20:20  ,  25 հոկտեմբերի, 2015

«Բորուսիան» խնդիրներ չունեցավ առանց Մխիթարյանի, Օբամեյանգի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային խնդիրների պատճառով չէր հայտավորվել խաղին, սակայն դա Թոմաս Տուխելի թիմին չխանգարեց 3 անպատասխան գոլ խփել առաջին խաղակեսում: Հաշիվը 18-րդ րոպեին բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որի գոլին հաջորդեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի դուբլը 12 րոպեում: Ընդմիջումից հետո հյուրերը կրճատեցին հաշիվը, բայց խաղի վերջակետը դրեցին տանտերերը: Վերջնամասում Օբամեյանգը խփեց եւս 2 գոլ՝ խոշոր հաշվով հաղթանակ բերելով դորտմունդցիներին:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը գոլերի քանակը հասցրեց 13-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:

«Բորուսիան» 23 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 7 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որը 10-րդ տուրից հետո ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 5:1

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 18, 85, 90+1, Մարկո Ռոյս, 21, 33 - Ռաուլ Բոբադիլիա, 49

«Բորուսիա Մ.» - «Շալկե»՝ 3:1

Լարս Շտինդլ, 32, Ռաֆայել, 70, Յուլիան Կորբ, 84 - Անդրեաս Կրիստենսեն, 44 (ինքնագոլ)

Հեռացում՝ Յոհանես Գեյս, 80 («Շալկե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում