17:14  ,  28 հոկտեմբերի, 2015

Սպորտի նախարար. Մեծ է հայկական սպորտի կորուստը, քանզի ոլորտից հավերժ հեռացավ Ալբերտ Սոլոյանը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել հեծանվային սպորտի հայտնի մարզիչ Ալբերտ Սոլոյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ վշտով տեղեկացա հեծանվային սպորտի հայտնի մարզիչ, մանկավարժ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է մեր ավագ ընկերը, իր գործի բանիմաց ու հմուտ մասնագետը: 

Ընկեր Սոլոյանի սաները հայկական հեծանվային սպորտի մի քանի սերնդի ներկայացուցիչներ են: Նա նաեւ երկար տարիներ մարզել է տարբեր երկրների հավաքական թիմերի՝ Վրաստանում, Իրանում, Չինաստանում եւ այլուր: Մեծ է հայկական սպորտի եւ, մասնավորապես, հեծանվային սպորտի կորուստը, քանզի ոլորտից հավերժ հեռացավ Ալբերտ Սոլոյանն իր փորձառությամբ եւ սաներին իր գիտելիքները փոխանցելու մեծ պատրաստակամությամբ: 

Անկեղծորեն ցավակցում եմ Ա. Սոլոյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին՝ ցանկանալով նրանց հոգու տոկունություն եւ հավաստիացնում եմ, որ մեր սիրելի ընկեր Սոլոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- նշվում է ուղերձում, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում