 15.8 միավոր, բայց ավել չէինք կարող: Պետք է իրատես լինենք եւ Օլիմպիական խաղերի համար Հարությունի վարժությունն ավելի բարդացնենք: Հնարավորություն ունեինք եզրափակիչում վարժությունը բարդացնել, բայց իրավունք չունեինք, եւ հենց դրանով էլ արդարացվեց մեր արդյունքը: Կարող էինք գնալ շատի, բայց գուցե ոչինչ չստանայինք՝ ոչ մեդալ, ոչ ուղեգիր: Աստիճանաբար է պետք աճել: Բացի այդ Հարություն Մերդինյանի ուսերն արդեն ցավում էին, ռիսկի գնալու հարկ չկար: Ի վերջո, պետք է մտածենք նաեւ մեր մարզիկների մասին: Ես նախքան եզրափակիչն էլ ասացի, որ Հարությունի հնարավորություններն ավելի շատ էին, քան Վահագն Դավթյանինը:

Հարություն Մերդինյանի հաջողությանը հավատո՞ւմ էիք:

Միանշանակ, ուղղակի լուռ էի հավատում: Եթե մարզիչը չհավատա, մարզիկը չի հավատա ինքն իր ուժերին: Մարզիկը նայում է մարզիչին, եւ եթե տեսնի մարզիչը խեղճանում է, ինքը բնականաբար կխեղճանա ու չի հավատա իր ուժերին: Ես շատ գոհ եմ իմ մարզիկներից. նրանց ստացան իրենց գնահատականները եւ շատ բարձր: Մենք փոքր երկիր ենք այս պայքարում: Կարող էին մրցավարությամբ այնպես անել, որ 0,5 միավորով բրոնզե մեդալից զրկվեինք:

Վահագն Դավթյանի մասին ի՞նչ կասեք: Նրան ի՞նչը չբավարարեց:

Մարմնամարզությունում երզափակիչում հայտնվելը,  աշխարհի 8 լավագույններից մեկը լինելը շատ մեծ արդյունք է: Վահագն Դավթյանը ստանալու է «համաշխարհային մարմնամարզիկ կոչում, որը տալիս է միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու համար: Բայց այս կոչումը նրան օլիմպիական ուղեգիր չի տալիս: Եթե իրատես լինենք, Վահագն Դավթյանն ուղղակի չէր կարող բարձր արդյունք հավաքել, մեդալների եւ ուղեգրի համար պայքարել: Նա պատրաստ էր ընդուներ փաստը, որ չի կարող պայքարի մեջ լինել, գիտեր, որ այդ շանսը չունի, բայց արեց ամեն ինչ:

Ի՞նչն է եղել պատճառը, որ Հայաստանը սպորտային մարմնամարզությունից աշխարհի առաջնությունում մեդալներ չի նվաճել 32 տարի շարունակ՝ փորձի պակա՞սը, պայմանների բացակայությո՞ւնը, թե՞ մարզիկների խնդիրը:

Կքննադատեմ մեզ՝ մարզիչներիս. մենք երիտասարդ ենք եղել, չենք հասկացել ինչպես եւ ինչ անել մեդալներին հասնելու համար, չենք ունեցել մրցավարներ, չենք ունեցել այն մարդիկ, ովքեր գիտեին՝ ինչ է կատարվում սպորտային մարմնամարզության աշխարհում, չգիտեինք, թե ինչ կանոնադրություն կա, ինչպես կառուցենք վարժությունը, որ պայքարի մեջ մտնենք: Մարզիչը պետք է մրցավարի աչքերով գնահատի իրավիճակը, որպեսզի ճիշտ վարժություններ կազմի: Մարմնամարզությունը կրկես չէ, այստեղ գնահատական պետք է ստանաս քո արած վարժությունից: Այս ամենից զատ, չենք ունեցել պայմաններ: Եղել է պատերազմ, վերացել են դպրոցները, հնամաշ գործիքներ ենք ունեցել, իսկ նոր գործիքներ մենք ունեցել ենք 2004 թվականից: Հոգեբանական պահն էլ իր դերն ուներ, չէինք հավատում, որ արդյունքներ կունենանք: Ամեն ինչ աստիճանաբար եղավ, մարզիկները աճեցին, միմյանց տեսնելով, հավատալով հասան այս արդյունքներին: Մենք այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ Հայաստանը ճանաչում են, որպես ուժեղ, մրցակցային երկիր, մեզ հետ արդեն հաշվի են նստում: Ֆինանսական խնդիրներն էլ միշտ կան: Օրինակ՝ մենք հավաքներ չենք անցկացնում: Ունեցել ենք հավաք, բայց եթե մեզ այդ հարցում չաջակցեր ՀԱՕԿ-ը, դա էլ չէինք ունենա: Աշխարհի առաջնությունից առաջ հավաք չէինք անցկացրել, եկել եւ միանգամից մրցումներին ենք մասնակցել, այն պարագայում, երբ այստեղ մասնակից յուրաքանչյուր երկիր հավաքի է եղել առաջնությունից առաջ:

Շատ պատճառներ են եղել, խնդիրներ: Դրանք հիմա էլ կան: Պետք է մի քիչ ուշադրություն դարձվի կոնկրետ մարմնամարզությանը: Սկզբնական շրջանում ուշադրություն չկար մեր մարզաձեւին: Փորձեցինք ինքնուրույն արդյունքներ գրանցել, մեդալներ բերել, գործով ապացուցել եւ համեստ լինել:

Տղաների ներկայությամբ չեմ ասել, բայց մեր մարզիկներին հալալ է. այս պայմաններում շարունակում են, մարզվում են, հավատում եմ, աշխատում են՝ ոչնչի չնայելով: Իմ տղաներն են, հպարտ եմ նրանցով: Մենք մեր ուժերով կարողացանք անել այն, ինչն իսկապես պատմական է: Երեւի 100 միլիոն դոլար ինձ նվիրեին, այդքան չէի ուրախանա, որքան այս մեդալի համար: Ճիշտ է՝ չեմպիոն չդարձանք, բայց աշխատելու ենք այդ ուղղությամբ, կանգ չենք առելու, չենք բավարարվելու:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ