20:04  ,  9 սեպտեմբերի, 2015

Գեւորգ Ալեքսանյանը՝ Լաս Վեգասից. Աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ (ֆոտո)

Երջանիկ եմ, որ Արթուր Ալեքսանյանի հայրն եմ, երջանիկ եմ, որ նա պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից փոքր-ինչ հուզված այսպես պատասխանեց շնորհավորանքին:

Գեւորգ Ալեքսանյանը երկար տարիներ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն է: Յուրաքանաչյուր մարզումային օր, ուսումնամարզական հավաքներին, մրցաշարերին Գեւորգ Ալեքսանյանը մշտապես Արթուրի կողքին է՝ մրցագորգի վրա որպես խիստ, պահանջկոտ մարզիչ, իսկ մրցագորգից դուրս՝ սիրող հայր:

Պարոն Ալեքսանյան NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեզ, Արթուր Ալեքսանյանի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ: Հավատո՞ւմ էիք, որ Արթուրը կկրկնի նախորդ տարվա հաղթանակը:

Երջանիկ եմ, որ Արթուրին հաջողվեց երկրորդ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն, այդ հաղթանակը պարգեւել մեր երկրին: Ինչ կարող է զգալ չեմպիոնի հայրը, երբ մի ամբողջ երկրի պատիվ իր զավակը բարձր է պահում, ամբողջ աշխարհին ապացուցում, որ հայերն ամենաուժեղն են:

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը բարդ էին, բայց նա կարողացավ հաղթահարել: Իրականում շատ բարդ առաջնություն է ընթանում: Այս աշխարհի առաջնությունը յուրահատուկ է իր լարվածությամբ, բարդությամբ, պայքարով եւ այդ ամենով նաեւ հետաքրքիր է: Քանի որ օլիմպիական վարկանիշային է, օլիմպիական ուղեգրեր են վիճարկվում, բոլոր երկրները ձգտում են օլիմպիական ուղեգիր նվաճել, հենց մեկնարկային գոտեմարտերից սկսվում է լարված պայքար: Մարզիկը կարող է շատ ուժեղ լինել, գերազանց մարզավիճակ ունենալ, բարձր տիտղոսներ, նվաճումներ ունենալ, բայց մտնի աշխարհի առաջնության մրցագորգ եւ ոչինչ չստացվի: Նման օրինակների մենք շատ հանդիպեցինք այս օրերին:

Այս աշխարհի առաջնությունը յուրահատուկ է՝ այնքան բարձր է լարվածությունը, որ կարող է բարձր մակարդակի մարզիկը, լարվածությունից, հոգեբանական ընկճվածությունից հեռանա  նույնիսկ առանց օլիմպիական վարկանիշի:

Այս առումով ես հպարտանալու եւ ուրախանալու եւս մեկ առիթ ունեմ, որ Արթուր Ալեքսանյանն այս անգամ կարողացավ հաղթահարել այս բոլոր խոչընդոտները, բարդությունները, եւ որպես աշխարհի չեմպիոն ոտք դրեց մրցագորգ ու որպես աշխարհի չեմպիոն էլ լքեց մրցագորգը՝ բարձրացնելով մեր դրոշը, հնչեցնելով մեր հիմնը: Սա իսկապես մեծ հաջողություն է, մեծ հաղթանակ, սա մեր երկրի, մեր ազգի հաղթանակն է, որ ամբողջ աշխարհը տեսնի՝ հայից ուժեղը չկա:

Նախապես ոչնչի վրա վստահ չէի, բայց հավատս միշտ էլ եղել է: Ես Արթուրին հավատում եմ յուրաքանչյուր հարցում: Բայց երբեք նախքան արդյունքի հայտնի լինելը վստահ չեմ եղել, որ Արթուրը դառնալու է չեմպիոն: Այդ վստահությունն այնքան ժամանակ ինձ մոտ չի գալիս, մինչեւ վերջին եզրափակիչ գոտեմարտի վերջին սուլոցը չեմ լսում: Մինչեւ այդ երբեք կանխավ գուշակություններ, այն էլ բարձրաձայն չեմ անում: Գուցե շատ հավատում եմ, բայց դա ինձ թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլանալ, մարզումների տեմպը թուլացնել: Նախապես չեմ ուրախանում, մինչեւ վերջին վայրկյանը, վերջին սուլոցը չեմ լսում, չեմ ուրախանում, որովհետեւ վախի զգացումը ինձ չի լքում մինչեւ վերջին գոտեմարտի, չեմպիոնական գոտեմարտի վերջին րոպեն:

Որպես Արթուր Ալեքղանյանի անձնական մարզիչ, ինչպե՞ս կգնահատեք Արթուրի գոտեմարտերը:

Արթուրի գոտեմարտերի ընթացքում շատ լարված էի, վախի զգացում ունեի, քանի որ Արթուրը չեմպիոն է եւ ավելի բարդ էր այս անգամ պաշտպանել այդ չեմպիոնությունը: Արթուրը գերազանց գոտեմարտեր անցկացրեց, գրագետ, գեղեցիկ, իհարկե վերջում արդեն որոշակի հոգնածություն զգացվում էր, բայց ամեն ինչ այնպես էր, ինչպես ես, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ցանկանում էինք, որ լիներ: Ինձ մասնագիտորեն շատ դուր եկավ Արթուր Ալեքսանյանի վերջին չեմպիոնական գոտեմարտը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիի հետ, ում Արթուրը պարտության էր մատնել նաեւ աշխարհի նախորդ առաջնությունում: Այս գոտեմարտում Արթուրն ամեն ինչ արեց, շատ սահուն, կարծես՝ մեկ շնչով, շատ վստահ, իսկական հերոսի պես գոտեմարտ վարեց: Ուղղակի բավականություն ստացա ամբողջ գոտեմարտից:

Ինձ այս առաջնությունում ուրախացրեցին Արթուրի խոշոր հաշիվներով հաղթանակները՝ ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ 8:0 հաշիվ, նորվեգացի Մարտին Նիլսեն՝ 4:0, ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին 10:1, ռումինացի Ալեքսուս Չիուրարիու՝  9:0: Հետաքրքիրն այն է, որ Արթուրը աշխարհի առաջնությունում անցկացրած 5 գոտեմարտերում ընդամենը մեկ միավոր տվեց մրցակիցներին, մնացած բոլոր միավորներն իրենն էին:

Իսկ որպես հայր ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին Ձեր որդին էր:

Որպես հայր չեմ կարող նկարագրել, թե ինչ զգաղոցություններ են ինձ պատել: Անբացատրելի զգացողություն է, երբ տեսնում ես եւ հասկանում, որ աշխարհի ամենաուժեղ տղան քո որդին է, աշխարհի չեմպիոնն է, քո տղան է կանգնած պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, քո որդու շնորհիվ է, որ հեռավոր Ամերիկայում ի ցույց ամբողջ աշխարհի բարձրացվում է Հայաստանի դրոշը, հնչում է Հայաստանի հիմնը:

Ճիշտ է, սա կյանքիս մեջ երկրորդ անգամն էր, որ աշխարհի չեմպիոնի հայրն եմ եւ որպես հայր եմ ուրախանում որդուս հաջողություններով, բայց այս անգամ զգացողությունները շատ ուրիշ էին, տարբեր, առաջինին չնմանվող: Դրանք իմ կյանքի երջանկության պահերն են, որոնք ես կպահեմ ինձ հետ: Ես անչափ երջանիկ եմ, ամենաերջանիկ հայրն եմ աշխարհում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս