23:03  ,  19 սեպտեմբերի, 2015

«Անկախ սերունդ, առողջ սերունդ» - «ԱԺ նախագահի գավաթ» հեծանվավազք Երեւանում (ֆոտոշարք)

Ավելի քան 150 հեծանվորդներ սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց. Երեւանում անցկացվեց «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը՝ ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մրցաշարը նվիրված էր Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին: Հաղթող դարձավ նախկին հեծանվորդ, գործող մարզիչ Դավիթ Մկրտչյանը, ով առաջինը հասավ եզրագիծ: Երկրորդը եզրագիծը հատեց Պավել Ստեփանյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանը:

Մրցաշարն անցկացվեց երկու փուլով՝ հեծանվավազք եւ ԱԺ նախագահի գավաթի խաղարկություն: Հեծանվավազքը մեկնարկեց Իսակովի պողոտայից՝ հեծանվահրապարակից, ապա երթուղին շարունակվեց մինչեւ Կիեւյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ:

Այստեղից մեկնարկեց ԱԺ նախագահի գավաթի խաղարկությունը, որի մրցուղին Բաղրամյան պողոտայի սկզբից մինչեւ Ազգային ժողովի բակն էր:

«Էյֆորիա էր նման մրցմանը մասնակցելն ու հաղթելը, Ազգային ժողովի նախագահի գավաթին տիրանալը: Կցանկանամ, որ այս միջոցառումը ամենամյա դառնա եւ ինձ նման շատերը ամեն տարի փորձեն իրենց ուժերը հեծանվասպորտում՝ քարոզելով այս մարզաձեւը: Շատ հաճելի անցավ երթուղին, հաճելի էր այսքան շատ հեծանվորդների հետ անցնել ամբողջ քաղաքով: Չէի սպասում, որ ինձ կհաջողվի երկրորդ փուլում հաղթել: Ուրախ եմ, որ նման միջոցառում անցկացվեց մեր քաղաքում եւ հեծանվային սպորտի բոլոր սիրահարները մեկ գաղափարի շուրջ համախմբվեցին՝ այսպես տոնելով Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը»,- NEWS.am Sport-ի թղակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի գավաթակիր Դավիթ Մկրտչյանը:

Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, դիմպլոմներով եւ դրամական պարգեւներով: Պարգեւատրվեցին նաեւ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը՝ հեծանվային սպորտում լավագույն արդյունք ունենալու համար, ինչպես նաեւ հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը լավագույն մարզչական աշխատանքի համար:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում