21:41  ,  11 սեպտեմբերի, 2015

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մեծ ցնծությամբ դիմավորեցին «Զվարթնոցում» (ֆոտոշարք)

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին Լաս Վեգասից վերադարձան Հայաստան:

Ամեն տարվա սեպտեմբերը կարծես ավանդույթ է դարձել «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով ըմբշամարտի աշխարհի չեմպիոն դիմավորելը: Նախորդ տարի սեպտեմբերի 15-ին էր, երբ Արթուր Ալեքսանյանն ու Արթուր Ջուլֆալակյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսով վերադարձան հայրենիք: Այս տարի մարզաշխարհի համար տոնական օրը սեպտեմբերի 11-ն է. ըմբշամարտի Հայաստանի թիմը Լաս Վեգասից վերադարձավ հայրենիք՝ հաղթանակած՝մեկ  ոսկե մեդալով, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ:

«Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ազատ տեղ չկար: Աշխարհի կրկնակի չեմպիոնին դիմավորելու էր եկել գրեթե ամբողջ Գյումրին, Արթուր Ալեքսանյանի ընտանիքը, հարազատները, ընկերները, մարզաշխարհի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի թիմի վայրեջքից 2 ժամ առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր: Երկրպագուները  դրոշներով, ծաղկեփնջերով, դհոլ-զուռնայով, Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական նկարը պատկերող շապիկներով եւ սպասում էին իրենց չեմպիոնին:

Դիմավորողներից ամենահուզվածն ու անհամբերությամբ սպասողը Արթուրի մայրն էր՝ տիկին Շողիկը, ով հուզմունքից չկարողացավ արտահայտել զգացողությունները որդու հաղթանակի հետ կապված: Նրա խոսքով, հույս ունի, որ մեկ տարի անց նույն վայրում նույնքան հուզվածությամբ ու ոգեւորությամբ կսպասի օլիմպիական չեմպիոն որդու վերադարձին:

Արթուր Ալեքսանյանը օդանավակայանից անմիջապես ուղեւորվեց Գյումրի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 8 ըմբիշներից մեդալ նվաճեց միայն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: Առնվազն արծաթե մեդալակիր պետք է դառնար նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը կիսաեզրափակիչումմրցավարական խայտառակ կողմնակալության պատճառով պարտվեց կորեացի ըմբիշին:

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում Լաս Վեգասում հանդես եկան նաեւ Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանն ապահովել են 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Շուշանիկ Հակոբյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում