20:55  +04,  24 հոկտեմբերի, 2015

Փաշիկ Ալավերդյան. Տղաների մարզավիճակն իմ սրտով է (ֆոտո)

Տղաների մարզավիճակն իմ սրտով է: Ինչ մարզավիճակ ցանկանում էի, մարզիկներն արդեն հասել են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Հայ ծանրորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կայանալու է նոյեմբերի 20-28-ը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում: Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 24-ին ավարտեց հայաստանյան վերջին հավաքը, որն անցկացվում էր Ծաղկաձորի մարզաբազայում: Մարզման վերջում Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին:

Պարոն Ալավերդյան, քանի ներկայացուցիչ կունենա ծանրամարտի տղամարդկանց հավաքականը աշխարհի առաջնությունում: 

ԱՄՆ ենք մեկնում 6 մարզիկներով՝ Վանիկ Ավետիսյան (69կգ), Տիգրան Մարտիրոսյան (77կգ), Անդրանիկ Կարապետյան (77կգ), Սիմոն Մարտիրոսյան (105կգ) եւ երկու գերծանր քաշայիններ  Գոռ Մինասյան ու Ռուբեն Ալեքսանյան:

Հոկտեմբերի 15-24-ը Ծաղկաձորում անցկացրեցինք աշխարհի առաջնությունից առաջ մեր նախավերջին հավաքը: Հոկտեմբերի 29-ին թիմը կմենկի Թաթարստանի մայրաքաղաք Կազան, որտեղ մինչեւ նոյեմբերի 16-ը կանցկացնենք վերջին հավաքն աշխարհի առաջնությունից առաջ: Նոյեմբերի 17-ին կմեկնենք ԱՄՆ, իսկ աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարը կսկսվի նոյեմբերի 23-ից:

Աշխարհի առաջնությունում մեր առաջին մասնակիցը 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն է, ով մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 23-ին: 77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր երկու ծանրորդները՝ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 24-ին: Հետո մրցահարթակը կտրամադրվի Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին եւ Ռուբեն Ալեքսանյանին:

Ի՞նչ ակնկալիքներ կան, օլիմպիական վարկանիշների սպասելիքներն ինչպիսի՞ն են:

Մեր հիմնական ակնկալիքն օլիմպիական վարկանիշներն ու ուղեգրերն են: Կփորձենք այս աշխարհի առաջնությունում 5 օլիմպիական վարկանիշ նվաճել, որպեսզի կրկնենք անցյալ տարվա մեր ցուցանիշը եւ մեր ուղեգրերը հաստատվեն: Նախորդ տարվա մեր վարկանիշերին կգումարվի այս տարվա վարկանիշները եւ արդեն պարզ կլինի, թե քանի մարզիկով կարող ենք մասնակցել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին:

Այսինքն, մեդալների հետեւից չեք գնու՞մ:

Եթե հնարավորություն ունենանք պայքարել մեդալների համար, ապա չենք հրաժարվի եւ կպայքարենք մինչեւ վերջ:

6 մարզիկ, 4 քաշային կարգ. ընդ որում՝ երկու քաշային կարգերում երկուական ներկայացուցիչ: Իրականում, ո՞ր քաշային կարգերից եք վարկանիշներ եւ, մասնավորապես, մեդալներ ակնկալում:

Վարկանիշներ բոլորից էլ ակնկալում եմ: Այս չորս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնող բոլոր ծանրորդներն էլ կարող են պայքարել վարկանիշների համար: Սա մեծ սպորտ է, եւ ամեն ինչ էլ հնարավոր է, բոլորն էլ փորձառու մարզիկներ են: Նրանցից բոլորն էլ մի քանի անգամ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, Օլիմպիական խաղեր մասնակցած տղաներ են: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պատահական թիմ չէ, այլ եփված, պատրաստի թիմ է:

Աշխարհի առաջնության մեկնարկին մեկ ամիս կա, ու եւս մեկ հավաք ունեք անցկացնելու: Ինչպե՞ս կգնահատեք ծանրորդների մարզավիճակը հիմա:

Տղաների մարզավիճակն իմ սրտով է: Ինչ մարզավիճակ ցանկանում էի, մարզիկներն արդեն հասել են: Դեռ մեկ ամիս կա եւ Կազանում մի փոքր ավելի թեթեւ ծրագրով կաշխատենք, թեթեւ վարժություններ կանենք, քանակը կկրճատենք վարժությունների: Կազանում հավաք անցկացնելու որոշումը բոլորինս է՝ մարզչական խորհրդինն ու մարզիկներինը: Նրանք են ասել, թե որտեղ կցանկանային մարզվել: Բացի այդ, նրանք ցանկություն հայտնեցին մրցումներից մեկ շաբաթ առաջ լինել մրցավայրում: Այդպես էլ կազմակերպել ենք: Թիմը Հյուսթոնում կլինի նոյեմբերի 17-ին, իսկ 6 օր անց կմեկնարկի տղամարդկանց առաջնությունը:

Աշխարհի առաջնության մասնակիցների մեջ դարձյալ չկա 77 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Ո՞րն Առաքելի բացակայության պատճառը:

Առաքել Միրզոյանը դեռ չի մասնակցի մրցաշարերին, քանի որ կրկին արմունկի հոդի վիրահատություն տարավ եւ դեռ ապաքինվում է: Տեսնենք, թե մինչեւ Եվրոպայի առաջնություն ինչ կարող է անել, կհասցնի ապաքինվել, թե՝ ոչ: Նա դեռ երիտասարդ է, այս ընդմիջումները դեռ չի նշանակում, որ սա արդեն Առաքել Միրզոյանի մարզական կարիերայի ավարտն է: Ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություն անել: Բոլորս հավատում ենք, որ Առաքելը լիարժեք կապաքինվի եւ կմիանա հավաքականին: Նա բավականաչափ լավ մարզիկ է եղել եւ մնացել է այդպիսին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ