14:12  ,  20 հոկտեմբերի, 2015

«Գաբալայի» փոխնախագահ. Հենրիխ Մխիթարյանի հարցով Վացկեի հայտարարությունն անհիմն է

Ադրբեջանական «Գաբալայի» փոխնախագահ Ֆարիզ Նադժանովը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հայտարարությունը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Ավելի վաղ գերմանական ակումբի ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում:

«Բորուսիայի» ներկայացուցչի հայտարարությունն անհիմն է: Մենք ստեղծում ենք անվտանգության առավելագույն պայմաններ: Մենք ունենք միջազգային խաղեր անցկացնելու փորձ: Հայ մարզիկները մինչեւ այս էլ եկել են Բաքու: Օրինակ կարող է ծառայել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվեց Բաքվում: Գերմանական ակումբը մեզ չի դիմել Հենրիխ Մխիթարյանի վիզայի հարցով»,- Ֆարիզ Նադժանովի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանս-Յոահիմ Վացկեն պատմել էր, որ Բաքվում դժվարություններ կան անվտանգությունն ապահովելու հետ կապված, իսկ ֆուտբոլիստը չի կարող խաղալ վախի զգացումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով