21:55  ,  16 հոկտեմբերի, 2015

Արթուր Դավթյան. Եթե գլխապտույտս չանցնի, բոլորիս աշխատանքը ջուրը կընկնի, երազանքներս կկորեն

Շատ վատ կլինի, եթե չապաքինվեմ եւ աշխարհի առաջնությունում դուրս չգամ մրցելույթի։ Այսքան տարիների իմ, բոլորիս աշխատանքը ջուրը կընկնի, չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին, երազանքներս կկորեն:

Հայ մարմնամարզիկները մեկնում են աշխարհի առաջնության, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում։ Աշխարհի առաջնությունը միակ օլիմպիական վարկանիշային մրցաշարն է հայ մարմնամարզիկների համար, որտեղ վարկանիշների համար պայքարելու են Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Դավթյանը։

Սակայն վերջին օրերին Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մասնակցությունը հարցականի տակ է: Մարմնամարզիկը վերջին օրերին չի մարզվում առողջական խնդիրների պատճառով։ Չնայած Արթուր Դավթյանը թիմի հետ կմենկի աշխարհի առաջնության, սակայն դեռեւս պարզ չէ՝ մարզիկը դուրս կգա մրցելույթի, թե ոչ։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է մարմնամարզիկի հետ:

Արթուր, դու ամենամեծ հնարավորություն ունեցող մարմնամարզիկն ես, ով կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Ի՞նչ առողջական խնդրի առջեւ ես կանգնել։

Ամեն ինչ իդեալական էր մինչեւ անցած ուրբաթ: Արդեն 6 օր է՝ ինքնազգացողությունս լավ չէ: Ունենում եմ պարբերաբար շարունակվող գլխապտույտներ, որոնք ինձ շատ են անհանգստացնում: Չեմ կարողանում մարզվել: Արդեն 7 օր է՝ չեմ մարզվում: Առաջին օրերին շատ ուժեղ էր գլխապտույտս, իսկ այժմ մի փոքր թեթեւացել է: Բայց շարունակվում է եւ ինձ խանգարում է, որ մարզվեմ: Այս ընթացքում մի շարք մասնագետներ հետազոտեցին ինձ, նույնիսկ լուրջ հետազոտությունների գնացինք, բայց դեռ հստակ պարզ չէ, թե ինչից է: Ինձ անհանգստացնում է այս գլխապտույտը, քանի որ եթե մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը չանցնի, ես ուղղակի չեմ կարողանա մասնակցել: Շատ քիչ ժամանակ է մնացել: Արդեն մեկ օրից մեկնում ենք, իսկ ես չեմ մարզվում, մարզադահլիճում եմ, բայց նույնիսկ էլեմենտար շրջան չեն կարողանում անել, որն առաջին դասարանի երեխան կարող է անել: Չեմ կարող բացատրել, թե ինչն է պատճառը։ Այս ընթացքում մի քանի բժիշկների մոտ հետազոտվեցի, ամեն մեկը մի բան է ասում: Արդեն մի քանի օր է նաեւ հոգեբանի սեանսներ եմ անցնում, հայտնի հոգեբան Աղաս Պետրոսյանն է փորձում ինձ օգնել այս իրավիճակից դուրս գալ: Բայց ես վստահ եմ, որ հոգեբանական խնդիր չէ: Ինչ կապված է մրցման հետ, թե հնարավոր է՝ լարված եմ մրցումներից առաջ, նման բան չկա:  Ես կարծում եմ, որ խնդիրը լուրջ չէ, ես հավատում եմ, որ մինչեւ մրցումները կանցնի, իմ կարծիքով՝ սա ուղղակի թունավորում է, միայն նեղսրտում եմ, որ բաց եմ թողնում այս օրերը եւ չեմ մարզվում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ օլիմպիական ուղեգիր նվաճելու միակ հույսը դու ես, եւ քո հնարավորություններն են մոտ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելուն: Գուցե պատասխանատվության զգացո՞ւմն է քեզ լարում:

Պատասխանատվություն բնական է, որ ունեմ, բայց դա ինձ չի լարում: Ես նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին, որ միակ հույսը ես եմ, եւ դրանից հոգեբանորեն ընկճվեմ: Լարվածությունը մարզիկի համար նորմալ է, մի փոքր լինում է յուրաքանչյուր մրցումից առաջ, բայց այն աստիճանի չէ, որ նման խնդիրների առջեւ կանգնեմ: Ավելին, ուժերիս վրա վստահ եմ եղել, որ նույնիսկ եթե կարողանամ աշխարհի առաջնությունում անել իմ հնարավորությունների չափով, թեկուզ ոչ լավ, ավելին՝ եթե անգամ վատ, ես միեւնույն է կհավաքեմ օլիմպիական վարկանիշ: Այդքան վստահություն ունեմ ուժերիս վրա: Միայն թե այս գլխապտույտները դադարեն:

Սա ուղղակի ձեռքի վնասվածք չէ, կամ ձեռքի կոշտուկ, որ անգամ ցավով ես դուրս գամ իմ մրցելույթին: Սա գլխապտույտ է, որի առկայության դեպքում ուղղակի չես կարող ոչինչ անել, չի ստացվում, ի վիճակի չես: Բացի այդ՝ վտանգավոր է:

Իսկ եթե չապանքինվեմ, շատ վատ կլինի: Կլինի այն, որ այսքան տարիների իմ մարզիչի, իմ, բոլորիս աշխատանքը ջուրը կընկնի, չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին, երազանքներս կկորեն:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս