18:04  ,  20 սեպտեմբերի, 2015

Հեծանվային սպորտի տոնը Երեւանում հաջողվեց

Շատ ուրախ եմ, որ հեծանվասպորտի այսպիսի տոն է կազմակերպվել Երեւանում եւ նվիրվում է Հայաստանի անկախության տարեդարձին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով ԱԺ նախագահի գավաթի խաղարակության ընացքում պարգեւատրվեց հուշամեդալով՝ հեծանվասպորտում լավագույն արդյունքն ունենալու համար:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացավ «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը՝ ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մրցաշարը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին: Հայաստանի հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարվադյանի փոխանցմամբ մրցաշարին մասնակցել են շուրջ 150 հեծանվորդները:

«Մասնակցում են հեծանվային սպորտի մեծ թվով սիրահարներ, պրոֆեսիոնալ հեծանվորդներ, շուրջ 150 մասնակից. 60-70 տարեկան մասնակիցներ, 12-14 տարեկան պատանիներ, երիտասարդներ եւ նրանց հետ Հայաստանի լավագույն պրոֆեսիոնալ հեծանվորդները: Սա հատուկ մտածված է, որպեսզի սիրողական հեծանվորդները տեսնեն եւ սովորեն պրոֆեսիոնալներից՝ ինչպես ճիշտ վարել հեծանիվ: Այսօր քաղաքում այնքան մարդ է հեծանիվ վարում, մենք նայում ենք, սարսափում ենք, շատ վատ են հեծանիվ վարում: Այս միջոցառումը նպաստում է նաեւ հեծանիվ վարել սովորելուն: Հայաստանում նման միջոցառում, ԱԺ նախագահի գավաթի խաղարկություն առաջին անգամ է անցկացվում: Նախաձեռնությունը Ազգային ժողովինն է եւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայինը: Մրցաշարը նվիրված է Հայաստանի անկախության տարեդարձին»,- մանրամասնեց Մարտին Շարվադյանը:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, աշխարհի չեմպիոն Էդգար Ստեփանյանը թեեւ մրցանակային տեղ չզբաղեցրեց, բայց պարգեւատրումից անմասն չմնաց:

«Շատ ուրախ եմ, որ հեծանվային մարզաձեւի այսպիսի տոն է կազմակերպվել եւ նվիրվում է Հայաստանի անկախության տարեդարձին: Ինձ համար մեծ պատիվ է նույն մրցակցության մեջ գտնվել պատանիների, ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ լինելով պրոֆեսիոնալ մարզիկ: Նաեւ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի անկախությանը նվիրված մրցաերթին: Մրցակցություն կար, բոլորը ցանկանում էին հաղթել եւ տղաներն էլ ամեն ինչ անում էին հաղթելու համար»,- նշեց Էդգարը:

Աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանը երրորդ տեղը գրավեց ԱԺ նախագահի գավաթի մրցաշարում:

«Այս մրցարշավը առաջին հերթին հեծանվասպորտի մեծ պրոպագանդա է, հետո նոր մրցում: Շատ ուրախացա, երբ տեսա՝ այսքան մարդ մասնակցության հայտ է ներկայացրել, եկել հասել հեծանվահրապարակ եւ մեզ հետ անցնում է մրցուղին՝ մասնակից լինելով Հայաստանի անկախության տարեդարձին: Շատ լավ մրցույթ է կազմակերպված, քանի որ աստիճանաբար հեծանիվը դառնում է մեր առօրյայի մի մասը, հեծանվորդները շատանում են քաղաքում, եւ դա շատ ուրախալի է: Լավ է, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, բոլորը համախմբվում են մեկ գաղափարի շուրջ, ճանաչում են միմյանց, հետեւում պրոֆեսիոնալ հեծանվորդներին, սովորում հեծանիվ վարել եւ տարանջատում սիրողական հեծանվային սպորտը պրոֆեսիոնալ հեծանվային սպորտից»,- ասաց Էդգար Ստեփանյանը:

Մրցաշարի մասնակիցներին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը սպասում էին Ազգային Ժողովի բակում, որտեղ անցկացվեց պարգեւատրման արարողությունը, ինչպես նաեւ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Անկախության 24-րդ տարեդարձին եւ հեծանվաարշավի մասնակիցներին:

«Այն հաջողությունները, ինչ մենք ունեցանք այս ամռանը, չեմ կապում ֆեդերացիայի նախագահ դառնալուս հետ: Դա եղել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի, մարզիչների, ֆեդերացիայի աշխատակիցների, հավաքականի գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյոզալյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Իսկ անելիքներ դեռ շատ կան: «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարն առաջին անգամ է անցկացվում: Ամեն ինչ կանենք, որպեսզի մրցաշարը դառնա ամենամյա: Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ 100-ից ավել հեծանվորդներ են մասնակցել մրցարշավին: Կարծում եմ, այս լայն մասնակցությունը կապված էր հայկական հեծանվային սպորտին վերջին հաջողությունների հետ՝ Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա մեկ ամիս անց՝ աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Նման միջոցառումներ մեր երկրում, մեր քաղաքում պետք է շատ լինեն: Հեծանիվը սիրված մարզաձեւ է մեր համաքաղաքացիների շրջանում: Ժողովրդի մեջ էլ արդեն մտել է հեծանիվ վարելու ավանդույթը: Հաճելի է, երբ արդեն հաճախակի եմ տեսնում Երեւանի փողոցներում հեծանվով երթեւեկող մարդկանց:

Սա գեղեցիկ մի միջոցառում է եւ ամեն ինչ պետք է անենք, որ այն դառնա ավանդական: Ես ինքս հեծանիվ վարել շատ եմ սիրում, բայց եթե անկեղծ լինեմ, ինքս այս մարզաձեւի մասնագետը չեմ: Եթե ֆեդերացիաի նախագահը հեծանիվ չվարի, էլ ով պետք է վարի: Ես պետք է օրինակ ծառայեմ համաքաղաքացիների համար»,- մանրամասնեց Արման Սահակյանը:

Հարցին, թե ինչ անելիքներ կան հեծանվային սպորտում հաջողությունների շարքը շարունակական դարձնելու համար, Արման Սահակյանն ասաց.

«Բավական շատ անելիքներ կան: Դեռ շատ քիչ աշխատանք է արվել: Այն հաջողությունները, ինչ մենք ունեցանք այս ամռանը, չեմ կապում իմ՝ ֆեդերացիայի նախագահ դառնալու հետ: Դա եղել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի, մարզիչների, ֆեդերացիայի աշխատակիցների, հավաքականի գլխավոր մարզիչ՝ Արմeն Գյոզալյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ է եղել: Կան անելիքներ: Սա շատ թանկ մարզաձեւ է, ֆինանսների ներդրման, գույքի, հնարավորությունների կարիք կա: Պետք է համախմված ամեն ինչ անենք, որպեսզի մարզաձեւը զարգանա: Այս հաջողությունները, որոնք մենք ունեցանք, մեզ էլ ավելի ուժ եւ հնարավորություններ են տալիս՝ էլ ավելի լավ հանդես գալ, ավելի զարգացնել մեր երկրում հեծանվային սպորտը»,- ասաց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագաhը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով