11:38  ,  21 հոկտեմբերի, 2015

«Բորուսիան» Բաքու մեկնեց առանց Հենրիխ Մխիթարյանի

Դորտմունդի «Բորուսիան» մեկնել է Բաքու, որտեղ հոկտեմբերի 22-ին Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղ կանցկացնի ադրբեջանական «Գաբալայի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ուղեւորվել Ադրբեջանի մայրաքաղաք եւ մնացել է Դորտմունդում, հայտնում է ակումբի կայքը:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն oդանավակայանում լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչու Մխիթարյանը թիմի հետ չէ. «Հենրիխի հետ զրուցել ենք այդ հարցով: Մխիթարյանը մի քիչ անհարմար էր զգում այս իրավիճակում, բայց եկանք այն եզրահանգման, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա չմեկնի այս խաղին»,- նշել է գերմանական ակումբի ղեկավարը:

Ավելի վաղ Վացկեն հայտնել էր, որ հայ կիսապաշտպանը չի մեկնի Բաքու, քանի որ ադրբեջանական կողմը դժվարություններ ունի անվտանգությունն ապահովելու հարցում: «Գաբալայի» փոխնախագահ Ֆարիզ Նադժանովն էլ անհիմն էր որակել այդ հայտարարությունը՝ նշելով, որ իրենք ստեղծում են անվտանգության առավելագույն պայմաններ: 

Հիշեցնենք, որ «Գաբալայի» բոլոր առաջատար խաղացողները լեգեոնականներ են: Օրինակ՝ «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի խաղում արդբեջանական ակումբի մեկնարկային կազմում կար ընդամենը մեկ ադրբեջանցի: «Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովն իր հերթին հայտարարել էր, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է այնպես անեն, որ Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփի Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով