18:30  ,  25 հոկտեմբերի, 2015

Հակոբ Սերոբյան. Առաջին անգամ Հայաստանը մարմնամարզուհի կունենա Օլիմպիական խաղերում (ֆոտո)

99 տոկոսով մենք մարմնամարզությունից մեկ օլիմպիական ուղեգիր ունենք Ռիո-2016-ում: Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա կին ներկայացուցիչ, որը կլինի Հուռի Գեբեշյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Գլազգոյից, որտեղ հոկտեմբերի 23-ին մեկնարկել է մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցում է 4 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգի թափեր), Վահագն Դավթյան (օղակների վարժություն), իսկ կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հուռի Գեբեշյանը, որն ԱՄՆ-ից: Ամերիկահայ մարզուհին արդեն ավարտել է իր մրցելույթն աշխարհի առաջնությունում եւ շատ մոտ է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն:

Պարոն Սերոբյան, առաջին անգամ Հայաստանի համար օլիմպիական վարկանիշ է նվաճում մարմնամարզուհի: Պատմեք՝ ինչպես դա հաջողվեց ԱՄՆ-ից ժամանած Հուռի Գեբեշյանին:

Հուռի Գեբեշյանը հավաքել է օլիմպիական վարկանիշ՝ բազմամարտում գրանցելով 51, 965 միավոր, իսկ այս արդյունքը 99 տոկոսով օլիմպիական ուղեգիր է տալիս: Սա իսկապես պատմական իրադարձություն, քանի որ Օլիմպիական խաղերին մարմնամարզությունից կին մասնակից մենք չենք ունեցել:

Հուռի Գեբեշյանը բնակվում է ԱՄՆ-ում: Նրա անձնական մարզիչն է Լեւոն Կարախանյանը: Եվրոպայի առաջնությունում նրանք դիմեցին մեզ եւ ցանկություն հայտնեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Մենք, բնականաբար, միանգամից համաձայնեցինք, եւ Հուռին Եվրոպայի առաջնության բազմամարտում լավ արդյունք ցույց տվեց: Աշխարհի առաջնությանը Հուռին կրկին ցանկացավ մասնակցել բազմամարտում: Մեզ հետ կրկին կապ հաստատեց Լեւոն Կարախանյանը եւ ասաց, որ իրենք ցանկանում են մասնակցել եւ հավաքել օլիմպիկան վարկանիշ: Սա մեզ համար, իհարկե, շատ կարեւոր էր, եւ Հուռին իր ցանկությունն իրականացրեց:

Ինչպե՞ս կգնահատեք նրա մրցելույթը:

Հուռի Գեբեշյանն աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկավ հոկտեմբերի 24-ին: Նա մասնակցեց բազմամարտի մրցաշարին: Չորս վարժությունները շատ լավ կատարեց եւ վաստակեց 51,965 միավոր: Նա նույնիսկ մեկ անգամ վայր ընկավ, բայց այսքան միավոր հավաքեց: Սա շատ լավ ցուցանիշ է, եւ տալիս է օլիմպիական վարկանիշ, բայց սա դեռ վերջնական արդյունքը չէ: Ապրիլին Ռիոյում կկայանա Test event՝ Օլիմպիական խաղերից առաջ վերջին փորձամրցումը: Այդտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես Օլիմպիական խաղերի մրցումներին է: Այստեղ նա նույն արդյունքը ցույց կտա եւ օլիմպիական ուղեգիրն իրենը կլինի: Այսինքն, նա պետք է անպայման մասնակցի այդ փորձամրցմանը եւ հաստատվի նրա հավաքած վարկանիշները: Նա իր արդյունքով 200-ից ավելի մասնակիցների մեջ 67-րդն է: Սակայն, քանի որ բոլոր երկրները մասնակցում են թիմերով, իսկ Հայաստանը չի կարող հանդես գալ թիմով, Հուռին ընկնում է միքսային մասնակիցների մեջ: Նա «միքսերի» մասնակիցներից մեջ 28 լավագույններից է, որտեղ 11-րդն է:

Ռիո-2016-ի ուղեգրի հույսերը մե՞ծ են Հուռի Գեբեշյանից:

Միանշանակ, ասեմ ավելին՝ 99 տոկոսով Ռիո-2016-ի ուղեգիրը Հուռիինն է: Սա վստահությամբ եմ ասում, քանի որ Լոնդոնից առաջ էլ Test event անցկացվեց, եւ այնտեղ մասնակցում էին բոլոր նրանք, ովքեր ուղեգրի իրական հավակնորդ էին եւ բոլորն էլ տարան իրենց ուղեգրերը: Ես այդ ամենը տեսել եմ, դա է իմ վստահության պատճառը: Մենք բոլորս շատ ուրախ ենք, որ Հայաստանը վերջապես մասնակից կունենա Օլիմպիական խաղերի մարմնամարզության կանանց մրցաշարում: Սա պատմական իրադարձություն կլինի:

Հոկտեմբերի 26-ին մեկնարկում է տղամարդկանց մրցաշարը: Արթուր Դավթյանի մասնակցության հարցն ինչպե՞ս որոշվեց:

Արթուր Դավթյանն անպայման կմասնակցի աշխարհի առաջնությանը: Հոկտեմբերի 26-ին նրա մրցելույթի օրն է: Արթուրը հիմա լավ է զգում, գլխապտույտներն անցել են: Ոչ լիարժեք, բայց տեսնում եմ, որ նա իրեն լավ է զգում: Ինչպես ծրագրել էի՝ հեշտացրել եմ Արթուրի վարժությունը, որպեսզի գլուխը չպտտվի մրցելույթի ժամանակ, օպտիմալ մասնակցություն ունենա եւ այդ ամենին գումարած՝ նվաճի ուղեգիրը: Մեր գերխնդիրն օլիմպիական վարկանիշներն են: Ես մտածում էի, որ Արթուրը կկարողանա բազմամարտում հավաքել վարկանիշներ, իսկ հենացատկում նվաճել մեդալ՝ կատարելով երկու ցատկ, բայց այժմ որոշել ենք, որ նա միայն մեկ ցատկ կկատարի: Չեմ ցանկանում, որ ագահություն անենք եւ վտանգենք Արթուրի մասնակցությունը:

Արթուր Դավթյանը Հուռի Գեբեշյանի պես հաստատելու իր վարկանիշները Test event-ում: Եթե նա վաղը հավաքի 85, 86 միավոր, վարկանիշները կհաստատի Test event-ում եւ օլիմպիական ուղեգիրը մերը կլինի: Ես այլեւս Արթուրին չեմ հարցնում, թե ինչպես է զգում: Նա լավ է, ես տեսնում եմ, մենք մարզվում ենք: Արթուրն ինքնավստահ է. նա գիտի, որ կարող է անել այն, ինչ կարողանում է: Ես հավատում եմ նրան:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Հուռի Գեբեշյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով