22:42  +04,  8 սեպտեմբերի, 2015

Սամվել Գեւորգյանը՝ Լաս Վեգասից. Միհրան Հարությունյանից գողացան մեդալը, մրցավարները որակազրկվել են

Միհրան Հարությունյանի գոտեմարտերը սպասարկած հինգ մրցավարներ եւ ժյուրիի մեկ անդամ որակազրկվել են կողմնակալ մրցավարության համար, իսկ ինձ տրված դեղին քարտի համար ներողություն են հայտնելու: Ճիշտ է, սա Միհրանի մեդալը հետ չի բերի, բայց հույս կտա, որ մեր մյուս ըմբիշների գոտեմարտերը դատելիս գոնե զգույշ կլինեն: Բոլորը միաբերան ասում են՝ Միհրան Հարությունյանն աշխարհի չեմպիոն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը՝ մեկնաբանելով 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի մեդալի համար պայքարի գոտեմարտերում մրցավարների անարդար գործողությունները:

Պարոն Գեւորգյան, Միհրան Հարությունյանի նկատմամբ կար բացահայտ մրցավարական կողմնապահություն: Ի՞նչն էր պատճառը:

Միհրան Հարությունյանը շատ լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Նա խոշոր հաշիվներով եւ գրագետ, դիտարժան գոտեմարտերով հասավ միչեւ կիսաեզրափակիչ, որտեղից էլ սկսվեց բացահայտ կողմնակալ մրցավարությունը: Կիսաեզրափակիչում Միհրանի մրցակիցը կորեացի Հանսու Ռյուն էր, ով իսկապես հզոր ըմբիշ է այս քաշային կարգում: Ուժեղագույներից մեկն է: Սակայն դա չի նշանակում, որ Միհրանը պարտվեց, որովհետեւ թույլ էր կորեացուց: Միհրանը 4:0 հաշվով հաղթում էր կորեացուն, երբ երկու նկատողություն ստացավ՝ երկու միավոր տալով մրցակցին: Պատճառաբանեցին, իբր՝ Միհրանը գլխով է հարվածում, բայց նման բան չկար: Երկու անգամ նույն նկատողությունն արեցին, այն դեպքում, երբ ուղղակի նման բան չէր եղել: Կարող էին զգուշացնել, նոր միավոր կորզել: Գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով:

Դուք բողոքարկեցիք բրոնզե մեդալի համար գոտեմարտի ընթացքում: Ինչո՞ւ բողոքարկումը արդյունք չտվեց:

Միհրանին խայտառակ ձեւով դուրս թողեցին եզրափակիչից: Ես այդ ժամանակ չբողոքարկեցի, քանի որ դա բողոքարկման ենթակա չէր: Կարող էի ավելի վնասել իմ բողոքարկմամբ, այսինքն՝ կարող ես բողոքարկել ու մնա քո վրա:

Բրոնզե մեդալի համար պայքարը ռուս Արտյոմ Սուրկովի հետ ավարտվեց 2:6 հաշվով, պարտությունը գրանցվելով Միհրան Հարությունյանին: Այս գոտեմարտում  չկարողացա զսպել էմոցիաներս, նման անարդարություն ուղղակի չկարողացա հանդուրժել եւ բողոքարկեցի, ինչի համար ստացա դեղին քարտ անհանդուրժողականության համար: Բայց դե հասկանալի է, որ մրցավարների գործողություններն անարդար էին: Նրանք Միհրանին նկատողություն տվեցին գոտեմարտի ավարտից 11 վայրկյան առաջ: Իսկ իրենք ուղղակի իրավունք չունեն նկատողություն տալ գոտեմարտի վերջին 11 վայրկյանում. առնվազն 30 վայրկյան ժամանակ պետք է մնացած լինի, որ նկատողություն տալու իրավունք ունենան: Բայց մնացել էր 11 վայրկյան եւ գողացան Միհրանից բրոնզե մեդալը: Միհրանն այսօր կարող էր աշխարհի չեմպիոն դառնալ:

Ինչպե՞ս է իրեն զգում Միհրան Հարությունյանը եւ ինչպե՞ս կարելի է զերծ մնալ մրցավարական կողմնապահությունից, որին հայ մարզիկները պարբերապար հանդիպում են:

Միհրանն իրեն շատ վատ է զգում, նույնիսկ մենք մեր տեղը չենք կարողանում գտնել այս կատարվածից հետո, երբ արդար պայքար ես մղում, բացարձակ առավելություն ունես, ու կեղտոտ ձեւով մեդալը քեզանից գողանում են: Բոլորս շատ վատ ենք զգում, քանի չենք կարողանում մեզ պաշտպանել, չգիտենք ինչպես մեզ այստեղ պաշտպանենք: Այստեղ մրցավարները ինչ ուզում անում են: Բայց հենց նոր, մրցումների երկրորդ օրը, մարզադահլիճում մեզ հայտնեցին, որ մրցումային առաջին օրվա C գորգի, որտեղ գոտեմարտում էր Միհրան Հարությունյանը եւ անձամբ Միհրան Հարությունյանին դատած մրցավարները, թվով 5 մրցավար եւ ժուրիի մեկ անդամ այսօր որակազրկվել են՝ անարդար մրցավարության համար: Իսկ ինձ պաշտոնապես ներողություն են հայտնելու անհանդուրժողականության համար դեղին քարտ տալու համար: Ճիշտ է, սա Միհրանի մեդալը հետ չի բերի, բայց հույս կտա, որ մեր մյուս ըմբիշներին հանդեպ այսուհետեւ գոնե զգույշ կլինեն: Բոլորը միաբերան ասում են՝ Միհրան Հարությունյանը աշխարհի չեմպիոն էր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով